Այսօր շատ-շատ կարդում են դետեկտիվներ. Դավիթ Սամվելյանը` ընթերցողների, նախընտրությունների և միտումների մասին

Լուսանկարը՝ Երվանդ Գևորգյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է արձակագիր, «Էդիթ պրինտ» հրատարակչության գլխավոր խմբագիր Դավիթ Սամվելյանը

– Պարո՛ն Սամվելյան, 2008 թվականից սկսած փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է գիրք նվիրելու օրը։ Այս խորհրդանշական օրը որքանո՞վ է նպաստել, որ հայ հանրության մեջ տարածվի, արմատավորվի միմյանց գիրք նվիրելու մշակույթը։ 

– Առաջընթաց, բնականաբար, նկատվում է, առնվազն վերջին 6-7 տարվա ընթացքում այս օրվան նախորդող օրերի եռուզեռը գրախանութներում դրա մասին է վկայում, միանշանակ, սրանից 15 տարի առաջ այսպես չէր։ 

Իսկ այդպես չէր, որովհետև կային տարբեր պատճառներ ու հանգամանքներ․ սկսեմ նրանից, որ վերջին 6-7 տարվա ընթացքում հայերեն գրականությունը շատացել է, թարգմանական գրականությունը, դրսի բեսթսելլերները հայերեն են թարգմանվել։ 

Սա առաջին հերթին նպաստել է ընթերցողների թվի ավելացմանը, որովհետև նոր սերնդի շրջանում ռուսերեն կարդացողները շատ քիչ են: Եթե 15 տարի առաջվա լավ ընթերցողը ռուսերեն էր շատ կարդում, նրան պետք չէր նույն Կաֆկան, Մարկեսը, Հեսսեն հայերեն լինեին, նա տիրապետում էր ռուսերենին, որովհետև հետխորհրդային ժամանակաշրջանում ռուսերենի հիմքերը լավ էին դրված, մարդիկ կարդում էին, բայց նրանց թիվը քիչ էր։ 

Իսկ արտասահմանյան գրականության ընթերցումը մեծ թափ ստացավ, երբ դրանք հայերեն թարգմանվեցին։ Եվ հիմա որ նայում ես, թե ո՛ր գրքերն են ավելի շատ վաճառվում, տարիքային սեգմենտով հասկանում ես, թե ընթերցողների մեծ մասը ովքեր են՝ այսօրվա դպրոցական բարձր տարիքից սկսած մինչև 30 տարեկան շրջանն է, որոնք շատ են կարդում։ 

– Իսկ ի՞նչ են հիմնականում կարդում։

– Կարդում են ժամանակակից թարգմանական գրականություն, ինչ-որ չափով ժամանակակից գրողներ են կարդում, դասական գրականությունը կարդում են, քանի որ դպրոցն է «պարտադրում», այսինքն՝ պարտադիր ընթերցանության գրքեր են։ Երբ դպրոցում կարդում են, իրենք այլընտրանքային գրականություն են փորձում կարդալ, դասականներից հոգնում են։ 

Այսօր շատ-շատ կարդում են դետեկտիվներ, ինչը մի քանի հանգամանքներով է պայմանավորված․ դետեկտիվում ավելի կարևոր է սյուժեն, քան գեղարվեստական խոսքը, շատ արագ ու հեշտ է կարդացվում, ու քանի որ այս ժանրը դեպքերի արագ զարգացում է ենթադրում, իսկ այսօրվա երիտասարդի համար դա շատ կարևոր է։ Ագաթա Քրիստիից սկսած մինչև Դեն Բրաուն են կարդում, պատմական դետեկտիվներ են կարդում։ 

Ամսական բեսթսելլերների ցուցակը որ նայում ես՝ դետեկտիվներն են, գրադարաններում պահանջարկ ունեցող գրքերն էլի դետեկտիվներն են, նոն-ֆիքշն գրականություն են շատ կարդում, մոտիվացիոն, որովհետև մարդիկ այսօր ժամանակ չունեն շատ բաների վրա կենտրոնանալու, ինքնահայեցման ժամանակ էլ չունեն, փորձում են ինչ-որ գիրք կարդալով կամ ինչ-որ մեկի կենսագրականը կարդալով օրինակներ վերցնել ու դրանով առաջնորդվել։ 

– Հիմնական ժանրերը սրա՞նք են, որ պահանջարկ են վայելում։

– Այո՛, ու նաև մանկական գրականությունն է, որ ամեն ինչից անկախ՝ միշտ պահանջարկի մեջ է, ինչն էլ գալիս է հայի մենթալիտետից, օրինակ՝ ծնողը կարող է կարդացող չլինել, բայց իր երեխայի համար գիրք է առնում։ 

– 2020 թվականի պատերազմից հետո հայ հասարակությունը ի՞նչ էր նախընտրում կարդալ, պարո՛ն Սամվելյան։ 

– Իրականում, հենց պատերազմին հաջորդող տարում ինչ-որ կոլապս առաջացավ, ինչ-որ պահի ազդեցության տակ որոշակի ժանրի գրականության պահանջարկ առաջացավ։ Երբ ունենում ես պարտությամբ ավարտվող պատերազմ, փորձում ես ինչ-որ հարցերի պատասխաններ գտնել, ու քանի որ այս խառնիճաղանջ ու հակասական քաղաքական իրավիճակում մարդիկ չեն կարողանում կողմնորոշվել, նրանք փորձում են պատասխանները գտնել գրքերում, օրինակ՝ Նժդեհ սկսեցին շատ կարդալ, ինքնության փնտրտուքն ակտիվացավ, ու ես իրականում ուրախանում եմ, որ հենց երիտասարդներն ավելի շատ սկսեցին հետաքրքրվել։ Պատմական ժանրի գրքեր են մարդիկ կարդում, նույն «Ռանչպարների կանչը», «Ձորի Միրոն», «Գևորգ Մարզպետունին»։ Ծավալները բավականին շատացան այս ժանրերի, այսինքն՝ մարդիկ փորձում էին ինչ-որ տեղից ուժ ստանալ ու պարտությունը կոմպենսացնել իրենց ավելի ամուր արմատները գտնելու մեջ, հենք էին փորձում գտնել, որի վրա կհենվեին ու առաջ կշարժվեին։ 

– Հիմա այդ միտումը շարունակվո՞ւմ է, թե՞ նվազման միտում կա։

– Հիմա արդեն ընկել է ինչ-որ միջին փուլ, որտեղ կարդում են ամեն ինչ։ 

– Ընթերցողների տարիքային շեմ նշեցիք, 30-ից բարձր մարդիկ ի՞նչ նախասիրություններ ունեն։

– Նրանք հիմնականում կարդում են ֆունդամենտալ գրականություն, դա բնական է, որովհետև մարդը գնալով ավելի խորքային է սկսում իրերին, իրեն շրջապատող աշխարհին նայել, հետևաբար, նախընտրում է ավելի խոր գրականություն կարդալ։ 

– Մասնագիտական գրականությունը պահանջարկ ունի՞։

– Մասնագիտական բիզնես գրականությունը պահանջարկ ունի, որովհետև մարդիկ այսօր ուզում են բիզնեսի հիմքերն ավելի հիմնավոր դնել, ուզում են հիմունքները յուրացնել ու ըստ այդմ շարժվել, փորձում են համաշխարհային փորձը համադրել, այսինքն՝ բիզնեսի էթիկան ու ճաշակը բարձրացնել, որովհետև կա մրցակցություն։ 

– Պարո՛ն Սամվելյան, ժամանակակից հայ գրողների նկատմամբ հետաքրքրությունն ու պահանջարկը մեծացե՞լ են, թե՞ ոչ։ 

– Եթե տարիների համեմատությամբ ասենք՝ միանշանակ այո՛, առնվազն 15 գրող կա, որոնց գրքերի տպաքանակը սպառվում է, իսկ դա արդեն ողջունելի փաստ է, առաջ ժամանակակից գրողը կերազեր, որ իր գրքերից 500 օրինակ սպառվեր։ 

– Այն արդյունքները, որոնք կան, որոնք ներկայացրիք, ձեզ գոհացնո՞ւմ են՝ որպես հրատարակչության ներկայացուցիչ, ու կարո՞ղ ենք այսօրվա տվյալներով ասել, որ հայ հասարակությունն ընթերցասեր է։

– Հայ հասարակությունն ավելի ընթերցող է դարձել, քան տասը տարի առաջ էր, բայց որ ասենք՝ մեր հասարակությունը ընթերցող է, չեմ ուզում նման մաքսիմալիստական գնահատական տալ։ Երբ քո շրջանակը ընթերցողների շրջանակ է լինում, քեզ թվում է, թե կարդացողները շատացել են, բայց երբեմն ընկնում ես միջավայր, որոնք քիչ չեն, հասկանում ես, որ մարդիկ առհասարակ հավես, ցանկություն ու ժամանակ չունեն գիրք կարդալու։ 

Անհամեմատ ավելի քիչ են ընթերցողները, քան չընթերցողները, գիրք առնելը կամ նվիրելը դեռևս չի ենթադրում, որ հասարակությունն ընթերցող է դարձել։ Սա ավելի շատ մշակույթ է դարձել, որը, իհարկե, ավելի շատ գեղեցիկ մշակույթ է, բայց միշտ չէ, որ նվեր ստացած գրքերն ընթերցում են։ Բայց, չնայած այդ փաստին, ես նախընտրում եմ, որ մեզանում սա մշակույթ լինի, քան հելոուին նշելը։ 

Արդյունքների մասով՝ իրականում գոհ եմ, բայց կուզեի, որ այն գրքերը, որոնք առաջին անգամ են հայերեն թարգմանվում ու շատ կարևոր են, էլ ավելի մեծ ժողովրդականություն վայելեն, քան նրանք, որոնք ավելի թեթև են ընթերցվում, բայց քանի որ խոսքիս սկզբում արդեն ասացի՝ ընթերցողները և՛ քիչ են, և՛ տարիքային շեմն է ցածր, այդ պատճառով էլ շատ ու խոր ասելիք ունեցող գրքերի նկատմամբ հետաքրքրությունը քիչ է։ 

Ընթերցողներին ուղղորդելու հարցում մեծ է գրադարանների դերը, քանի որ եթե գրադարանը ֆինանսապես այնքան ապահովված լինի, որ կարողանա այդ գրքերը ձեռք բերել, ոչ թե միայն պահանջարկ ունեցող գրքերը, այդ դեպքում կկարողանա ընթերցողին ուղղորդել նաև դեպի այդ գրքերը։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am