Ինչ խնդիր են լուծում շրջակա միջավայրի մասին տեղեկության տրամադրման մերժմամբ. նախարարի պարզաբանումները. Տեսանյութ․ Factor.am

Factor.am-ը զրուցել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ․

-Պարո՛ն նախարար «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում լրացումը և կառավարության որոշումը՝ Ազգային ժողով ուղարկելու մասին, քննադատության է արժանացել քաղհասարակության, լրագրողական համայնքի կողմից։ Ըստ նախագծի՝ շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել, եթե այն կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա։ Ինչո՞ւ գնացիք նման սահմանափակման, ո՞րն էր անհրաժեշտությունը։

-Նախագիծն սկսել է շրջանառվել 2018 թվականից և բխում է Օրհուսի կոնվենցիայից։ Կառավարության որոշման մեջ խնդիրների մասին նշվել է։ Ավելի պարզ ասեմ, թե սա ինչ խնդիր պետք է լուծի, որը նաև Օրհուսի կոնվենցիայի պահանջ է։ Այսօրվա ՀՀ օրենսդրությամբ, եթե որևէ բարի կամեցող քաղաքացի հարցում ուղարկի նախարարություն և ուզենա, օրինակ, իմանալ բեզոարյան այծերի ամենաշատ տեղակայման վայրերը կամ կովկասյան ընձառյուծի կոնկրետ ապրելավայրերը և այլն, այդ տեղեկատվությունը մենք պետք է տրամադրենք։ Օրենքի փոփոխության իմաստն այն է, որ կենդանական, բուսական աշխարհին հնարավոր վնաս պատճառելու դեպքում հնարավոր լինի այդ տեղեկատվությունը չտալ։ Կառավարությունը հավանություն է տվել այս օրենքի նախագիծն Ազգային ժողով ուղարկելուն, և մենք ամբողջովին բաց ենք  քննարկելու, նախագիծն էլ 6 ամիս դրված է eDraft.am-ում, և եթե լինեն առաջարկներ, դրանք կարող ենք քննարկել։ Մեր խնդիրը կոնկրետ բնապահպանական է, որը պետք է կարողանանք լուծել։

-Մենք հիմա կգանք Օրհուսի կոնվենցիային, բայց մինչ այդ, մեկ այլ քննադատություն, դա այն է, այս նախագիծը մշակվել է առանց քաղհասարակության ներկայացուցիչների կարծիքը լսելու, որ մինչ օրս պատշաճ հանրային քննարկում չի կազմակերպվել։ Դուք փորձե՞լ եք լսել այլ կարծիքներ և դրանք հաշվի առնվե՞լ են։

-Արդեն նշեցի, որ նախագիծն արդեն երկու տարի քննարկվել է ու շրջանառվել է, լսումներ են եղել նախարարությունում, eDraft.am հարթակում է դրված եղել, ավելին՝ 2019 թվականի դեկտեմբերին կրկին ամբողջ այս խոսակցությունը բարձրաձայնվեց, որ օրենքի մեջ փոփոխություն ենք անում, բայց տեղյակ չեն, կրկին քննարկումներ եղան, կրկին քննարկվել է։ Եվ ֆորմատը, որպես այդպիսին, չգիտեմ թե ինչ պետք է անենք, որ ինչ-որ ձևով խնդիր չտեսնեն մեր գործընկերները։ Նախագիծը դրված էր, քննարկվել է, eDraft.am հարթակում մինչև հիմա ընդամենը մեկ կազմակերպության ներկայացրած կարծիք կա։

Այս նախագծի վերաբերյալ հարցումներ ստացել ենք, որոնք եղել են մոտավորապես այս բնույթի՝ ի՞նչ փորձագետներ են աշխատել, ինչ ծրագիր է եղել, դրամաշնորհը ով է ստացել, դրամաշնորհային ինչ գումարներ են եղել։ Բովանդակային հարցը առավել քան պարզ է՝ մենք պատասխանատու ենք շրջակա միջավայրի պահպանության համար, մենք փորձում ենք շրջակա միջավայրի պահպանության համար ՀՀ-ի՝ միջազգային պարտավորությունների ստանձնած շրջանակներում աշխատել։ Օրհուսի կոնվենցիայում գրված է այն, ինչ մենք ներկայացրել ենք նախագծում։

-Այս նախագիծը, ասում են քննադատները, հակասում է Օրհուսի կոնվենցիային։ Նախագծի հիմնավորման մեջ հղում է կատարվում Կոնվենցիային, բայց մեջբերված է սխալ թարգմանությամբ և ընտրողաբար։ Քաղհասարակությունից ասում են, որ Կոնվենցիայում խոսվում է բացառապես այն տեղեկատվության հնարավոր սահմանափակման մասին, որը վերաբերում է հազվագյուտ տեսակների բազմացման վայրերին։ Մինչդեռ, նախագծի ձևակերպմամբ ստացվում է, որ շրջակա միջավայրին առնչվող ցանկացած տեղեկատվություն կարող է սահմանափակվել։ Ինչպե՞ս սա հասկանալ։

-eDraft.am հարթակում դրված նախնական տարբերակում ձևակերպված է՝ կարող է տեղեկատվության տրամադրումը սահմանափակվել, եթե վերաբերում է կենդանական, բուսական աշխարհի հազվագյուտ տեսակների բազմացման վայրերին, հիմա ասում են, թե դա Օրհուսի կոնվենցիայից չի բխում։ Բայց այն կետը, որ դրված է, ուղիղ Օրհուսի կոնվենցիայից է, որը Հայաստանը ստորագրել է և ՀՀ-ի օրենսդրության մասն է կազմում երկար տարիներ, և այդ կետից բառացի, ուղիղ տեղայնացումն է տրված։ Մեր խնդիրն այն է, որ հնարավորություն ունենանք չտրամադրել այն տեղեկատվությունը, որը կարող է վտանգել։ Եթե որևէ այլ ձևակերպում կա, որ կարող է որևէ մեկը մեր գործընկերներից  առաջարկել,  որը չի հակասի ներպետական օրենսդրությանը և  հնարավորություն կտա, որպեսզի մենք այդ հարցը լուծենք․․․

Նախագիծը պետք է գնա ազգային ժողով, քննարկումներ և ընթերցումներ պետք է լինեն, պատրաստ ենք լսել կարծիքները, առաջարկները։ Բովանդակային քննարկում որևէ մեկը ձեր նշած քաղհասարակության ներկայացուցիչներից չեն անում մեզ հետ։ Իրենք ասում են՝ ինչքան փող եք ստացել, որ ծրագրի շրջանակներում և այլն։ Մեր խնդիրն առավել քան պարզ է՝ կենդանական ու բուսական աշխարհին վտանգ չսպառնա։

-Մյուս մտահոգությունն այն է, որ այս նախագծով լայն մեկնաբանության տեղ է թողնվում և այն օրենքը, որ կհամարվի շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող, կարող է սահմանափակվել կամայական ձևով՝ ընտրողաբար, մի պաշտոնյա կարող է իր ցանկացած դեպքերում չտրամադրել տեղեկատվությունը։ Այսինքն՝ գնահատման չափանիշները հստակ չէ։ Ի՞նչ կասեք։

-eDraft.am հարթակում դրված նախնական տարբերակում ձևակերպումն այսպես է՝ տեղեկատվության տնօրինողը կարող է մերժել բնապահպանական տեղեկատվության տրամադրումը, եթե այն վերաբերում է բուսական և կենդանական աշխարհի հազվագյուտ տեսակների բազմացման վայրերին։

Ակնհայտ է, չէ՞, պարզ ու հասկանալի է, կարծում եմ՝ այստեղ տարընթերցման որևէ տեղիք չկա, սակայն քանի որ այս ամբողջ աղմուկը և խոսակցությունները կան, թե ինչու Օրհուսի կոնվենցիային համապատասխան չէ և այլն, անգլերենին տիրապետողը կարող է այդ տարբերակը նայել կոնվենցիայի, որպեսզի թարգմանության վրա հիմնվելու հարցերը էլի չառաջանան։ Ամենակարևոր բանը, որ ես պարտավոր եմ նշել՝ կառավարությունը հավանություն է տվել այս որոշմանը, որ ուղարկենք Ազգային ժողով։

ՀՀ-ում որևէ սուբյեկտ՝ անձ, լրատվամիջոց, եթե կարծում է, որ լիազոր մարմինը իր գործառույթները վերազանցել է, ապա և վերադասության կարգով բողոքարկելու տարբերակ կա, և դատական կարգով կա։ Ինչո՞ւ ենք մենք գրել շրջակա միջավայրի ու կոնկրետացնում ենք բուսական և կենդանական աշխարհի հազվագյուտ տեսակներին է վերաբերվում, որպեսզի վաղը հարցում կլինի որևէ գործարանի արտանետումների մասով, և նախարարությունը կփորձի ձևակերպել, որ սա չի կարող տրամադրել, ապա դիմողը իրավունք ունենա նույն նախարարությանը ասել՝ դու իրավունք չունես այդ տեղեկատվությունը չտալ։

Մի կարևոր բան եմ ուզում ասել՝ մեր նպատակը և խնդիրը հետևյան է՝ այսօրվա մեր օրենսդրական շրջանակը խոցելի է դարձնում բուսական և կենդանական աշխարհի վերաբերյալ տեղեկատվությունը ոչ բարին կամեցող անձանց և որոշ շրջանակների առաջ։

Մենք փորձել ենք նախագծով տալ լուծում, եթե կա ավելի լավ ձևակերպում, շարահյուսություն, մեկնաբանություն, հաջորդ փուլերում ԱԺ-ում կարող է այդ ամենը քննարկվել։ Եթե կլինի որևէ տարբերակ, որը չի հակասի ներպետական օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին, մենք այդ ամենին ընթացք կտանք։

-Եվ քաղհասարակությունից կասկածներ են հնչում՝ կորոնավիրուսի այս դժվար օրերին, ի՞նչ մի կարևորության հարց էր, որ չզեկուցվող հարցերի շարքում մտցրել եք կառավարության օրակարգ։ Եվ այսպիսի կարծիք՝ խառը իրավիճակում նախարարությունը փորձում է իր հարցերը կարգավորել։

-Իր հարցը ո՞րն է այսինքն, ինչ որ մեկին թվում է, թե նախարարությունը փորձում է ինչ-որ տեղեկություն չտարամդրի որ ի՞նչ անի, այսինքն՝ ինչ-որ մեկը դիմի ասի՝ էստեղ ապօրինի ծառահատում կա, ջրի աղտոտում, մենք այդ ինֆրոմացիան չտանք, որ ի՞նչ անենք։ Ես ուղղակի չեմ կարողանում հասկանալ։ Չզեկուցվող են լինում այն հարցերը, որոնք որ ընդհանուր առմամբ քննարկված են լինում և զեկուցվող են այն հարցերը, որոնք առնչվում են կորոնավիրուսի հարցերին, որ հասարակությանը տեղեկատվություն տրվի կառավարության կողմից իրականացվող գործողությունների վերաբերալ։

Էական չէ զեկուցվող – չզեկուցվող լինելու հանգամանքը։  Իսկ թե ինչո՞ւ է այս պահին նախագիծը շրջանառվում, պետք է նշեմ՝ eDraft.am հարթակում մեր նախարարությունից կան բազմաթիվ այլ նախագծեր ևս, որովհետև մենք պետք է աշխատենք։