Հայ առագաստանավորդները մեդալներ են նվաճել Սևաստոպոլի և Թբիլիսիի մրցումներում. ԿԳՄՍՆ

Հայ առագաստանավորդները 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել հոկտեմբերի 1-9-ը ՌԴ Սևաստոպոլ քաղաքում անցկացված «Սևաստոպոլյան առագաստներ» միջազգային մրցումներում:

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, օպտիմիստ դասի աղջիկների շատ բարդ պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Նարե Սուքիասյանը, իսկ լազեր 4,7 դասում երրորդ մրցանակի է արժանացել Միքայել Դավթյանը։

Սևաստոպոլի մրցաշարին Հայաստանը ներկայացել է 4 մարզիկով:

Հայաստանի պատանի առագաստանավորդների երկրորդ թիմն էլ օրերս հաջող ելույթներ է ունեցել Թբիլիսիի բաց առաջնությունում:

Օպտիմիստ դասում առաջին տեղը գրավել և ոսկե մեդալով է պարգևատրվել Ավետիք Մաթևոսյանը, իսկ Տիգրան Գրիգորյանը նույն դասում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:

Պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Սմբատ Հակոբյանի խոսքով՝ հայ առագաստանավորդների գրանցած արդյունքները գոհացնող են, իսկ մեր մարզիկներն աստիճանաբար ավելի մրցունակ են դառնում միջազգային ասպարեզում:

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ը Հայաստանի առագաստանավային սպորտի հավաքականի մարզիկները միջազգային մեծ մրցաշարի կմասնակցեն Գելենջիկում: Այստեղ արդեն ներկայացուցիչներ կլինեն Ղազախստանից, Ուզբեկստանից, Բելառուսից և այլ երկրներից: Հայաստանի պատանեկան թիմը մրցաշարին կներկայանա 3 մարզիկով: