Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան

Երևանում մեկնարկել է անհետացման վտանգի տակ գտնվող կենդանական և բուսական տեսակների վերականգնման միջազգային նախաձեռնություն, որի շրջանակում նախատեսվում է 500 միլիոն դոլարի աջակցություն տրամադրել 30 երկրներում 100 տեսակների պահպանման և վերականգնման համար։

Այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

Նրա խոսքով՝ COP17-ին ընդառաջ Հայաստանն ու Կոլումբիան պաշտոնապես մեկնարկել են Վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված գործողությունների կոալիցիան (CARES), որին որպես հիմնադիր մասնակից միացել է 16 երկիր։

Նախաձեռնությանը հրապարակային աջակցություն է հայտնել նաև հոլիվուդյան դերասան, բնապահպան և Re կազմակերպության հիմնադիր Լեոնարդո Դի Կապրիոն։

Մաթևոսյանը նշել է, որ Bezos Earth Fund հիմնադրամը Re:wild-ի հետ համատեղ իրականացվող Phoenix Species Project ծրագրի շրջանակում ստանձնել է նախնական 500 միլիոն դոլարի ֆինանսական հանձնառություն՝ աջակցելու 30 երկրներում անհետացման ծայրահեղ վտանգի տակ գտնվող և վայրի բնության մեջ արդեն անհետացած 100 տեսակների վերականգնմանը։

«Հայաստանը դառնում է ոչ միայն կենսաբազմազանության պահպանության համաշխարհային քննարկումների հարթակ, այլև միջազգային նոր նախաձեռնությունների ձևավորման և գործնական համագործակցության կենտրոն»,- ընդգծել է նախարարը։