Շրջափակման ընթացքում Արցախում գրանցվել է վաղաժամ և բարդ ծննդաբերությունների աճ. ԱՀ ԱՆ

Արցախի առողջապահության համակարգը շարունակում է աշխատել գերծանրաբեռնված ռեժիմով՝ բախվելով լուրջ դժվարությունների․ համակարգի պատասխանատուները ահազանգում են․

Դեղորայքի և բուժսարքավորումների պակասի պատճառով պլանային վիրահատությունները մի քանի ամիս շարունակ դադարեցված էին մնում, ինչի հետևանքով բազմաթիվ հիվանդների մոտ առողջության վատթարացում և սուր դեպքերի աճ է գրանցվել։ Սրացումների թվի աճից խուսափելու համար վերջերս պլանային վիրահատությունները մասամբ վերսկսվել են։ Անհետաձգելի ցուցումներով երեխաների մի մասն արդեն վիրահատվել է «Արևիկ» մանկական բուժմիավորման բժիշկների կողմից։ 

Հանրապետական բժշկական կենտրոնում ամբուլատոր պոլիկլինիկական ծառայության մասնաշենքում գտնվող համակարգչային շերտագրման սարքը տեխնիկական պատճառներով այս պահին չի աշխատում։ Դրա փոխարեն երկու անգամ ծանրաբեռնված աշխատում է ստացիոնար մասնաշենքում տեղադրված միակ համակարգչային շերտագրման սարքը` ստացիոնար բուժառուների հետ մեկտեղ հետազոտելով նաև ամբուլատոր այցելուներին։ Արդյունքում, հետազոտման և ախտորոշման համար հիվանդները ստիպված են շաբաթներով սպասել իրենց հերթին։ 

Սթրեսային իրավիճակներն անդրադառնում են կանանց առողջության վրա։ Շրջափակման ընթացքում գրանցվել է վաղաժամ և բարդ ծննդաբերությունների աճ։ Ծնվել են խոր անհաս, լուրջ շնչական համախտանիշով նորածիններ, որոնց համար պահանջվում է հատուկ օժանդակ բուժում, իսկ դրա հնարավորությունն այս պահին Արցախի բուժհամակարգը չունի։ 

Շրջափակման պայմաններում առավել սուր է զգացվում նեղ մասնագետների պակասը։ Արդեն 5 ամիս շարունակ պետական բարեգործական ծրագրերի շրջանակներում Հայաստանից և արտերկրից մասնագետները չեն կարողանում ժամանել Արցախ՝ բնակչությանը համապատասխան բուժօգնություն ցուցաբերելու համար։