«Ավրորան» կհամակարգի Արցախին օգնող կամավորներին

Հեղինակ MediaLab

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուրախ է օգնել արցախցիներին՝ ծրագրի նոր փուլով: «Ավրորայի» գործընկերների եւ աջակիցների համագործակցությամբ եւ կամավորների հայտագրմամբ՝ կապ կստեղծվի մարդկային ռեսուրսի կարիք ունեցող մարդասիրական կազմակերպությունների եւ այն մարդկանց միջեւ, որոնք ցանկանում են նվիրաբերել իրենց ժամանակն ու փորձառությունը։

Միաժամանակ «Ավրորան» շարունակում է անմիջական օգնություն ցուցաբերել քսան տարբեր նախագծերի՝ ընդհանուր 102 միլիոն դրամ (200.000 ԱՄՆ դոլար) բյուջեով եւ իրականացնում է միջազգային #AraratChallenge4Artsakh դրամահավաք:

Տարիների ընթացքում «Ավրորան» ստեղծել է բազմաբնույթ հարթակներ՝ հաղթահարելու համաշխարհային ամենահրատապ մարտահրավերները, ձեռք բերելով եզակի փորձ անձնվեր կամավորների հետ աշխատանքում:

Նախաձեռնությունը նաեւ մեկտեղել է 9.000 անհատների տվյալների բազա, որոնք ցանկություն են հայտնել իրենց ժամանակն ու հմտությունները նվիրաբերել նախաձեռնությանն ու նրա նախագծերին: 2018 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության օրերի համար միայն դիմել էր ավելի քան 3.000 մարդ:  

Երբ «Ավրորան» հայտարարեց, որ հայտեր կընդունի կամավորներից, որոնք ցանկանում են օգնել արցախցիներին, ավելի քանի 300 մարդ արագ արձագանքեց: Այս պահին մենք կամավորների համագործակցություն  կնախաձեռնենք ստորեւ թվարկված նախագծերի հետ.

  1. «Բարի մամա» հիմնադրամը կարիք ունի 10-15 կամավորների՝ նվերների ձեռքբերման եւ փաթեթավորման, ինչպես նաեւ Արցախի երեխաների համար ամանորի միջոցառում կազմակերպելու համար: Հատուկ հմտություններ չեն պահանջվում: 
  2. «Բռունցք 2020»-ին անհրաժեշտ է օգնություն տեսակավորելու, փաթեթավորելու եւ խնամքի իրերով փաթեթներն արցախցի շահառուներին հասցնելու համար: Հատուկ հմտություններ չեն պահանջվում: 
  3. «Ապավեն» կամավորական նախագիծը մտադիր է շաբաթը 10-15 կամավորների ներգրավելու՝ առաջնագծի զինվորների, Արցախից տեղահանվածների առաջնային կարիքների համար: Կարուձեւի հմտությունները կդիտվեն որպես առավելություն, այդուհանդերձ, հնարավոր է նաեւ տեղում իրականացնել վերապատրաստում: 
  4. «Սուրբ ծննդյան հրաշք Արցախի համար» նախաձեռնությանը դեկտեմբերի 5-ից անհրաժեշտ են կամավորներ՝ երեխաների նվերները փաթեթավորելու համար: Հատուկ հմտություններ չեն պահանջվում:
  5. «Հույս» նախագիծը փնտրում է կամավորների, որոնք կօգնեն երեխաներին տնային աշխատանքի հարցում (ներառյալ հեռավար), ինչպես նաեւ կամավոր ուսուցիչների, վնասվածքաբան-թերապեւտների, լուսանկարիչների եւ տեխնիկական աջակցության օգնականների:  

Կամավորների համակարգման ծրագիրն ընթացքի մեջ է, եւ «Ավրորան» շարունակում է հայտեր ընդունել աջակցության կարիք ունեցող կազմակերպություններից [email protected] էլ. հասցեով: Եթե ցանկանում եք նվիրաբերել ձեր ժամանակն ու հմտություններն ընտրված նախագծերից որեւէ մեկին, խնդրում ենք գրանցվել այստեղ

Այս մասին հայտնում է «Ավրորա»մարդասիրական նախաձեռնությունը։