«Եթե չեմ սխալվում՝ 17 հոգի մեկուսացված է, եկեք սպասենք, շահարկումների չենթարկվենք, տեսնենք, թե ինչ է կատարվում». Արցախի նախագահի մամուլի խոսնակ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը

– Պարո՛ն Բաբայան, հնարավո՞ր է, որ Արցախում չեղարկվի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը՝ հաշվի առնելով կորոնավիրուսի վարակի տարածումը:

– Դեռ վաղաժամ է խոսել այդ մասին, որովհետև միայն այսօր է հաստատվել և միայն մեկ դեպք: Այդ անձը հիմա ստանում է համապատասխան բուժում: Պետք է սպասենք և առաջնորդվենք բացառապես բժշկական, առողջապահական նորմերով: Իհարկե առաջնայինը մարդկանց առողջությունն է: 

Եկեք չքաղաքականացնենք, սպասենք, տեսնենք՝ ինչ զարգացումներ կլինեն, առողջապահության նախարարությունը և մյուս համապատասխան գերատեսչություններն ինչ որոշումներ կկայացնեն:

– Մարտի 31-ից առաջ էլ ասում էիք, որ չպետք է քաղաքականացնել, բայց գուցե ճիշտ կլիներ հետաձգե՞լ ընտրությունները դեռ այն ժամանակ:

– Դուք տեսել եք մեր առողջապահության նախարարության հայտարարությունը, ըստ որի այն անձը, որ վարակվել է, ապրիլի 2-ին է Հայաստանի Հանրապետությունից եկել: Այսինքն՝ դա ընտրությունների առաջին փուլի հետ որևէ կապ չունի, առանց դրա էլ կորոնավիրուսը կհասներ այստեղ: 

Բայց կաթվածահար անել նաև քաղաքական համակարգը, ես կարծում եմ՝ ճիշտ չէր: Շատ լավ է, որ հիմա կա նորընտիր Ազգային ժողով, որովհետև սա իշխանության մի թև է, որը պետք է ձևավորված լինի: 

Մենք չենք կարող կորոնավիրուսի և քաղաքական ճգնաժամերը զուգակցել մեկը մյուսի հետ: Եթե կորոնավիրուսին գումարվեր նաև քաղաքական ճգնաժամն ու վակուումը, պատկերացրեք, որ շատ ավելի պայթյունավտանգ ու վտանգավոր իրավիճակ կստեղծվեր: 

Այսինքն՝ ընտրություններ կազմակերպելու որոշումը քմահաճույք չէր, անմարդկային մի բան չէր, դա քաղաքական հաշվարկների արդյունք էր: Հակառակը՝ մենք տեսանք, որ շատ ուժեր շահարկում են այդ ամենը՝ ոչ թե մտածելով ժողովրդի մասին, բնավ, իրենց հարցերն էին փորձում կարգավորել: 

Ես միշտ ասել եմ, որ որպես նաև քաղաքական ուժի ղեկավար, որպես հասարակ քաղաքացի, իհարկե ամենակարևորը մարդկանց առողջությունն է, անվտանգությունն է: 

Մենք պետք է փորձենք իրական, ռեալ պատկերացնենք ու հասկանանք, թե ինչ պետք է անել: Փաստն այն է, որ մարտի 31-ի ընտրությունների հետ կորոնավիրուսի տարածումը որևէ կապ չուներ, որովհետև այդ մարդը ապրիլի 2-ին է գնացել Հայաստան և ըստ երևույթին այնտեղ է վարակվել: 

– Հաշվի առնելով, որ վարակը արագ է տարածվում, հնարավո՞ր է՝ արտակարգ դրություն հայտարարվի Արցախում:

– Այս պահին ոչինչ ասել չեմ կարող: Իհարկե ամեն բան հաշվի է առնվելու, անհնարին է, որ հաշվի չառնվի: Առաջին հերթին հաշվի են առնվելու առողջապահական նորմերը, բայց եկեք հիմա սպասենք, այսօր վաղ է խոսել դրա մասին: Այս պահին մեկուսացված է այդ անձը, մեկուսացված են բոլոր նրանք, որոնց հետ նա շփվել է: 

Եթե չեմ սխալվում՝ 17 հոգի մեկուսացված է: Եկեք սպասենք, շահարկումների չենթարկվենք, պարզապես տեսնենք, թե ինչ է կատարվում: Հավատացեք, որ այն մարդիկ, որոնք քաղաքական նկատառումներով շահարկում են կորոնավիրուսի թեման, չեն էլ մտածում մարդկանց առողջության մասին: 

– Դեռ շաբաթներ առաջ Վահան Բադասյանը հայտարարում էր, թե Քաշաթաղում կորոնավիրուսի դեպքեր կան, և դեռ այն ժամանակ կոչ էր անում հետաձգել ընտրությունները:

– Վահան Բադասյանը ոչ բժշկական գիտությունների դոկտոր է, ոչ առողջապահության ոլորտի մասնագետ: Ես չգիտեմ, թե նա որտեղից է այդ տվյալները վերցրել: Մենք պետք է առաջնորդվենք բացառապես առողջապահության նախարարության ցուցումներով: Բադասյանը քաղաքական գործիչ է: 

– Այսինքն՝ վարակը թաքցնելու միտում չի՞ եղել:

– Իհարկե ոչ: Եթե թաքցնելու լինեին, էս դեպքն էլ կթաքցնեին, մի հոգի է ընդամենը: Թաքցնելը ճիշտ չէ որևէ տեսանկյունից և հնարավոր էլ չէ: Փոքր երկիր է, բոլորը բոլորին ճանաչում են: Սա ո՛չ տեխնիկապես է հնարավոր, ո՛չ էլ ճիշտ է մարդկային առումով: 

Մանե Հարությունյան

MediaLab.am