«Չկա վաշինգտոնյան պլան, կա ադրբեջանական պլան, որը բաղկացած է բոլորիս հայտնի հինգ կետից». Տիգրան Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը

Պարո՛ն Գրիգորյան, Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրորդ նիստի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել արագացնել սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կարգի համաձայնեցման աշխատանքները։ Հավանականությունը, որ այս գործընթացի առարկայական արդյունքները մոտ ապագայում տեսանելի կլինեն, որքա՞ն եք գնահատում։

– Կողմերը հրապարակայնորեն հայտարարում են, որ նպատակ է դրված մինչև տարեվերջ ավարտին հասցնել սահմանազատման գործընթացը, ինչը հավանաբար խաղաղության պայմանագրի տեքստի մշակմանը զուգահեռ է ընթանում, ու կարծում եմ, ամենայն հավանականությամբ, որ ավարտին կհասցնեն մինչև դեկտեմբեր կամ դեկտեմբերի կեսեր, բայց սա, իհարկե, համապարփակ իրական գործընթաց համարելը սխալ է, որովհետև Հայաստանը պարզապես կատարում է Ադրբեջանի պահանջներն ու Պրահայի հանդիպման ընթացքում է ստանձնել դրանք հնարավորինս արագ ժամկետներում կատարելու պարտավորությունը։

Այսինքն՝ մինչև տարեվերջ այդ գործընթացը, գոնե փաստաթղթային առումով, հնարավոր համարո՞ւմ եք, որ ավարտին կհասցվի։

– Այո՛, կարծում եմ, հենց դրա համար են տեղի ունենում այս բոլոր հանդիպումները, ու հենց այդ նկատի ունեն, որ պետք է ամեն ինչ արագացված կարգով արվի։

– Փաստորեն, կողմերը տվե՞լ են իրենց համաձայնությունները, որևէ հարցի շուրջ անհամաձայնություն չկա՞։

– Դե, սկզբունքային համաձայնություն կա, որ մինչև տարեվերջ պետք է ավարտեն այդ գործընթացը, ինչի մասին հայտարարել էր Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը, մնում է արդեն առարկայական աշխատանքը կատարել ու այդ սկզբունքային համաձայնությունը կյանքի կոչել։

– Պարո՛ն Գրիգորյան, բայց Սոչիի եռակողմ հանդիպումից հետո կարծիքներ հնչեցին, որ կողմերը շատ հեռու են խաղաղության պայմանագրի կետերի շուրջ համաձայնության գալուց։

– Պետք է տարանջատել Սոչիի հանդիպումն ու ընդհանրապես ռուսական միջնորդությամբ այս գործընթացն ու բրյուսելյան գործընթացը։ Կողմերը հեռու են ռուսական տարբերակով խաղաղության պայմանագիր ստորագրելուց, կողմեր ասելով՝ առաջին հերթին նկատի ունեմ Ադրբեջանին, որի համար ռուսական առաջարկներն անընդունելի են։

Հայաստանի իշխանությունները, կարծում եմ, օգտագործելու են Ռուսաստանի ձախողումը Սոչիում, որպեսզի խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում առաջ շարժվեն հենց ադրբեջանական պատկերացումներով։ Այդ որոշումն էլ վերջում կարդարացնեն հանգամանքով, որ այլընտրանքներ չկային, ռուսները չեն կարողանում իրենց տարբերակը պարտադրել, ու Հայաստանի անվտանգության համար անհրաժեշտ էր ստորագրել հենց այդ փաստաթուղթը։

Արդարացման այդ տարբերակը կօգտագործվի նաև ռուսական առաջարկներն ընդունելու՝ վարչապետի հայտարարությունների դրժման պարագայո՞ւմ։

– Այո՛, Նիկոլ Փաշինյանը մինչև Սոչիի հանդիպումը բազմաթիվ հայտարարություններ է արել՝ հասկանալով, որ դրանք դժվար թե կյանքի կոչվեն, այսինքն՝ պնդումը, թե հայկական կողմը պատրաստ է 15-20 տարով երկարաձգելու ռուս խաղաղապահների տեղակայումը Արցախում, ակնհայտ էր, որ Բաքուն երբեք չի համաձայնելու այդ առաջարկին։

Այդ հայտարարություններն արվել են, որ ցույց տրվի, թե հայկական կողմը համաձայն է ռուսական առաջարկներին, նույնիսկ ավելին է առաջարկում, բայց Մոսկվան չի կարողանում Բաքվին պարտադրել կամ համոզել խաղաղության պայմանագրի սեփական տեսլականը։

– Այսինքն՝ ձեր տպավորությամբ՝ Հայաստանի իշխանությունն ավելի շատ հակված է վաշինգտոնյա՞ն պլանին, ո՞չ ուսականին, ինչպես հայտարարում է։

– Չկա վաշինգտոնյան պլան կա, ադրբեջանական պլան, որը բաղկացած է բոլորիս հայտնի հինգ կետից։ Վաշինգտոնն ու Եվրամիությունը պարզապես միջնորդում են, որպեսզի տեղի ունենան հանդիպումներ, գուցե իրենք էլ ունեն իրենց պատկերացումները, բայց այս պահին բանակցություններն ընթանում են ադրբեջանական կողմի ներկայացրած հինգ սկզբունքների հիման վրա։

Տեսականորեն, Հայաստանի համար ձեռնտու է ռուսական տարբերակը, որովհետև այդ տարբերակով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հստակորեն առկախվում է, բայց քանի որ Ռուսաստանը չի կարողանում Բաքվին պարտադրել սեփական պատկերացումները, Հայաստանը հիմա առաջ է շարժվում հենց ադրբեջանական տարբերակով։

– Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով կայանալիք հանդիպումը և՞ս միտված է գործընթացների արագացմանը, պարո՛ն Գրիգորյան։

– Այո՛, այս փուլում, կարծում եմ, արդեն աշխատում են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ, ու հիմնական քննարկումները հենց այդ տեքստի վերաբերյալ են լինելու։ Ինչպես արդեն նշեցի, նպատակ կա մինչև տարեվերջ ստորագրել այդ պայմանագիրը։

– Եթե ձեր նշած սցենարն իրականություն դառնա, Ռուսաստանի դիրքորոշումը ինչպիսի՞ն կլինի, այդքան հեշտությամբ կթողնի՞, որ պայմանագիրը կնքվի ոչ իր տարբերակով։

– Պետք է հասկանալ, որ խնդիրն այստեղ Հայաստանը չէ, այլ՝ Ադրբեջանը։ Տեսնում ենք, որ Մոսկվան պարբերաբար Հայաստանի իշխանությունների հանդեպ մեղադրանքներ է հնչեցնում, բայց դա Ռուսաստանի թուլության ցուցիչն է, որովհետև, մեծ հաշվով, ռուսական առաջարկներն ընդունելի են Հայաստանի համար։

Այս ընթացքում հնարավոր է, որ Ռուսաստանը փորձի ինչ-որ քայլերի դիմել այդ գործընթացը կանգնեցնելու համար, բայց պարզ չէ՝ արդյոք այսօր նա ունի՞ համապատասխան լծակներ կամ պատրա՞ստ է ավելի ծանր լծակներ կիրառել Ադրբեջանի վրա, որպեսզի կանգնեցնի այդ գործընթացը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am