Ազատամարտիկները մտահոգ են ԼՂ հարցով

Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում Ղարաբաղյան պատերազմի մասնակից մի քանի ջոկատների հրամանատարներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ կոչ են արել հայկական կողմին չընդունել Մադրիդյան սկզբունքները:
Ազատամարտիկները Սերժ Սարգսյանից պահանջել են հրաժարվել Մադրիդյան եւ այլ պարտադրված սկզբունքերից, բանակցություններ վարել միայն Ղարաբաղյան կողմի պարտադիր մասնակցությամբ, ինչպես նաեւ անհապաղ հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրություններն ու չեղյալ հայտարարել այն:

Արցախյան ազատամարտի մասնակիցները պահանջում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից՝ վերանայել խնդրի լուծման համար առաջադրված երեք սկզբունքներն ու հարցը տեղափոխել իրավական դաշտ, ՄԱԿ-ից՝ հրաժարվել չուսումնասիրված և չհիմնավորված խնդիրը քննարկման առարկա դարձնելու եւ հոգեւոր համերաշխության հիման վրա բանաձեւեր ընդունելու վարկաբեկիչ պրակտիկայից, Եվրախորհրդին կոչ են անում կասեցնել ներթափանցող գռեհիկ ապատեղեկատվության զարգվածային հոսքը, իսկ «Քեմալական Թուրքիայից» եւ Ադրբեջանից պահանջում են դադարեցնել ցեղասպանության, տեղահանման եւ ռասիզմի բարբարոս քաղաքականության անհեռանկար գործելաոճը:

Հայտարարությունը տարածել են պատերազմի մասնակից ջոկատների մի շարք հրամանատարներ, ովքեր ստեղծել են կազմկոմիտե եւ պնդում են, որ հանդես են գալիս հարյուրավոր ազատամարտիկների անունից:

Ասուլիսին մանսակցում էին կազմկոմիտեի ղեկավար «Գոյամարտ» կուսակցության ղեկավար Սերյոժա Ղազարյանը, Փառապանծ ազատամարտիկների միության նախագահ Գրիշա Սարգսյանը, Ղարաբաղյան ազատամարտի վետերանների միության նախագահ Յուրա Միքայելյանը եւ ուրիշներ:

Սոարեշ. Երկու կողմերն էլ պետք է զիջումների գնան իրենց որոշ պահանջներում Հարավային Կովկասում ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) նորանշանակ հատուկ ներկայացուցիչ, Վեհաժողովի նախկին նախագահ Ժոաո Սոարեշը ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում հայտարարել է, թե «ձգձգվող հակամարտությունները ամենահրատապ խնդիրն են, քանի որ դրանք արգելակում են տարածաշրջանի բոլոր ոլորտների զարգացումը»:

Սոարեշը հայտարարել է, թե ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը` ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների ձեւափաչը, եւ հենց ԵԱՀԿ-ն` անվտանգության իր համապարփակ հայեցակարգով, լավագույն ասպարեզն են հակամարտության լուծման գործում Հայաստանին եւ Ադրբեջանին օգնելու համար:

«Այդուհանդերձ, Մինսկի խումբը չի կարող որոշումներ ընդունել կողմերից մեկի փոխարեն: Կողմերը իրենք պետք է համաձայնության գան: Լուծումը պետք է լինի փոխզիջումային, եւ, հետեւաբար, երկու կողմերն էլ պետք է զիջումների գնան իրենց որոշ պահանջներում», – ասել է Սոարեշը:

© Medialab.am