ԵԽ անդամ երկիրը անթաքույց ռասիստական քաղաքականություն է իրականացնում. Վարդանյանը՝ Ադրբեջանի մասին

Արցախի պատերազմն ընդամենը պատրվակ էր, շղարշ էր, որպեսզի ցեղասպանական քաղաքականւթյունը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շարունակվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ԱԺ-ում ասաց Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ ՄԻՊ-ի 2020 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդման քննարկմանը:

Վլադիմիր Վարդանյանը նախ ընդգծեց մարդու իրավունքների պաշտպանի դերակատարությունը հատկապես միջազգայի հարթակներում՝ կապված Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների և դրանց հետևանքների հետ:

«Մենք պետք է շատ հստակ արձանագրեք, որ այն, ինչ տեղի ունեցավ 2020-ի աշնանը՝ միջազգային հանցագործություն է: Եվ այն համապատասխանում է բոլոր այն ատրիբուտներին, որոնք նախատեսված են ագրեսիա հանցագործության համար, այսինքն՝ մենք բախվել ենք խաղաղության դեմ ուղղված ագրեսիվ հանցագործության հետ: Իսկ եթե փորձենք ավելի խորքային վերլուծել պատերազմի բնույթը, ապա կտեսնենք, որ պատերազմն ընդամենը պատրվակ էր, շղարշ էր, որպեսզի ցեղասպանական քաղաքականությունը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շարունակվի»,-ասաց Վարդանյանը:

Նա նշեց, որ այն, ինչ տեսնում ենք դրանից հետո, այն, ինչ տեսնում ենք այդ Բաքվում բացված խայտառակ «պուրակում», ինչ տեսնում ենք Շուշիում, այլ հատվածներում, վկայում է նրա մասին, որ այդ պետությունը չի էլ թաքցնում իր մտադրությունը՝ աշխարհ երեսից ոչնչացնել հայկական ինքնությունը՝ Թուրքիայի հետ համագործակցությամբ՝ շարունակելով դեռևս 2015-ին մշակված մտադրությունը:

Վարդանյանը շեշտեց նաև, որ Ադրբեջանը փորձում է բոլոր մանիպուլյատիվ ճանապարհներով խեղաթյուրել իրավիճակը:

Նա նշեց, որ պետք է շարունակեն միջազգային հանրությանը շատ հստակ տեղեկացնել, որ ռասիզմը մի երևույթ չէ, որ բնորոշ է միայն ոչ զարգացած պետություններին: «Այն կարող է տեղի ունենալ նաև քաղաքակիրթ Եվրոպայում: Եվ մենք չպետք է վարանենք ասել, որ, ցավոք, Եվրոպայի խորհրդի անդամ պետություն ունենք, որը ռասիստական քաղաքականություն է իրականացնում, իրականացնում է ընգծված, անթաքույց, առանց մեկ վայրկյան վարանելու, որ կենթարկվի միջազգային պատասխանատվության»,- նշեց Վարդանյանը:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ և վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ, պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ: Ադրբեջանն այդ ընթացքում օգտագործեց չթույլատրված զենքեր՝ դրանք կիրառելով անգամ խաղաղ բնակչության դեմ: