Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվեց երկու ամսով

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվեց երկու ամսով: Այս մասին տեղեկացնում է փաստաբան Ռոման Երիցյանը։ Երիցյանը ֆեյսբուքյան գրառման մեջ մասնավորապես նշել է․

«Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվեց 2 ամսով

Փաստաբանը կալանավորվեց քննիչների, դատախազների և դատավորների անարդար մոտեցումները քննադատելու պատճառով։ Կալանավորվեց միջին ծանրության հանցանքի աբսուրդային մեղադրանքով։

Կոչուբաևի խնամքին գտնվող անձանց, հազարավոր ուսանողների, հարյուրավոր վստահորդների և գիտական աշխատանքների ճակատագրերը դատավոր Մասիս Մելքոնյանին չեն հետաքրքրում։ Ընդամենը մեկ ժամով առանձին սենյակ հեռանալուց հետո դատավորը վերադարձավ միջնորդությունը բավարարելու, երկամսյա կալանք նշանակելու և տեսակցություններն արգելելու որոշմամբ։ Թվով 24 պաշտպանների ելույթներն ու հարցերը վերջինիս մոտ գեթ մեկ հարց չառաջացրեց։

Սա արարք էր ընդդեմ ողջ համայնքի։ Փաստաբանի դիրքը, դերն ու հեղինակությունը փաստացի արժեզրկվեց»: