ԱՄՆ-ը կորոնավիրուսի վարակվածության թվով անցավ Չինաստանին և առաջինն է աշխարհում

ԱՄՆ-ում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների զգալի աճ է գրանցվել:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն, ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 85 հազար 594: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջ անցավ Չինաստանին, որտեղ վարավածների թիվը 81 հազար 340 է: ԱՄՆ-ի ժամանակով մարտի 26-ի երեկոյան միանգամից ավելի քան 13 հազար դեպքի արձանագրմամբ այդ երկիրը դարձավ աշխարհում ամենամեծ թվով հաստատված դեպքեր ունեցող պետությունը։ ԱՄՆ-ում մահացել է 1300 մարդ:

Ապաքինվել է 1868 մարդ: Կորոնավիրուսն ի հայտ է եկել Չինաստանի Ուհան քաղաքում նախորդ տարվա վերջին և այդ ժամանակից ի վեր տարածում է գտել աշխարհի 195-ից ավելի երկրներում և տարածքներում: Աշխարհում վարակվածների թիվն աճում է րոպե առ րոպե. հաստատված 532 հազարից ավելի դեպք կա։ Մահացել է ավելի քան 24 հազար, ապաքինվել՝ 124 հազար մարդ։