«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը
– Տիկի՛ն Վարդանյան, ձեր խմբակցության հրավիրած ԱԺ լսումներին՝ Հայաստանում քաղբանտարկյալների թեմայով, որը կայանալու է վաղը, ՀՀ գլխավոր դատախազը չի մասնակցելու, այդ մասին կառույցից տեղեկացրել են «Ազատությանը»: Պատճառաբանել են, թե Աննա Վարդապետյանը խիստ զբաղված է: Ինչպե՞ս եք վերաբերվում տիկին Վարդապետյանի որոշմանը:
– Շատ սպասելի էր նրա որոշումը, բնական է, ՔՊ-ի հրավիրած լսումները չեն, որ գլխավոր դատախազը թողնի իր գործերն ու գա զեկուցի ամեն բան՝ չգիտակցելով իր դերն ու նշանակությունը։ Ես զարմացած չեմ, գլխավոր դատախազը շարունակում է մնալ իր կերպարին հավատարիմ՝ չկատարելով իր պաշտոնից բխող պարտականությունները: Զարմանալի կլիներ, եթե գլխավոր դատախազը գար ու պատասխաներ պատգամավորների հարցերին, լսեր հիմնավորումներն ու աներ հետևություն:
– Կարծում եք, որ չգալու միակ պատճառն այն է, որ ընդդիմությո՞ւնն է հրավիրել այդ լսումները:
– Համոզված եմ, համեմատության համար տեսեք, թե ՔՊ խմբակցության հրավիրած որևէ լսման նման պատճառաբանությամբ մերժում արե՞լ է, թե՞ չէ, ՔՊ մյուս լսումներին անգամ եկել է ու որևէ դերակատարություն չի ունեցել, պարզապես ապահովել է իր ներկայությունը դահլիճում: Եթե գլխավոր դատախազը երկաթյա հիմնավորումներ ունենար ու սահմանափակված չլիներ ՔՊ կապանքներով, որևէ լսումների մասնակցելու ու այդ փաստարկները ներկայացնելու խնդիր չէր ունենա։
– Իշխանությունը պնդում է, թե Հայաստանում չկան քաղբանտարկյալներ, նաև նշում են, որ միջազգային կառույցները այդ մասին որևէ արձանագրում չեն արել, որ դատական մարմինները անկախ են:
– Այո՛, այդ անկախության մասին վկայում են գլխավոր դատախազի զեկուցումները Նիկոլ Փաշինյանին Կառավարության նիստերի ժամանակ, վկայում են համացանցում տարածված ձայնագրությունները: Եթե անկախ դատական համակարգի նրանց պատկերացումը սա է, ապա սարսափելի է, թե ինչպիսի՛ն է պատկերացումը կախյալ համակարգի վերաբերյալ:
– Տիկի՛ն Վարդանյան, այսինքն՝ շարունակո՞ւմ եք պնդել, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ:
– Ընդդիմությունը չի շարունակում պնդել, ընդդիմությունը շարունակում է փաստերով ցույց տալ, որ կան այդ քաղբանտարկյալները, ու դա անում է նույն միջազգային կառույցների մշակած չափանիշների հիման վրա: Եթե իշխանությունն արդարանում է նրանով, որ եվրոպական կառույցները չեն արձագանքում, ուրեմն չկա նման բան, ապա ասեմ, որ նրանք երբևէ չեն արձագանքել, ուրեմն Հայաստանում երբևէ չե՞ն եղել մարդու իրավունքների խախտումներ կամ քաղաքական նպատակներից ելնելով բանտարկություններ: Մենք ասում ենք, որ ոչ միայն եղել են, այլ նաև հիմա շատացել են:
Պարզ օրինակ, որ Հայաստանում երբեք իշխանությանը քննադատելու կամ Կաթողիկոսից վրեժ լուծելու համար երեք սրբազան կալանավորված չի եղել, եթե կան նման նախադեպեր, թող ցույց տան: Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը շատ սուր քննադատության է ենթարկել Հայաստանի բոլոր իշխանություններին, կալանավորվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, թող հանրությունը դատի՝ կա՞ քաղաքական հետապնդում, թե՞ ոչ: Ինչպե՞ս է ստացվում, որ ընտրված ցանկացած ընդդիմադիր համայնքապետ որևէ կերպ հետապնդվում է: Իշխանությունը կարող է ինչ պնդում ասես անել, բայց հանրության արձագանքը ցույց է տալիս, որ գնալով ավելի քիչ մարդիկ են հավատում, որ կատարվողը արդար դատական գործընթաց է:
– Իշխանությունն, ըստ Ձեզ, ինչ նպատակ է հետապնդում նման ձերբակալություններով, ճնշումներով և կիրառվող խափանման միջոցներով։
– Նպատակը նախ՝ վախի տարածումն է, որ մարդկանց հասկացնեն, թե քաղաքական միտք արտահայտելուց, քաղաքական գործընթացից պետք է հեռու մնալ, բայց վստահ եմ, որ սա երկսայր սուր է, ու մի կողմից այն որոշ ժամանակ կարող է ազդել հանրության վրա, նպաստել վախի մթնոլորտի ուժեղացմանը, բայց մյուս կողմից՝ անխուսափելիորեն ազդելու է իշխանության վարկանիշի, հեղինակության վրա ու քաղաքացիների համբերության բաժակը լցնելու վրա:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















