ՄԱԿ-ը փորձագետները հարցեր են ուղղել «Սրբազան պայքարի» գործով․ ինչ մտահոգություններ են բարձրացվել և ինչ է պատասխանել կառավարությունը

Լուսանկարը՝ «Սրբազան պայքար» ֆեյսբուքյան էջից

ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերի վեց մանդատակիրներ Հայաստանի կառավարությանը համատեղ հաղորդագրություն են ուղարկել «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների նկատմամբ իրականացված քրեական հետապնդումների, կիրառված սահմանափակումների, ինչպես նաև 2024 թվականի հունիսի 12-ին ոստիկանության կողմից ուժի կիրառման վերաբերյալ։

ՄԱԿ-ի մանդատակիրների՝ 2026 թվականի մայիսի 11-ի հաղորդագրությունում նշվում է, որ իրենց փոխանցված տեղեկությունները վերաբերում են ուժի հնարավոր անհամաչափ կիրառմանը, հակաահաբեկչական և ազգային անվտանգության մեղադրանքների ենթադրյալ չարաշահմանը, ինչպես նաև շարժման անդամների նկատմամբ կիրառված սահմանափակումներին։

ՄԱԿ-ի բարձրացրած մտահոգությունները

ՄԱԿ-ի հրապարակած հաղորդագրությունում նշվում է, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժումը ձևավորվել է 2024 թվականի գարնանը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի դեմ անցկացված բողոքի ակցիաներից հետո։

ՄԱԿ-ի մանդատակիրներին փոխանցված տվյալների համաձայն՝ ապրիլից հունիս անցկացված ցույցերի ժամանակ տեղի են ունեցել կամայական ձերբակալություններ և ոստիկանական բռնություն։ Հատկապես հիշատակվում են 2024 թվականի հունիսի 12-ի իրադարձությունները, երբ լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով վիրավորվել է առնվազն 83 ցուցարար և ութ լրագրող։

Մանդատակիրները մտահոգություն են հայտնել, որ ոստիկանության կիրառած ուժը կարող էր խախտել կյանքի և անձնական անվտանգության իրավունքները, ինչպես նաև խաղաղ հավաքների, միավորումների և արտահայտվելու ազատությունն ու հանրային կյանքին մասնակցելու իրավունքը։

Փաստաթղթում անդրադարձ է կատարվում նաև 2025 թվականի հունիսին «Սրբազան պայքարի» 18 անդամների և աջակիցների նկատմամբ իրականացված քրեական հետապնդումներին։ Նրանց մեղադրանքներ են առաջադրվել ահաբեկչություն և իշխանության զավթում նախապատրաստելու համար, իսկ մի շարք անձանց նկատմամբ կիրառվել են կալանք, տնային կալանք, վարչական հսկողություն, Հայաստանից բացակայելու արգելք և գրավ։

ՄԱԿ-ի մանդատակիրները նշել են, որ իրենց ստացած տեղեկությունների համաձայն՝ իշխանությունների ներկայացրած ապացույցները հիմնականում վերաբերում էին բողոքի գործողություններին, քաղաքացիական անհնազանդությանը և կենցաղային, տոնական կամ շինարարական նշանակության տարբեր առարկաների առկայությանը։

Ըստ նրանց փոխանցված տվյալների՝ այդ նյութերում բացակայել են բռնություն կամ բռնության սպառնալիք կիրառելու, զենք օգտագործելու մտադրության կամ իրական ահաբեկչական գործողություն նախապատրաստելու հստակ ցուցիչներ։

Մանդատակիրները փոխանցել են նաև պնդումները, որ գաղտնալսված խոսակցությունների որոշ հատվածներ հրապարակվել են ընտրովի և համատեքստից դուրս, մինչդեռ բռնության կիրառումը մերժող հատվածները չեն հրապարակվել, իսկ պաշտպաններին թույլ չի տրվել դրանք հասանելի դարձնել հանրությանը։

Նրանք հիշեցրել են, որ ահաբեկչության չափազանց լայն կամ անորոշ սահմանումները կարող են կիրառվել ընդդիմախոսների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դեմ՝ սահմանափակելով հիմնարար իրավունքները։

Մտահոգություն է արտահայտվել նաև պաշտոնատար անձանց հրապարակային հայտարարությունների առնչությամբ, որոնք կարող էին կասկածյալներին մեղավոր ներկայացնել մինչև դատարանի վերջնական դատավճիռը՝ վնասելով անմեղության կանխավարկածին։

ՄԱԿ-ի ներկայացուցիչները Հայաստանի կառավարությունից խնդրել են ներկայացնել ձերբակալությունների և մեղադրանքների փաստական ու իրավական հիմքերը, պարզաբանել դրանց համապատասխանությունն ահաբեկչության միջազգային սահմանմանը, ինչպես նաև տեղեկություններ տրամադրել ոստիկանության գործողությունների քննության և հնարավոր խախտումների կրկնությունը կանխելու քայլերի մասին։

Հայաստանի պատասխանը

Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը ներկայացրել է 30 էջանոց պատասխան՝ պնդելով, որ երկրում քրեական քննություններն իրականացվում են օրենքի գերակայության, պատշաճ դատավարության և միջազգային պարտավորությունների պահպանմամբ։

Հայկական կողմը նախ նշել է, որ ՄԱԿ-ի հաղորդագրությունում նկարագրված են երկու առանձին քրեական վարույթներ։

Առաջինը վերաբերում է 2024 թվականի հունիսի 12-ին Ազգային ժողովի հատուկ պահպանվող տարածքի մոտ տեղի ունեցած իրադարձություններին և ոստիկանների կողմից հնարավոր անհամաչափ ուժի կիրառմանը։ Երկրորդը նախաձեռնվել է 2025 թվականի մարտին և վերաբերում է ահաբեկչություն ու իշխանության յուրացում նախապատրաստելու ենթադրյալ գործողություններին։

Կառավարությունը պնդել է, որ այս երկու վարույթները տարբեր փաստական հիմքեր ունեն և չպետք է դիտարկվեն որպես մեկ փոխկապակցված գործ։

Հունիսի 12-ի դեպքերով քննությունը շարունակվում է

Հայաստանի պատասխանի համաձայն՝ 2024 թվականի հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում հավաքի մի շարք մասնակիցներ փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը և մուտք գործել Ազգային ժողովի հատուկ պահպանվող տարածք։

Ըստ իշխանությունների՝ ցուցարարների մի մասը ոստիկանների ուղղությամբ տարբեր առարկաներ է նետել, վնասել գույքը, պոկել Սիրահարների այգու ցանկապատի մի հատված և փորձել այգու տարածքով շրջանցել ոստիկանական ուժերին։ Դրանից հետո ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ։

Միաժամանակ Հայաստանի կառավարությունը հայտնել է, որ ոստիկանների կողմից հնարավոր անհամաչափ ուժի կիրառման առնչությամբ 2024 թվականի հունիսի 14-ին քրեական վարույթ է նախաձեռնվել։

Պատասխանի համաձայն՝ 104 մարդ ճանաչվել է տուժող, հարցաքննվել է ավելի քան 100 վկա, հավաքվել են տեսագրություններ և բժշկական փաստաթղթեր, նշանակվել են դատաբժշկական, պայթյունատեխնիկական և այլ փորձաքննություններ։

Նախաքննությունը դեռ շարունակվում է, իսկ ոստիկանների գործողությունների օրինականության և համաչափության վերաբերյալ վերջնական գնահատական առայժմ չի տրվել։

Ի՞նչ հիմքեր է ներկայացրել Հայաստանը «Սրբազան պայքարի» գործով

Հայկական կողմը պնդել է, որ Բագրատ Գալստանյանի և մյուս մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը հիմնված է օպերատիվ-հետախուզական և գաղտնի քննչական միջոցառումների, այդ թվում՝ ներքին դիտարկումների և գաղտնալսումների արդյունքում ձեռք բերված տվյալների վրա։

Կառավարության ներկայացմամբ՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ խումբը նախատեսել է բնակչության շրջանում վախի և անկառավարելի իրավիճակի մթնոլորտ ստեղծել, խաթարել պետական մարմինների աշխատանքը և իշխանությունը զավթել Սահմանադրությամբ չնախատեսված ճանապարհով։

Ըստ պատասխանի՝ ենթադրյալ նախապատրաստական գործողությունները ներառել են՝

  • ավելի քան 2000 մարդու հավաքագրումը կազմակերպված խմբերում,
  • Երևանի ռազմավարական վայրերի և կարևոր ենթակառուցվածքների վերաբերյալ տվյալների հավաքումը,
  • հազարավոր հրագործական միջոցների ձեռքբերումը,
  • մեքենաների անվադողերը վնասելու համար նախատեսված մետաղական փշերի ձեռքբերումը,
  • ներկերի, յուղերի և այլ նյութերի պահեստավորումը,
  • խմբերի ղեկավարների հետ հանդիպումների անցկացումն ու առաջադրանքների բաշխումը։

Հայաստանի կառավարությունը շեշտել է, որ մեղադրանքները չեն վերաբերում անձանց քաղաքական կամ կրոնական հայացքներին, խաղաղ հավաքներին կամ օրինական քաղաքական գործունեությանը։

«Քրեական հետապնդման հարուցումը հիմնված էր միայն այն ապացույցների վրա, որոնք, ըստ քննության, վկայում էին սահմանադրական կարգի դեմ ուղղված բռնի հանցագործությունների նախապատրաստման մասին»,- նշվում է պատասխանում։

Խափանման միջոցները, ըստ կառավարության, կիրառվել են դատարանների որոշումներով

Հայկական կողմը հայտնել է, որ կալանքը, տնային կալանքը, վարչական հսկողությունը, գրավը և տեղաշարժի սահմանափակումները կիրառվել են դատարանների որոշումներով և պարբերաբար վերանայվել են։

Ըստ պատասխանի՝ դատավարական ռիսկերի նվազմանը զուգընթաց որոշ մեղադրյալների նկատմամբ կիրառված խիստ միջոցները փոխարինվել են ավելի մեղմ սահմանափակումներով։

Կառավարությունը նաև պնդել է, որ մեղադրյալներին տրամադրվել են գործի նյութերը, ինչպես նաև փաստաբանական օգնություն ստանալու, ապացույցները վիճարկելու, սեփական ապացույցները ներկայացնելու և դատական որոշումները բողոքարկելու հնարավորություններ։

Հայաստանի պատասխանում ընդգծվում է, որ մեղադրյալների մեղավորության, ապացույցների բավարարության և դրանց իրավական գնահատման հարցերը դեռ քննվում են դատարանում, իսկ մինչև օրինական ուժի մեջ մտած դատավճիռը նրանց նկատմամբ գործում է անմեղության կանխավարկածը։

Պատասխանը ներկայացվել է ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերի վեց մանդատակիրների համատեղ հաղորդագրությանն ի պատասխան։ Նրանք Հայաստանի իշխանություններից պահանջել էին պարզաբանել ձերբակալությունների և մեղադրանքների փաստական ու իրավական հիմքերը, դրանց համապատասխանությունն ահաբեկչության միջազգային չափանիշներին, ինչպես նաև տեղեկություններ ներկայացնել ոստիկանության կիրառած ուժի քննության և հնարավոր խախտումների կրկնությունը կանխելու քայլերի վերաբերյալ։

ՄԱԿ-ի մանդատակիրները վերջնական իրավական գնահատական չեն տվել՝ նշելով, որ չեն կանխորոշում ստացված տեղեկությունների հավաստիությունը։ Միաժամանակ նրանք ընդգծել են, որ ներկայացված պնդումների հաստատման դեպքում կարող են խախտված լինել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի միջազգային պարտավորությունները։

Մինչ քննությունների ավարտը նրանք Հայաստանին հորդորել են ձեռնարկել անհրաժեշտ ժամանակավոր միջոցներ՝ ենթադրյալ խախտումները դադարեցնելու և դրանց կրկնությունը կանխելու համար։

Կամայական կալանքների հարցերով աշխատանքային խումբը նաև հայտնել է, որ կարող է առանձին ընթացակարգով քննել՝ արդյոք գործով ազատությունից զրկումները կամայական են եղել։

ՄԱԿ-ի մանդատակիրները վերջնական իրավական գնահատական չեն տվել՝ նշելով, որ չեն կանխորոշում ստացված տեղեկությունների հավաստիությունը։ Միաժամանակ նրանք ընդգծել են, որ ներկայացված պնդումների հաստատման դեպքում կարող են խախտված լինել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի միջազգային պարտավորությունները։