ՌԴ ԱԳՆ-ն՝ Ալիևի հայտարարությունների մասին

Առերեսման երանգ ունեցող հայտարարությունները չեն նպաստում առկա տարաձայնությունների հաղթահարմանը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ճեպազրույցում նշել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին:


«Փոխարենը չափազանց կարևոր է հնարավորություն ստեղծել փոխընդունելի հանգուցալուծումներ գտնելու համար»,- ասել է Զայցևը:

Վերջինս հավելել է, որ և՛ Բաքվից, և՛ Երևանից բարձրագույն մակարդակով հայտարարվել է «հարաբերություններում նոր էջ բացելու, դրանց աստիճանական կարգավորման պատրաստակամության մասին»: «Մեր աշխատանքում կենտրոնանում ենք այդպիսի դրական կետերի վրա»,- ընդգծել է Զայցևը:

«Անդրկովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանն ուղղված եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի ձևաչափով շարունակում է աշխատել:

Մեր կողմից ողջունում ենք Բաքվի և Երևանի դրական տրամադրվածությունը փոխընդունելի, փաթեթային պայմանավորվածությունների հասնելու հարցում, ինչը հեռանկարում թույլ կտա համատեղ աշխատանքը տեղափոխել գործընկերային համագործակցության հարթություն»,- ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը: