Եթե ընդդիմությունը հրաժարվի քննարկել արտահերթ ընտրությունների օրակարգը, կնշանակի այդ ուժերը ժողովրդին չեն դիտարկում իշխանության ձևավորման միակ լեգիտիմ աղբյուր․ Ռուբեն Ռուբինյան

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Վարչապետ Փաշինյանը հայտարարեց 2021 թվականին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ընդդիմության հետ խորհրդակցություններ սկսելու մտադրության մասին։

Եթե ընդդիմությունը հրաժարվի լրջորեն քննարկել այս օրակարգը, սա կլինի աշխարհում առաջին դեպքը, երբ իշխանափոխություն պահանջող ընդդիմությունը կմերժի արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը՝ այսպիսով վերահաստատելով այն, ինչ շարունակաբար ասել ենք վերջին շաբաթների ընթացքում, այն է՝ այս մարդիկ ժողովրդին երբեք չեն դիտարկել և հիմա նույնպես չեն դիտարկում որպես իշխանության ձեւավորման միակ լեգիտիմ աղբյուր»։