Ստեփանակերտում տեղի կունենա Շառլ Ազնավուրի կիսանդրու բացման արարողությունը

ԱՀ պետական բյուջեի միջոցներով Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տարածքում գտնվող հայ-ֆրանսիական բարեկամության պուրակում մայիսի 22-ին՝ ժամը 10:00-ին, տեղի կունենա ֆրանսահայ նշանավոր երգչի, շանսոնյեի, երգահանի, բանաստեղծի, գրողի, կինոդերասանի և հասարակական գործչի կիսանդրու բացման արարողությունը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցառումների կազմակերպման և կապերի բաժնի պետ Արուս Գասպարյանը:

Նրա խոսքով՝ կիսանդրու բացման օրը կլրանա Շառլ Ազնավուրի ծննդյան 97֊ամյակը:

«Քանի որ մինչ այժմ չկար Շառլ Ազնավուրի կիսանդրին, այդ իսկ պատճառով նախաձեռնել ենք, հենց նրա ծննդյան օրը յուրահատուկ իրողություն դարձնել: Քանդակի հեղինակը արցախցի արվեստագետ Յուրի Հովհաննիսյանն է:

Շառլ Ազնավուրը հայ ժողովրդի հպարտությունն է, ով տարիներ շարունակ օգնել ու աջակցել է իր ազգին»,- ավելացրել է Ա. Գասպարյանը: