Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակի հետ

Հոկտեմբերի 8-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Ժոզե Ավելինու Բետտենկուրի հետ։ Զրուցակիցիներն անդրադարձել են Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև պատմական կապերի և քրիստոնեական ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերություններին։

Երկուստեք ընդգծվել է ՀՀ-ում ռեզիդենտ Առաքելական նվիրակության հիմնման կարևորությունը՝ նշելով, որ այն կնպաստի հայ-վատիկանյան միջպետական հարաբերությունների և բազմադարյա փոխգործակցության առավել խորացմանը։Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների շուրջ։

Այդ համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հրատապությունը։

ՀՀ ԱԳ նախարարը նաև հավելել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի ուղերձները, ինչպես նաև ռազմագերիների անհապաղ ազատ արձակման կոչերը շատ բարձր են գնահատվում Հայաստանի կողմից: