Ձմռանն ընդառաջ գազի գինը բարձրանում է. իշխանությունները մեղադրվում են ռուսական գազի գնի բարձրացման փաստը թաքցնելու մեջ

Ձմռանն ընդառաջ գազի գինը բարձրանում է. իշխանությունները մեղադրվում են ռուսական գազի գնի բարձրացման փաստը թաքցնելու մեջ
Ձմռանն ընդառաջ գազի գինը բարձրանում է. իշխանությունները մեղադրվում են ռուսական գազի գնի բարձրացման փաստը թաքցնելու մեջ

Մինչ Հայաստանի վարչապետը հայտարարում է, թե ռուսական գազը չի թանկացել եւ բանակցությունները նոր գնի շուրջ շարունակվում են, մաքսային պետական կոմիտեն պաշտոնական տվյալներ է հրապարակում, ըստ որի գազը թանկացել է ավելի քան 1/3-րդով:
Հայաստանն աշխարհի ամենագազաֆիկացված երկրներից է. ըստ «Հայռուսգազարդ» ընկերության, այստեղ գազաֆիկացման մակարդակը կազմում է 95% (այլ կերպ ասած, գազ կա գրեթե յուրաքանչյուր բնակարանում, ընկերությունն այսօր ունի շուրջ 630 հազար բաժանորդ): Բնականաբար, մատակարարվող գազի գինը մեծ նշանակություն ունի երկրի տնտեսության համար:
2005թ. Հայաստանը գազի 1000 խորանարդ մետրը գնում էր 56 դոլարով, եւ տնտեսագետների հավաստմամբ`գազի գնի նման կտրուկ բարձրացումը բացասական ազդեցություն թողեց երկրի տնտեսական վիճակի վրա:
Հայաստանի Կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ)` վերջերս հրապարակած պաշտոնական տեղեկագրի տվյալներով`այս տարվա երրորդ եռամսյակից Հայաստանը սկսել է Ռուսաստանից բնական գազ գնել 35%-ով թանկ, քան նախորդ տարի: Այսպես, եթե 2011թ. վերջին հազար խորանարդ մետր բնական գազը Հայաստանի սահմանին արժեր 180 ԱՄՆ դոլար, ապա այժմ՝ շուրջ 245 ԱՄՆ դոլար:

Ուշագրավ է, որ նույն`ՊԵԿ-ի տվյալների համաձայն, անփոփոխ է մնացել Իրանից ներմուծվող գազի գինը. ինչպես անցյալ տարի, այնպես էլ այս տարվա ընթացքում իրանական գազի հազար խորանարդ մետրը Հայաստանի հետ սահմանին արժե մոտ 180 ԱՄՆ դոլար:

Արձագանքելով Ազգային ժողովի պատգամավորների եւ լրագրողների հարցումներին`թե, այնուամենայնիվ, Հայաստանը ինչքանո՞վ է գազ գնում Ռուսաստանից, վարչապետ Տիգրան Սարգսյանն ու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը վերջին շրջանում մի քանի անգամ հրապարակավ հայտարարեցին, որ գազի գնի փոփոխություն տեղի չի ունեցել:

«Ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, որ գազի գնի հարցում որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել: Մենք բանակցում ենք ռուսական կողմի հետ: Նորություններ լինելու պարագայում, ինքներս անպայման կհայտնենք այդ մասին հանրությանը», – հոկտեմբերի 24-ին ելույթ ունենալով Ազգային ժողովի ամբիոնից, մասնավորապես, հայտարարեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը:

Սակայն, թե՛ Տիգրան Սարգսյանը, թե՛ Արմեն Մովսիսյանը մինչ օրս չեն մեկնաբանել ՊԵԿ-ի հրապարակած տվյալները:

ՊԵԿ-ի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը հոկտեմբերի 25-ին կառավարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսին, արձագանքելով լրագրողների հարցերին, թե արդյոք կոմիտեի հրապարակած տվյալները վկայու՞մ են, որ ռուսական գազն իրոք թանկացել է, միայն նշեց. «[ՊԵԿ-ի] տվյալները հիմնվում են տնտեսվարող սուբյեկտների կողմից ներմուծված ապրանքների հայտարարագրված արժեքների եւ մաքսային մարմինների հաշվարկների վրա: Այդ տվյալների արդյունքում գանձվում է մաքս: Ուստի, հրապարակված տվյալները չեն կարող չհամապատասխանել իրականությանը»:

Գազի շուկան Հայաստանում մոնոպոլիզացված է, քանի որ «Հայռուսգազարդին» է պատկանում Հանրապետության ողջ գազաբաշխիչ ցանցը եւ միայն այդ ընկերությունն է զբաղվում արտերկրից բնական գազի ներկրմամբ ու այն Հայաստանում սպառողներին վաճառելով:

«Հայռուսգազարդի» բաժնետոմսերի 80%-ը պատկանում է ռուսական «Գազպրոմ» ընկերությանը (մնացած 20%-ը պատկանում է Հայաստանի կառավարությանը):

Սակայն, Հայաստանի նախկին վարչապետ, Ազգային ժողովում ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի կարծիքով`«Հայռուսգազարդի» մենաշնորհային դիրքը հայաստանյան գազի շուկայում հարցեր է առաջացնում:

«Այդպես էլ բազմաթիվ հարցեր մնացին, թե այդ ինչպե՞ս եղավ, որ հայաստանյան գազի շուկայի մոնոպոլիստի բաժնետոմսերի 80%-ը հայտնվեց «Գազպրոմի» ձեռքին, եւ ի՞նչ դերակատարություն ունեն այստեղ Հայաստանի իշխանությունները: Արդյոք դա նախորդ տարիներին մատակարարված գազի դիմա՞ց էր, իսկ միգուցե՞ այլ բան կա այստեղ»,- ասում է Բագրատյանը:

Նախկին վարչապետի խոսքով. «Իրանից ներմուծվող գազը հայաստանյան ջերմաէլեկտրակայաններում վերածվում է էլեկտրաէնեգիայի ու վաճառվում է նույն Իրանին: Հայաստանյան սպառողներին է վաճառվում միայն Ռուսաստանից ներմուծվող գազը: Հայաստանն այստեղ խնդիր ունի, որովհետեւ դրսից եկող բոլոր գազատարներն այսօր պատկանում են «Հայռուսգազարդին», այսինքն`«Գազպրոմին», եւ, փաստորեն, ռուսներն են որոշում, թե որտեղից մենք գազ ներկրենք ու ինչ գնով: Ու հիմա, երբ ռուսները հերթական անգամ որոշել են բարձրացնել գազի գինը, Հայաստանը, ըստ էության, ոչինչ չի կարողանում անել»:

Ըստ տնտեսագետ, «Օրակարգ» պարբերականի տնտեսական մեկնաբան Արմենակ Չատինյանի` այբնդ հանգամանքն իր բացասական ազդեցությունն է թողնում հայաստանյան սպառողների վրա, քանի որ սահմանին գազի դիմաց վճարելով մի գին՝ արդեն Հայաստանում «Հայռուսգազարդը» սպառողներին գազը վաճառում է գրեթե երկու անգամ թանկ:

«Օրինակ, անցած տարի, երբ սահմանին «Հայռուսգազարդը» գազի դիմաց վճարում էր 180 դոլար, մեզ այն վաճառում էր շուրջ 350-ով: [Գազի] հազար խորանարդ մետրը Հայաստանում արժե 132 հազար դրամ, անցած տարվա վերջի փոխարժեքով այդ գումարը կազմում էր գրեթե 350 դոլար: Մարդիկ ստիպված գնում են, քանի որ այլընտրանք պարզապես չկա»,- նշում է Չատինյանը:

Նրա համոզմամբ, գազի հերթական թանկացումը բացասական ազդեցություն կունենա հայաստանցիների կենսամակարդակի վրա:

«Հարցը միայն գազի գինը չէ, այն կարող է ազդել հասարակական տրանսպորտի ուղեվարձի վրա, քանի որ գազն այստեղ որպես վառելիք է օգտագործվում, այն կարող է ազդել նաև սննդամթերքի որոշ տեսակների գների վրա», – նշում է նա:

Չատինյանի խոսքով, հիմնական պատճառը, որ գալիք տարի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ Հայաստանի իշխանությունները ձգտում են թաքցնել գազի թանկացման փաստը, հենց բնակչության սոցիալական խոցելիությունն է:

«Սակայն հարց է առաջանում՝ ինչպե՞ս է, որ գազի գնի բարձրացումը այսօր չի անդրադառնում սպառողների վրա, ինչու՞ մենք արդեն այսօր ավելի բարձր գին չենք վճարում «Հայռուսգազարդին», որովհետեւ կառավարությունը, ըստ էության, հանրությունից գաղտնի սուբսիդավորում է ընկերությանը»,- ասում է Չատինյանը:

Վահե Հարությունյան

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)