«Խաչատուրիս վերքերը չէին փակվել, հիմա էլ՝ Վահրամս»․ Արցախյան պատերազմները Վարդուշ Լալայանից խլել են երկու որդիներին

Խաչատուրիս վերքերը չէին փակվել, հիմա էլ՝ Վահրամս․ 75-ամյա Վարդուշ Լալայանը պատերազմի պատճառով երկրորդ որդուն է կորցրել՝ 93-ին զոհվել է Խաչատուր Լալայանը, մյուս որդին՝ Վահրամ Լալայանը՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։

Վարդուշ Լալայանն ասում է՝ երկրորդ որդու զոհվելուց հետո այլևս ապրել չէր ցանկանում, Վահրամի զոհվելու լուրն իմանալուց հետո երկու ամիս հաց չի կերել, ջուր չի խմել, բայց բժիշկների հորդորով սկսել է վերանայել մոտեցումը ու որոշել ապրել՝ տղաների հիշատակը վառ պահելու համար: 

«Շատ վատ վիճակում էի, շտապօգնություն էին կանչել, ասեցին՝ որ ջուր չխմես, ջրազրկվելու ես, մեռնես: Ես ուզում էի մեռնել, բայց հետո ոտքի եմ կանգնել, ասեցի՝ բա իմ երեխու հիշատակը ո՞վ պիտի պահի»,- պատմում է 75-ամյա կինը։

42-ամյա Վահրամ Լալայանը պատմական գիտությունների թեկնածու էր։ Սովորել էր Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկի խորհրդաբանական ընկալումները» թեմայով։ Թեկնածուականը պաշտպանելուց հետո մեկնել է Արցախ և աշխատել Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում՝ որպես պատմության ամբիոնի վարիչ և դասախոս։

Պատերազմի լուրն իմանալուն պես Վահրամ Լալայանը երկու եղբայրների հետ մեկնել է առաջնագիծ։ Մայրն ասում է, որ բոլոր տղաներն էլ առանց մտածելու իրենց կյանքի ու առողջության մասին՝ մեկնեցին պաշտպանելու հայրենիքը։

Վարդուշն ասում է՝ բարկացել էր, որ Վահրամն էլ է գնում՝ հատկապես որ 18 տարեկանում հետախուզական ջոկատում ծառայություն իրականացնելիս գլխից վիրավորում էր ստացել ու չորս անգամ վիրահատվել: «Կռիվը որ սկսեց, շատ ջղայնացա, ասեցի՝ ինչի ես գնում: Հետևից վազեցի, ասեցի՝ Վահրա՛մ, առանց էն էլ վիրավոր ես, մի՛ գնա… Ավտոմատը ինձ դեմ ա ուղղել, ասում ա՝ մամա՛, ամո՞թ չի, հետևիցս ինչի՞ ես վազում, հիմա հայրենիքը օրհասական պահի ա։ Գնաց ու չեկավ»,- կսկիծով ասում է մայրը։

Վահրամ Լալայանը մասնակցել է Հադրութի պաշտպանությանը, այնուհետև մեկնել պաշտպանելու իրենց գյուղը՝ Մեծ Թաղերը, որտեղ էլ զոհվել է դիպուկահարի հարվածից։

«Թուրքերն անցել էին մեր գյուղը, ինքն էլ չի իմացել, որ գյուղը շրջափակված ա։ Դիպուկահարը կրակել է, փորին է դիպել, արյունահոսությունը չեն կարողացել կանգնեցնել»,- ասում է մայրն ու կրկին հուզվում։

Վարդուշն ասում է՝ որդուն հնարավոր է եղել գտնել միայն երկու ամիս անց։  «Երկու ամիս Վահրամս գյուղում պառկած ա մնացել, հետո Կարմիր խաչին խնդրել ենք, որ իրենց միջնորդությամբ տղաս թուրքերին իրենց դիակների տեղը ցույց տա,  որ Վահրամի տեղն էլ իրանք ցույց տան։ Արծվիկը գնացել թուրքերի տեղն է ասել, Հայաստանից էլի զինվորներ կային, իրանց էլ ու մի քանի խաղաղ բնակիչների վերցրել, եկել են Ստեփանակերտ… Վահրամին բերեցինք Եռաբլուր, էնտեղ հուղարկավորեցինք»։

Մայրը կսկիծով ասում է՝ անհաղթահարելի ցավ է կրկին որդի կորցնելը։ Մեծ Թաղերում կորցրել են ամեն ինչ՝ իրենց տները, մեքենաները, այգին, բայց ֆինանսական կորուստի մասին չի մտածում, ասում է՝ միայն թե երկրորդ որդին  չզոհվեր․ «Աչքիս բան չի երևում, մենակ Վահրամս տուն եկած լիներ»։

Ասում է՝ որդին երազանք ուներ ատենախոսության հիման վրա գիրք հրատարակել, որդու զոհվելուց հետո որևէ մեկին չէր ասել նրա երազանքի մասին, բայց ուրախ է, որ երազանքը  իրագործվել է․ «Մի օր ասաց՝ հարստանամ, գիրք եմ հրատարակելու, հիմա իրա զոհվելուց հետո Նարեկացի համալսարանից ԱՄՆ-ից սպոնսորի աջակցությամբ Վահրամի գիրքը հրատարակել են։ Ոչ մեկին չեմ ասել իր երազանքի մասին, իրենք իրենց սարքել են, գիրքը մեզ մոտ ա, բոլոր բարեկամներին էլ բաժանել են»,- ասում է մայրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am