«Чао СССР». Խորհրդային ժամանակների թանկ հիշողությունները` Հայկ Բիանջյանի լուսանկարների աշխարհում

«Чао СССР». Խորհրդային ժամանակների թանկ հիշողությունները` Հայկ Բիանջյանի լուսանկարների աշխարհում
«Чао СССР». Խորհրդային ժամանակների թանկ հիշողությունները` Հայկ Բիանջյանի լուսանկարների աշխարհում

Խորհրդային ժամանակաշրջանի հին մեքենաներ, գունաթափ ատրակցիոններ, մաշված մսաղացներ, ցուցանակներ, լքված ու ժանգոտած գնացքի վագոններ, հին կիսաքանդ գործարաններ, փոքր ու քաղցր հիշողություններ, որոնք կադր առ կադր հիշողության պես հավերժացել է ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանը` «Чао СССР» անունը կրող ֆոտոպատմության մեջ:
Ստեղծվելով ու ամբողջանալով 4 տարվա ընթացքում, «Чао СССР»-ը պատմության ակնթարթների պես արտացոլում է 70 տարվա պատմություն ունեցող երբեմնի հսկա կայսրության` ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանի կոլորիտը, որը տարեցտարի ջնջվում եւ անհետանում է մեր երկրում:

«Իմ սերնդի ներկայացուցիչների համար սա հիշողության նման բան է: Մեր մանկությունն է, որ անցել ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում եվ շատ ցավալի է, որ այդ ամենը ոչ թե պահպանվում, այլ ոչնչացվում է: Մենք ունեցել ենք հզոր գործարաններ, ուրախ ատրակցիոններ, կինոթատրոններ, որոնք կորցրել են իրենց ֆունկցիոնալ արժեքը: Այդ ամենը պատմության մասնիկներն են, որոնք չի կարելի քանդել»,- «Մեդիալաբին» ասում է Բիանջյանը:

Նման ֆոտոաշարք ստեղծելու գաղափարը լուսանկարչի մոտ ի հայտ է եկել մի քանի տարի առաջ, երբ Նոյեմբերյան ացելության ժամանակ հին մետաղական կտորի վրա տեսել է «Чао СССР» մակագրությունը:

«Ու այդ ժամանակ միտք առաջացավ նման նախագիծ անելու ու հենց առաջին դա նկարեցի»,-պատմում է եւս մեկ զգայական եւ հուզիչ շարքի հեղինակը:

(Տես նաեւ Հայկ Բիանջյանի` Երեւանի ջնջվող ազդեցիկ ու տխուր պատմությունը):

Գունաթափված, անպետքության մատնված իրերի, կենդանության շունչը կորցրած կիսաքանդ շինությունների, անուշադրության զոհը դարձած այգիների կառուսելների ու հուշարձանների ողջ սովետական կոլորիտը՝ արտահայտված Բիանջյանի լուսանկարներում, ուղերձ է, որպեսզի սեփական պատմության այդ ժամանակահատվածը չոչնչացվի:

«Ոչ մեկ նորամուծություններին դեմ չէ, բայց հինն էլ պետք է պահպանել: Կարելի է ողջ սովետական այդ ատրակցիոնները, ցուցանակները հավաքել մի այգում ու դարձել այն «Парк Советского периода», ոչ թե տանել ոչնչացնել: Ուրիշ երկրներում կա նման բան, իսկ մեզ մոտ միայն աղբանոց է դառնում: Իսկ եթե այս բոլորը հավաքվի մեկ տեղ ու վերանորոգվի, ապա մարդիկ միգուցե գնան այնտեղ, հիշեն իրենք մանկությունը»,-ասում է Բիանջյանը:

Որոշ լուսանկարներ կատարելով նաեւ նախկին ԽՍՀՄ-ի կազմի քաղաքներում՝ Կրասնոդարում, Թիֆլիսում, Բիանջյանը կարծում է, որ այս ֆոտոշարքը նաեւ տեղեկատվական բնույթ է կրում:

«Նոր սերունդը, որ չգիտի, չի տեսել, թե ինչ հզոր արդյունաբերություն է եղել, ինչ գորածարաններ են եղել, այս ֆոտաշարքով տեսնում է: Եւ լուսանկարներում երեւում է, որ օրինակ՝ Չարեցնավանի այդ հզոր գործարանները հիմնովին քանդվում են: Սա իրականում ցավալի պատկեր է: Այս ամենը մարդկանց հիշողություններն են»,-ասում է Բիանջյանը:

Տես «Чао СССР» ֆոտոպատմությունը

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am

Լուսանկարները` Հայկ Բիանջյանի: Բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են հեղինակին: Լուսանկարների օգտագործումն առանց հեղինակի համաձայնության արգելվում է: