«Այսօրվա շարժումը չի ղեկավարում կիրթ կոնտինգենտ, ինչի պատճառով էլ գլուխ է բարձրացնում այդտեղ գտնվող խաժամուժը». Աղասի Թադևոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ազգագրագետ, մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը

– Պարո՛ն Թադևոսյան, հետևելով ներհայաստանյան իրադարձություններին, մարդկանց բառապաշարին, վարքագծին՝ ի՞նչ տպավորություն եք ստանում, ի՞նչ արժեհամակարգի կրող է այսօրվա Հայաստանի քաղաքացին

– Կզգուշանայի մեր ազգը բնութագրել որպես մեկ, հիմնական, տիրապետող ընդհանուր արժեքներ կրող, որովհետև մեր հասարակությունը բազմաշերտ է՝ նաև հենց արժեքային տեսանկյունից տարբեր մարդիկ կան, նաև սերնդափոխության գործընթացում է հիմա շատ լուրջ փոփոխություն նկատվում։

Եթե շատ-շատ ընդհանրացված փորձենք արժեքային տեսանկյունից բնութագրել մեր հասարակությունը, ապա գերակշռող մասն ավելի պահպանողական ու պատրիարխալ արժեհամակարգի կրողներ են։ Պատրիարխալ ասելով՝ նկատի ունեմ, նաև քաղաքական մշակույթի տեսանկյունից, հայտնի քաղաքագետներ Ալմունդը և Վերբան, որոնք քաղաքական մշակույթները տիպաբանել են, ու առաջին տիպը հենց պատրիարխալն է։

Այդ տիպի տակ պարտադիր չէ խիստ հայրիշխանական հասարակություն ընկալել, այլ պարզապես այն հասարակությունը, որն ապրում է ոչ թե գրված օրենքներով և իրավունքի սկզբունքի հիման վրա, այլ սոցիալական նորմերով։ Մեր հասարակության մի զգալի հատված, որը հակված է ավելի պահպանողականության, ավելի պատրիարխալ արժեհամակարգի կրող է այս տեսանկյունից։

Սոցիալական նորմերով ապրելը հարաբերությունների այն ձևն է, որն արդյունավետ գործում է խմբային համակեցության պայմաններում, այսինքն՝ նկատի ունեմ այն տիպի խմբերը, որտեղ մարդիկ անձնապես մեկը մյուսին ճանաչում են։ Այս առումով միգուցե մեզ մոտ չափազանց ուժեղ են ազգակցական կապերն արժևորող արժեքները, որոնք մեխանիկական բնույթի են ու ավելի խմբակենտրոն արժեքներ են, քան անհատակենտրոն։

Բայց եթե մեր հասարակությունը բաժանենք երկու խոշոր խմբի, որպես երկրորդ խումբը կառանձնացնեմ անհատակենտրոն կամ մարդակենտրոն արժեհամակարգ ունեցող հատվածին, որն ավելի հակված է հումանիստական արժեքներին, որի տակ նկատի ունեմ ոչ թե պարզապես մարդ սիրելու փաստը, այլ մարդուն իր ներքին, այսպես ասած՝ ստեղծագործականությունը, բացահայտելու և իրացնելու հնարավորությունների ընձեռող համակարգը: Հումանիստական արժեհամակարգը դա է, որը մարդուն համարում է արարչագործության սկիզբը։

Այս տեսանկյունից մենք հասարակության մեջ ունենք այսպես ասած ստեղծագործական, սկզբի վրա կենտրոնացած հատված, որը, ըստ էության, այսօր մեր հասարակության զարգացման հիմնական ռեսուրսն է, իսկ մյուս հատվածն ավելի շատ պահպանում է անցյալից եկած սովորութային նորմեր, որոնք ոչ միշտ կարելի է անվանել ազգային: Դրանց մեջ շատ-շատ տարբեր երևույթներ կան, որոնք ոչ մասնագիտական շրջանակներում սխալմամբ ազգային են անվանում, օրինակ՝ թաղային փոխհարաբերությունները կարգավորող սովորույթներ կան, որոնք քրեական աշխարհի տրանսֆորմացված ու թաղային միջավայր ներթափանցած սովորույթներ են։

Լայն առումով հասարակությանն այս բնութագրումը կտայի, ու այս երկուսի միջև ընկած շատ միջանկյալ խմբեր կան, որոնք մասամբ՝ այս, մասամբ՝ մյուս արժեհամակարգի կրող են և որոնք կարող են համատեղել իրենց մեջ։ Սրանք մարդկանց անցումային տիպերն են, որոնք մի տիպից անցնում են մյուսը՝ կա՛մ լիարժեք են անցնում, կա՛մ մնում են մի փուլում, մեր հասարակության այսպես ասած հիբրիդային տիպաժն է։

– Քաղաքական այս կամ այն թիմի աջակիցների, ներկայացուցիչների բառապաշարն ինչպե՞ս կբնութագրեք, որովհետև վերջին մեկ շաբաթից ավելի շարունակվող իրադարձությունները «լայն հնարավորություն» են տալիս այդ մասով բացահայտումներ անելու։

– Անկեղծ ասած, այնքան էլ չեմ հետևում, որովհետև այնքան էլ չեմ կարևորում այդ շարժումը: Ըստ իս՝ դա դրսից կառավարվող շարժում է, քան ներսից ծագած, կամ էլ բավարարում ու սպասարկում է այստեղի օլիգարխիկ շրջանակների շահերը, որոնք կորցրել են իշխանությունը ու այսօր սեփականություն պաշտպանելու խնդիր ունեն։ Բնականաբար, այդտեղ կան նաև իրենց պատկերացմամբ՝ հայրենասիրական արժեքներով առաջնորդվող մարդիկ, որոնք, իմ կարծիքով՝ շահագործվում են այդ շրջանակների կողմից։

Քաղաքական այդ էլիտան, առաջնորդվելով իր նեղ անձնական շահերով, փորձում է շահարկել ազգայինի որոշ տեսանկյուններ, որոնք ավանդականորեն ընկալվում են որպես ազգային։ Եվ դրանք գալիս են 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ազգային-ազատագրական պայքարի շրջանից, որոնք այսօր կորցրել են իրենց դերակատարումն ու արդյունավետությունը, բայց որոշ շրջանակներ այդ ստերեոտիպերն օգտագործում են՝ մարդկանց իրենց շուրջը համախմբելու համար։

Այսօր մենք խնդիր ունենք ազգայինը վերաիմաստավորելու, վերաձևակերպելու և ավելի արդիական դարձնելու, որպեսզի կարողանանք այսօրվա մարտահրավերներին ադեկվատ արձագանքել և ադեկվատ քայլեր ձեռնարկել, որպեսզի կարողանանք որպես պետություն և հասարակություն զարգանալ այս տարածաշրջանում։

– Պարո՛ն Թադևոսյան, թեկուզ իրենց պատկերացրած ազգային գաղափարախոսության համար մղվող պայքարը, ինչպես ասում են, հնարավոր չէ՞ իրականացնել առանց վիրավորելու, պիտակավորելու մարդկանց, որոնք իրենց գաղափարակիրը չեն։

– Տեսեք՝ կան այդ գաղափարները կրող և՛ կիրթ, և՛ տգետ մարդիկ։ Կիրթ մարդիկ ագրեսիվ չեն, պատրաստ են մտնելու քննարկումների մեջ, իրենցից տարբերվող կարծիք ունեցող մարդկանց հետ չհամաձայնելով՝քննարկում իրականացնել, որովհետև տարակարծությունը բնական է: Ընդհանրապես, ազգերն ու հասարակությունը նրանով են զարգանում, որ իրենց ներսում ունենում են տարբեր տեսանկյուն ունեցող հասարակական խմբեր, որոնք այդ կարծիքների բախման մեջ միշտ գտնում են լավագույնը, որն օգնում է իրենց զարգանալու։

Ցավոք սրտի, այսօր շարժումը չի ղեկավարում կիրթ կոնտինգենտ․ այն կուսակցության կազմում, որն այսօր այդ շարժման գլխին է կանգնած, ժամանակին եղել են մարդիկ, որոնք բավականին կոռեկտ ձևով են իրենց գաղափարները հանրայնացրել ու կարողացել են իրենցից տարբերվող հայացքներ ունեցող քաղաքական ուժերի հետ բանավեճի մեջ մտնել:

Բայց այսօր նայում ես, ու զարմանք է առաջացնում, որ այդքան անկում է ունեցել նաև այդ քաղաքական ուժը, որի մեջ կարծես չի գտնվում մեկը, որը կկարողանա պատշաճ ձևով իր ասելիքը հանրային դարձնել, ինչի պատճառով էլ գլուխ է բարձրացնում այդտեղ գտնվող խաժամուժը։ Հնչող արտահայտությունները խաժամուժային են։

Խնդիրն այն է, որ այդ խոսակցությունները տանողները չունեն այդ կարգի խոսակցություններ վարելու բավարար մակարդակ, ու դա բերում է նրան, որ սկսում են հայհոյել ու պիտակավորել։ Այսօր փողոցում պայքար վարող ընդդիմության մեջ չկան բանավեճ վարելու ունակ անձինք։ Չկան ինչպես փողոցում, այնպես էլ խորհրդարանում ներկայացված իրենց ներկայացուցիչների մեջ, որովհետև այնտեղ էլ նույն մակարդակն է՝ խոսքը որպես կռիվ, հայհոյանք, դրանից բարձր մակարդակ այդ մարդկանց կրթվածության աստիճանը չի ձգում, խնդիրը կրթվածության մեջ է։

– Որակական այդ անկման հիմքը ո՞րն է, երբվանի՞ց տարակարծությունն անհանդուրժելի դարձավ մեզանում։

– Ընդդիմության մոտ բացակայում է քաղաքական դիսկուրսի պատրաստակամությունը, կա՛մ չի կարողանում, կա՛մ տրամադրված չէ, իսկ դրա հիմքն այն է, որ այսօր ընդդիմություն-իշխանություն հարաբերություններում առաջնային դերակատարում ունեն նախկին քրեաօլիգարխիկ համակարգի ստվերային ներկայացուցիչները, քան նրանց ներկայացնող երևացող քաղաքական ուժերը։ Ցավալին դա է, որ քաղաքական ուժերը դարձել են գործիք, ինչը զրկել է նրանց որակից ու ինքնությունից։

– Առկա իրավիճակը շտկելու համար ի՞նչ քայլեր են անհրաժեշտ։

– Մեկ-մեկ սարսափով մտածում եմ, որ մեր հասարակությունը սպառել է իր ինտելեկտուալ ռեսուրսները և ունի կոմպետենտության լրջագույն պակաս առանց բացառության բոլոր ոլորտներում։ Չգիտեմ՝ դա հնարավո՞ր է արդեն շտկել, թե՞ չէ, միակ հույսս սերնդափոխությունն է ու այսօրվա տնտեսական կապիտալի ձևավորման գործընթացը, ինչն այսօր տեղի է ունենում, նկատի ունեմ Այ Թի ոլորտի կապիտալը, որն անկախ կապիտալ է ու չի ենթարկվում ռուսական կենտրոններին։

Այն կարող է իր շահերը պաշտպանող քաղաքական ուժեր ծնել առաջիկա 10 տարիներին, ու այդ որակի ուժերը կառաջանան այսօրվա առաջադեմ մտածողություն ունեցող երիտասարդներից, որոնք կարողանում են ադեկվատորեն գնահատել աշխարհում ու Հայաստանում տեղի ունեցողը։

Մեր այսօրվա խնդիրն այն է, որ չենք կարողանում պետականորեն մտածել որպես ազգ ու հասարակություն, իսկ երբ կորցնում ես այդ հատկությունը, ապա լրջորեն վտանգում ես պետականությունը, իսկ մենք հիմա այդ ճգնաժամային վիճակում ենք։

Այս ճգնաժամը կար դեռ առաջին նախագահի ժամանակ, իսկ նրանից հետո ավելի խորացավ։ Պատճառն այն էր, որ երբ Հայաստանն անկախացավ, պարզապես չուներ այն մտածող ռեսուրսը, որը կարող էր դիսկուրս ծավալել պետության ապագայի վերաբերյալ, ու մենք այդպես էլ չունեցանք պետություն կառուցելու տեսլականներ։

– Պարո՛ն Թադևոսյան, շարքային քաղաքացին քաղաքագիտական առումով կի՞րթ է, ինքնուրույն մտածելու, տրամաբանելու կարողություն ունի՞։

– Մասնագիտությանս բնույթից ելնելով՝ շատ-շատ շփումներ ունեմ հանրության ամենատարբեր շրջանակների հետ ու վստահեցնում եմ ձեզ, որ անհատական մակարդակում ունենք բավականին առողջ ու իրատեսորեն մտածող մարդիկ։

Խնդիրը ոչ այնքան հասարակության մեջ է, որքան էլիտաների։ Ցավոք սրտի, Խորհրդային Միության շրջանում կորցրել ենք էլիտաներ ստեղծելու ունակությունը՝ որպես հասարակություն, մեր միջից չենք կարողանում էլիտաներ առաջադրել, որովհետև Սովետական Միությունում էլիտաները վերևից էին առաջադրվում, հասարակությանը զրկել էին այդ գործընթացներին մասնակցությունից։ Իսկ անցած 30 տարին պատմության տեսանկյունից բավականին փոքր ժամանակահատված է, ինչը համարում եմ անցումային շրջան, ու այսօր գտնվում ենք անցման մեջ, ու հնարավոր է, որ մեր հասարակությունն ինքն իր մեջ նոր պոտենցիալ ձևավորի այսօրվա պատանիների, երիտասարդների միջոցով, որոնք այլևս սովետական մտածելակերպի կրողը չեն ու ավելի ազատ են մտածել ժամանակակից հարթությունում։

Հասարակության հիմնական պոտենցիալը նոր աճող սերունդն է, բայց ուզում եմ ասել, որ մեր հասարակությունն ունի նաև երևույթներն իրատեսորեն գնահատելու ընդունակություն, ու պատահական չէ, որ այսօր անարձագանք է թողնում քաղաքական ուժերի խժդժությունները, որովհետև հասկանում է, որ դա իրեն չի վերաբերում, այն առումով չի վերաբերում, որ այդ ուժերը չեն փորձում լուծել հասարակության ու պետության խնդիրները, եթե անգամ խնդիր էլ բարձրացնում են, դրանց լուծման մեխանիզմները չեն տալիս, մանիպուլացնում են, իսկ մարդիկ շատ լավ զգում են դրանք, եթե անգամ դրանք թաքցվում են շատ բարձր գաղափարների կամ ազգային պիտակավորումների տակ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am