Կալանք է դրվել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող գույքի վրա

Դատարանը կալանք է դրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կնոջը և զավակներին պատկանող գույքի վրա։ «Կալանքը կիրառվել է որպես ապօրինի գույքի բռնագանձման հայցի ապահովման միջոց:

Մանվել Գրիգորյանին փոխկապակցված անձինք՝ կինը, որդիներն ու աղջիկները, դատախազություն են հրավիրվել վարույթի նյութերին ծանոթանալու եւ դիրքորոշում հայտնելու համար»,- նշում է Գլխավոր դատախազությունը:

Ըստ գերատեսչության՝ ժառանգության իրավունքով նրանց պատկանող գույքը ենթակա է բռնագանձման:

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել էր 2018 թվականի հունիսի 16-ին, իսկ հունիսի 19-ին նրան մեղադրանք էր առաջադրվել։

Նա մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ:

2020 թվականի հունվարի 15-ին առողջական վիճակի պատճառով Գրիգորյանը կալանքից ազատ էր արձակվել։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Գրիգորյանը մահացավ 2020 թվականի նոյեմբերի 19-ին: