Իմ և Էջմիածնի քաղաքապետարանի դեմ հակաքարոզչությունն իրականացվում է Դոն Պիպոյի թելադրանքով․ Դիանա Գասպարյան. Տեսանյութ

Այսօր Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում մի քանի աղմկահարույց հայտարարություններ արեց, որոնք վերաբերում են Արթուր Ասատրյանին, որը առավել հայտնի է Դոն Պիպո մականունով։

Ըստ քաղաքապետի, իր, իր ընտանիքի և քաղաքապետարանի նկատմամբ տարբեր լրատվամիջոցներով իրականացվող հակաքարոզչությունը և վիրավորանքը իրականացվում է հենց Դոն Պիպոյի թելադրանքով և ուղիղ հանձնարարությամբ։ Գասպարյանի խոսքով, ամեն ինչ սկսվել է Արթուր Ասատրյանի կողմից իրականացվող ինքնակամ շինարարության վերաբերյալ վարչական վարույթ հարուցելով։

«Արթուր Ասատրյանի աներոջ անունով, բայց իրականում դա Արթուր Ասատրյանի համար է, վարելահողի վրա մեկնարկել է ապօրինի ինքնակամ շինարարություն։ Քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները դա արձանագրել են, ինչին հետևել է վարչական վարույթ, կառուցապատողը որևէ առարկություն չի արել, վճարել է 200 հազար դրամ տուգանքը։ Այդ ամենից հետո սկսվել է կեղտոտ արշավ իմ, իմ ընտանիքի և Էջմիածնի քաղաքապետարանի դեմ։ Ես հայտարարում եմ, որ այս ամենը սկսվել է Արթուր Ասատրյանի կամ բոլորիդ հայտնի Դոն Պիպոյի հանձնարարությամբ, թողտվությամբ և հստակ ցուցումներով։ Այդ մարդը նեղսրտել է, որ քաղաքապետը հանդգնել է չկատարել իր պատվերը», -հայտարարել է Դիանա Գասպարյանը՝ ընդգծելով, որ Ասատրյանը կարող է քաղաքապետարանին մուծել գումար (շուրջ 36 մլն դրամ) և օրինականացնել ինքնակամ շինությունը։

Ավելին, նույն անձը, ըստ քաղաքապետի, ինքնակամ շինարարություն է սկսել Մայր տաճարի դիմաց, որի վերաբերյալ այսօր Ամենայն Հայոց կաթողիկոսն է մտահոգություն հայտնել քաղաքապետին նրա հետ հանդիպման ժամանակ։ Քաղաքապետը նկատել է, որ Արթուր Ասատրյանը ամեն կերպ փորձեր է արել, ոչ ֆորմալ կառավարել քաղաքը, կարծում է, թե ինքը ամենակարող է, բայց չի ստացվի նրա մոտ։

«Հարգելի պարոն Ասատրյան, միգուցե դուք շրջապատել եք ձեզ կամակատարներով, բայց իմացեք՝ Էջմիածնի քաղաքպետը չի կարող լինել ձեր կամակատարը։ Այս ամենը պատերազմ է, լկտի արշավ, որը ոչ միայն ուղղված է քաղաքապետի, այլ նաև յուրաքանչյուր էջմիածնեցու դեմ», -հայտարարել է Գասպարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարևոր զրույց էջմիածնեցու հետ.

Gepostet von Diana Gasparyan/Դիանա Գասպարյան am Montag, 11. Mai 2020