Կարևոր է, որ հանրային դիրք ունեցող կանայք ևս խոսեն և քննադատեն կնոջը մշտապես դատապարտող մոտեցումը․ Զառա Հովհաննիսյան

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Աննա Հակոբյանի երեկվա «Ինչու՞ են կանայք միշտ մեղավոր» վերտառությամբ տեսաանդրադարձը՝ հանրությանը ցնցած դեպքին / երբ 40 ամյա տղամարդը 9-րդ հարկի պատուհանից ներքև էր նետել երեխաներին, հետո՝ ինքն էր ցած նետվել/, քննարկումների տեղիք է տվել։ Իրականում, տեսանյութը արված էր հենց այդ նպատակով, որպեսզի մարդիկ սկսեն մտածել ու քննարկել՝ վերանայելով մշտապես կնոջը մեղադրելու դիտանկյունը։

Կարևոր է, որպեսզի բացի կանանց իրավունքներով զբաղվող իրավապաշտպաններից, հանրային դիրք ունեցող կանայք ևս խոսեն և քննադատեն կնոջը մշտապես դատապարտող մոտեցումը։ Եվ նման անդրադարձ կատարվում է առաջին անգամ, ինչը խրախուսելի է։

Սակայն քննադատական կարծիքներ ևս հնչեցին, որոնց հետ ևս կարելի է համաձայնել։ Ես համաձայն եմ, որ մարդու կյանքի մանրամասները քննարկելը նրա անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության խախտում է, սակայն երբ արդեն իսկ մարդիկ դա անում են և մեղադրանքի սլաքները ուղղում հենց կնոջը, դա անարդար է և նման անարդարության նկատմամբ անտարբել լինել չի կարելի։ Իհարկե, առավել զգայուն կլինի հանդես գալիս այլ տեքստով, ընդհանրապես չշոշափելով մարդու կյանքի մանրամասները, չվերլուծելով հարևաններին, չպիտակավորելով որևէ մեկին, խոսելով բացառապես երևույթների մասին, բայց Աննա Հակոբյանը իրավապաշտպան չէ և նման զգայուն մոտեցում պահանջելը դժվար է։

Աննա Հակոբյանը լրագրող է, և այդ իսկ պատճառով, ինձ թվում էր, թե նա կանդրադառնա նաև լրագրողական էթիկային, որն այս ընթացքում, մեղմ ասած բացակայում էր, լրագրողները հարցաքննում ու փորփրում էին հարևաններին, անձնական կյանքի մանրամասներ պեղելու ակնկալիքով, և, նույնիսկ, համացանցում հայտնվեցին հոր և երեխաների ընկած,սահմռկեցուցիչ լուսանկարները։

Այ այս խնդիրների մասին, որոնք մշտապես լրատվամիջոցների գործողություններում առկա են, արժեր որպեսզի անդրադառնար լրագրողական և խմբագրական տարիների փորձ ունեցող Աննա Հակոբյանը։

Ինչևէ, այն մտածելակերպը, որն առկա է հասարակության մեջ, անըդունելի է։ Տարեսկզբին խեղդամահ արված 16-ամյա աղջկա վարկաբեկումը, Գյումրիում ծեծի ենթարկված և արդյունքում մահացած կնոջը անարգելը և այլ նմանատիպ արձագանքեր պահանջում են, որպեսզի մենք փոխվենք։ Եվ կնոջը մեղադրելու մոտեցումը ոչ միայն հասարակության, այլև իրավապահ համակարգում է դրսևորվում։

2012 թվականին, անչափահաս երեխաների ներկայությամբ, նրանց խորթ հայրը, դանակի 21 հարվածով դաժանաբար սպանեց կնոջը՝ Դիանա Նահապետյանին։ Դատավարության ողջ ընթացքում դատավորը և դատավարության այլ մասնակիցներ, հոգեբաններ, փորձագետներ փորձում էին հետմահու վարկաբեկել կնոջն ու արդարացնել ամուսնուն։ Ավելի քան երեք տարի ձգված դատավարության արդյունքում դաժան սպանություն իրականացրած տղամարդը դատապարտվեց ընդամենը 3 տարի 8 ամիս ազատազրկման։

2015 թվականին, Մալաթիայի վարագույրների խանութում, նախկին ամուսինը՝ դանակի 30 հարվածով սպանեց նախկին կնոջը՝ Հեղինե Դարբազյանին։ Ողջ մեղադրանքը կառուցվել էր միայն տղամարդու ցուցմունքի հիման վրա՝ խանդի հողի վրա, իսկ կենտրոնում ինչ-որ կասկածելի սիրեկանն էր, որին փող էր պարտք ինքը՝ կնոջը սպանող տղամարդը։

Նմանատիպ դեպքերի մենք հանդիպում ենք մասնագիտական պրակտիկայում, և տեսնում, թե ինչպես են հասարակության մեջ առկա կարծրատիպերը ներթափանցում նաև դատական համակարգ, իսկ թիրախում դարձյալ կինն է։ Կինը մեղավոր է, որ իրեն սպանել են, կինը մեղավոր է, որ տղամարդն է ցած նետել երեխաներին ու իրեն, կինը, կինը, կինը․․․

Մեկ օր պետք է դադար տանք ու մտածենք, փոխենք մեր մտածելակերպը, կնոջը մեղադրելու փոխարեն հավասար բաշխենք պարտականություններն ու պատասխանատվությունը, լինենք օբյեկտիվ ու, չէր խանգարի, նաև՝ մարդկային»։