Թուրքիան զորք է ուղարկում Ադրբեջան

Թուրք զինվորականները մոտ ժամանակներս կուղևորվեն Ադրբեջան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

«Ցամաքային զորքերն ավարտել են նախապատրաստությունը»,- նշել է Աքարը:

Նոյեմբերի 17-ին Թուրքիայի խորհրդարանը հավանություն էր տվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Ադրբեջան զորք ուղարկելու հրամանին: Փաստաթղթի համաձայն` նրանք այնտեղ կարող են մնալ մինչև մեկ տարի:

Անցյալ շաբաթ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան և Մոսկվան հուշագիր են ստորագրել Ղարաբաղում հրադադարի վերահսկման կենտրոնի մասին, և թուրք զինվորականները նույնպես կմասնակցեն համատեղ խաղաղապահ առաքելությանը: Մոսկվայում նշել են, որ Ռուսաստանն ու Թուրքիան Ղարաբաղի հարցով կաշխատեն Ադրբեջանի տարածքում մոնիթորինգային կենտրոնի միջոցով, սակայն համատեղ խաղաղապահ ուժերի մասին խոսք չի եղել:

Նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել է, որ Բաքուն և Անկարան միշտ խոսել են խաղաղապահ գործողություններին Թուրքիայի մասնակցության հնարավորության մասին, սակայն Մոսկվային հաջողվել է համոզել նրանց, որ պետք չէ նախադրյալներ ստեղծել Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների ոչնչացման համար:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներգրավել 1960 ռուս զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա: