«Դու նույն սարերը հիմա էլ ես շրջելու, ոնց որ առաջ, ու հլը մի բան էլ ավելի»․ պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած Պետրոսը ապրում է և ապրեցնում

Պետրոս Էֆենջյանը լավ է հիշում այն օրը, երբ վիրավորվեց թշնամու ռազմական ինքնաթիռի հարվածից։ Ասում է՝ ամենածանրը հոսպիտալ տանող երկար ու չընդհատվող ճանապարհն էր, որի ընթացքում մտքում կռիվ էին տալիս կյանքի ու մահվան մասին մտքերը` չգիտեր՝ կապրեր, թե չէ․․․

«Պատերազմը որ սկսվեց, հենց առաջին օրը հորքուրիս տղայի հետ կամավորագրվեցի, բայց հայրենիքի հանդեպ սերս էնքան չէր հասունացել, որ հասկանայի՝ ուր էի գնում ու ինչի համար: Ես չէի հասունացել էնքան, որ կյանքս դնեի էդ գաղափարի շուրջը, մեջս ավելի շուտ խիզախության դրսևորում էր, որն ինձ դուր էր գալիս։ Ես էն մարդը չեմ եղել, որ պատրաստ ա եղել հանուն հայրենիքի կռվի ու իրա մեջ մի դատարկ տարածություն լցնի հայրենիքի հանդեպ սիրով։ Բայց դա պետք ա լիներ, ես պետք ա գնայի․․․»

Սկզբում գնացին Ճամբարակ։ Մի քանի օր այնտեղ անցկացնելուց հետո խնդիր են ստացել տեղակայել Քարվաճառի հրետանային դիրքերից մեկը, մարտկոց են ձևավորել ու հոկտեմբերի 2-ի առավոտյան հասել այնտեղ։ 

«Առաջին մի քանի օրը տարված էի Քարվաճառից կարոտս առնելով։ Ես էնտեղ էի ծառայել ու յուրահատուկ ձևով էի սիրում Քարվաճառը։ Գիտեք՝ էնտեղ բնությունը շատ սիրուն ա, ու տարվա բոլոր եղանակներին տպավորություն ա, թե ամպերից վեր ես լինում։ Ամեն ինչ էլի վերապրեցի էդ մի քանի օրվա ընթացքում»,- հիշում է Պետրոսն ու հավելում՝ Քարվաճառ հասնելու ճանապարհին է հասկացել՝ իսկական պատերազմ է։ 

Հոկտեմբերի 2-ին տղաները փորձել են մեկ հաշվարկ տեղակայել Քարվաճառում, բայց թշնամու ակտիվ հարվածների պատճառով սպասել են, հետո՝ իրականացրել տեղակայումը։ Դրանից հետո խնդիր են ստացել աջակցել ժամկետային զինծառայողներին, չնայած, իր խոսքով, տղաները ոչ թե կատարում, այլ գերակատարում էին իրենց առջև դրված խնդիրները։ 

«Ծառայությանս տարիներին հրանոթի նշանառու եմ եղել, իսկ պատերազմի ժամանակ հրանոթի հրամանատար դարձա։ Կռվել եմ մինչև հոկտեմբերի 14-ը՝ իմ վիրավորվելու օրը։ Էդ օրը մենք 4 զոհ տվեցինք ու վիրավորներ ունեցանք, որոնցից ամենածանրը ես էի․ թշնամու ռազմական ինքնաթիռի հարվածից էր․․․»

Պետրոսը եղբոր հետ:

Պետրոսը լավ է հիշում հոսպիտալ տանելու ճանապարհը, որն այդ օրը կարծես չէր վերջանում։ Ասում է՝ ճանապարհի ամեն մի դար ու փոսն իր մարմնի վրա էր զգում, իսկ գլխում պտտվում էին կյանքի ու մահվան մասին մտքերը՝ կապրի՞, թե՞ չէ․․․

«Բավականին ուշ հասանք հոսպիտալ, որովհետև էդ ընթացքում մայրուղին ռմբակոծում էին, ու հնարավոր չէր էնտեղով գնալ, ստիպված ոչ ասֆալտապատ ճանապարհով էինք գնում։ Վիրավորումս էլ որ մեջքից էր, ամեն փոսը մարմնիս վրա զգում էի»,- ասում է Պետրոսն ու հավելում՝ հոգեբանորեն էլ էր բարդ անցնել այդ ճանապարհը։

«էդ պահին մտածում էի, որ ինձ էլի խիզախ պիտի պահեմ, իմ պատկերացրած տղայի պես։ Հենց էդ մտքերի հետ թեթև պտտվել ու բռունցք եմ ցույց տվել՝ հասկացնելու, որ ամեն ինչ լավ ա լինելու։ Հիմա եմ հիշում՝ եղել են մարդիկ, որ ժպտացել են, ուրեմն էդ պետք էր իրանց, իրանց ժպիտը իմ մտածածի պատասխանն էր»,- ասում է Պետրոսն ու հավելում՝ հոսպիտալում հայտնվելուց հետո քիչ դրվագներ կան, որ հիշում է։ Հիշում է՝ իրեն ներս տանելուն պես բժիշկն ասել է՝ շտապ տարեք վիրահատարան։ 

«Ողս ա կոտրված եղել, ոտքերիս մեջ ասկոլկաներ ու բաց վերքեր են եղել, կողերիս ոսկորները, թոքերս են վնասված եղել, ականջս ծակ ա եղել, աչքիս ու դեմքիս հետ կապված են խնդիրներ եղել, ու ամենաբարդը՝ ողնուղեղային վնասում ա եղել։ Բայց, գիտեք՝ իմ ցավը ֆիզիկական չէր, հոգեբանական էր։ Ես ծառայության տարիներին ապրել էի Քարվաճառով, ոչ թե ուղղակի ծառայել, էդ ուղղակի հող չէր, հողի կտոր չէր։ Ու եթե դու ինչ-որ բան սիրում ես, սրտիդ մոտ ընդունում, դու ես էդ հողի իրական կորցնողը, դու գիտես դրա արժեքը։ 

Դա էր ցավալին ինձ համար ու տղերքը, որոնց հետ հազար տեսակ կատակներ էինք անում կյանքի ու մահվան մասին, իսկ էն փաստը, որ հնարավոր ա՝ չքայլեմ, շատ հեշտ եմ տարել, ոչ թե հեշտ, այլ՝ շատ հեշտ, չգիտեմ՝ ոնց։ Ես մարդկանց չեմ ուզում ցույց տամ, որ ուժեղ եմ կամ էդպիսին եմ ուզում լինել, դա ուղղակի ներքին մի բան ա, որի բացատրությունը չունեմ»,- ասում է Պետրոսն ու հավելում՝ գուցե պատճառն այն է, որ ինքը տեսակով ուսումնասիրող է և «սիրում է քիթն ամեն տեղ խոթել» ու ամեն ինչ փորձել։ 

«Ես էն ժամանակ ինձ բոլոր ձևերով պատկերացրել եմ՝ առանց ձեռքի, առանց ոտքի, որ մեռնում եմ, չկամ, բայց անվասայլակով չեմ պատկերացրել, պետք էր դա էլ տեսնել։ Սկզբից մինչև վերջ, մինչև էս պահը չի եղել դեպք, որ իմ ֆիզիկական վիճակի պատճառով չկարենամ հանգիստ ապրեմ։ Իհարկե, հոգեբանական փոքր խնդիրներ եղել են, բայց դրանք ուղիղ կապ չեն ունեցել իմ ֆիզիկական վիճակի հետ, էդ հարցn ինձ չի տանջել։ Շատ անգամ ասել եմ, որ ուրախ եմ, որ սենց ա եղել, որովհետև լիքը բաներ սկսել եմ ավելի արժևորել։ Սկսել եմ ավելի շատ բան ընկալել, հասկանալ, ու էդ պարագայում ցավն ավելի մեծ ա դառնում, ասում ես՝ երնեկ հոգով թեթևներին․․․» 

Իսկ իր սայլակի հետ Պետրոսը հաշտ է ապրում։ Ասում է՝ փոքր քայլերով առաջ է եկել ու այսօր հասել է այնտեղ, որ անվասայլակի վրա իր ռեսուրսները մաքսիմալ օգտագործում է, իսկ կենցաղում գրեթե ամեն ինչ մենակ անում։

«Գրեթե»-ն որն ա, ամեն ինչ ինքնուրույն եմ անում, կարող ա շկաֆի վերևում բան դրված լինի, չկարենամ վերցնեմ կամ չկարողանամ վազեմ, բայց վազող մարդուց իմ սայլակով ավելի արագ գնամ»,- ծիծաղելով պատմում է Պետրոսն ու հավելում՝ իր նոր կարգավիճակին հարմարվելն ավելի բարդ էր ծնողների համար, բայց նրանք ամեն ինչ հաղթահարեցին, և նրանց դեպի հաղթանակը տանողը հենց ինքն էր։ 

Ասում է՝ ամեն ինչ լավ է, միայն քաղաքը գրեթե հարմարեցված չէ իրեն։ Շատ կարևոր հաստատություններում՝ բուհերում, թատրոններում և այլ տեղերում, վերելակներ ու թեքահարթակներ գրեթե չկան։ 

«Ոնց որ փորձում ես մտնել սոցիումի մեջ, բայց դու ընդեղ լիքը խնդիրների առաջ ես կանգնում։ Օրինակ՝ ուզում ես գնաս թատրոն, ինչ-որ ներկայացում նայես, մի 4 մարդ ա պետք, որ քեզ բարձրացնեն, հետո իջացնեն: Բացի դրանից, հասարակության մեջ լիքը կարծրատիպեր կան հաշմանդամություն ունեցող անձանց մասին։ Քեզ նայում են էն աչքերով, որ դու մարդ ես, որն ունի օգնության կարիք։ Ես դրան նորմալ եմ նայում, որովհետև բոլոր մարդիկ ունեն օգնության կարիք, բայց մի պահ ա գալիս, որ մարդկանց գերուշադրությունը քեզ խանգարում ա։ 

Օրինակ՝ կարա մի տեղ լինի, որտեղ բորդյուր ա, ու ես պիտի բարձրանամ։ Ես գիտեմ՝ ոնց բարձրանամ, բայց մարդիկ կարան անցնեն ու հարցնեն՝ օգնե՞մ, ասում եմ՝ չէ՛, հետո մի 5 անգամ կրկնում եմ, որ օգնել պետք չի, բայց հետո էլի օգնում են՝ քո կամքին հակառակ։

Կամ՝ անդադար ասում են՝ դու քայլելու ես և այլն։ Իրանք շատ են ֆիքսվում ֆիզիկական վիճակի վրա, բայց պետք ա ֆիքսվել հոգեբանական վիճակի վրա»,- ասում է Պետրոսն ու հավելում՝ երբեմն էլ իրեն խղճալի աչքերով նայող լրագրողներին ցույց է տալիս, թե ինչպես է միայնակ ապրում, հոգում իր բոլոր կարիքներն ու նույնիսկ լվացք անում ու ճաշ եփում։ 

Իսկ ապագայի երազանքներից ու նպատակներից խոսելիս նշում է՝ մի օր անհատական ցուցահանդես պիտի ունենա։

Նկարել սկսել է վաղուց, բայց, իր խոսքով՝ պատերազմից հետո իր նկարչության համար նույնպես բեկումնային փուլ է սկսվել։ 

«Ուզում եմ հասնել էնպիսի մակարդակի, որ մարդկանց իրոք ցուցադրելու գործեր ունենամ, ու մարդիկ գան իմ ցուցահանդես ոչ թե նրա համար, որ ես վիրավոր զինվոր եմ, այլ նրա համար, որ իրոք արժեքավոր գործեր եմ ստեղծում։

Արվեստանոց էլ եմ ուզում ունենամ, պատկերացնում եմ, որ կլինի մուգ գույների մեջ, փայտե առաստաղով, սեղաններով, ամբողջությամբ ձեռքով պատրաստված իրերով ու ստանդարտներից դուրս նկարներով, շուրջս էլ՝ թափթփված»,- ասում է Պետրոսն ու հավելում՝ դաշնամուր էլ է սկսել նվագել։ Մի մեղեդի կա, որ լսել է ու որոշել՝ պիտի նվագել սովորի։ 

«Հաշմանդամություն ունենալիս էլ ա հնարավոր թույն ապրել, իսկ դժվարություններ միշտ լինելու են, անկախ նրանից՝ քայլո՞ւմ ես, թե՞ չէ: Խնդիրը էստեղ հոգեբանական ա՝ ինչքանով ես դու հակված հաղթահարելու էս կամ էն խնդիրը, դու նույն սարերը հիմա էլ ես շրջելու, ոնց որ առաջ, ու հլը մի բան էլ ավելի»,- ասում է Պետրոսը։

Անի Մարտիրոսյան

MediaLab.am