ԱԱԾ. Ռուսաստանի երկրորդ դեսպանատունը

Մհեր Արշակյան

ԱԱԾ եմ ասել: Քթի տակից մարդ է փախել, վայ թե տեղն էլ չգիտեն: Մենք գիտենք, որ ԱԱԾ-ի գործերն անքննելի են: Բայց որ ԱԱԾ-ն չգիտի, թե որոնք են իր գործերը, չգիտենք: 

Գուրգեն Խաչատրյանը՝ ՊԵԿ-ի նախկին նախագահի որդին, անհայտացավ իր նկատմամբ քրեական գործ հարուցելու նախորդ գիշերը: Այսինքն՝ տեղեկացվել է: Տեղեկացվելը դեռ ջհանդամը:

Նրան անկասկած աջակցել են: Գուցե ձեռքը բռնել ու տարել են օդանավակայան, գուցե Բագրատաշենում մեր և վրաց սահմանապահների հետ են լեզու գտել, որ էդ կողմով փախչի:

Գուցե ոչ մի տեղ էլ չի գնացել և վարչապետ Նիկոլ Փաշինյանի «պախկվելու» շկոլայի ակտիվ հետևորդ է դարձել: Բոլոր դեպքերում, տեղը չգիտեն: 

Հիմքեր ունե՞նք մտածելու, որ հետախուզվող Գուրգեն Խաչատրյանը պարետատան որոշումներին հետևելով ակտիվորեն ինքնամեկուսացել է: Հազիվ թե: ԱԱԾ-ից գուցե նման մի արդարացում էլ լսենք: Լավ, մեր ո՞ր մեղքի համար է այս «բարդակը»:

Թե՞ Գուրգեն Խաչատրյանն այդքան յուղոտ կտոր չէր կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարում, որ այդ մարդուն թույլ տվեցին փոշիանալ: 

Հիմքեր ունե՞նք մտածելու, որ այս երիտասարդը ՀՀ արդարադատության շահառու էր, իսկ ԱԱԾ-ն ՀՀ արդարադատության հետ կապ չունի:

Ում բռնել են, մարդիկ իրենց ոտքով են եկել Հայաստան՝ Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Խաչատրյան: Ոչ ոք այս մարդկանց չի համոզել ու բերել Հայաստան: Իսկ Միհրան Պողոսյա՞նը: Իսկ Արամ Հարությունյա՞նը:

Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյա՞նը, որը անցյալ տարվա նոյեմբերին Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքի գարեջրի գործարանում մահացավ գազի պայթյունի հետևանքով:

Է՞լ ով կա:

Միքայել Հարությունյանը՝ պաշտպանության նախկին նախարար: Ու բոլորը Ռուսաստանում են: ԱԱԾ-ն ի՞նչ է ուզում հասկացնել՝ որ քանի դեռ քրեական հոդված չկա այդ մարդկանց վրա, նրանց հետևելու և զոռով Հայաստանում պահելու իրավունք չունի՞: 

Բայց խնդիրը դա չէ, ընկերներ: Այլ այն, որ այդ մարդիկ մինչև փախչելը տեղեկացված են եղել, որ հետապնդվելու են: Որ Արթուր Վանեցյանին հարցնեք՝ գուցե պատմի:

Ամեն հարցի չէ, որ այդ մարդը կարող է պատասխանել՝ պատիվ ունեմ կամ՝ ես այդ հարցին չեմ պատասխանում, կամ՝ շնորհակալություն, ցտեսություն: ԱԱԾ-ն դարձել է նախկին իշխանությունների օրոք առավելագույնս կոռումպացվածների փախուստի տրանզիտը: Նրանց անվտանգության երաշխավորը: 

Ինչո՞ւ: Որովհետև Փաշինյանը որքան էլ իրեն պատեպատ տա, իսկ ուրիշներին փռի ասֆալտին, միևնույն է, աշխատում է այն կադրերով, որոնք ունի: Իսկ այդ կադրերը դիմադրում են հեղափոխությանը, քանի դեռ նրա ձեռքն իրենց չի հասել:

ԱԱԾ-ի վերին էշելոնում մեր մարդիկ չեն, այլ՝ օտար պետության: Սահմաններին մեր մարդիկ չեն, այլ՝ օտար պետության: Իհարկե հետապնդվողը կթռնի:

Փողին մուննաթ:

Ռուսների կամ, քարը տրաքի, բելառուսների ինչի՞ն է պետք Գուրգեն Խաչատրյանը: Չկա մեզ վերաբերող մի էնպիսի պետական գաղտնիք, որ ռուսները չիմանան: Հետևաբար, կամ փող են կորզում, կամ քաղաքական շահարկման լավ թեմա են դառնալու փախածները: 

Բայց տրանզիտի հարցը պետք է լուծվի: Այլապես ԱԱԾ-ն մեծ հաշվով կարող է դառնալ Երևանում օտար պետության երկրորդ դեսպանատունը: Մի քիչ շատ չէ՞:

Մհեր Արշակյան

MediaLab.am