«Սերժ Սարգսյանը ոչ թե անփոխարինելի է, այլ պատուհաս է մեր հայրենիքի գլխին». Արմեն Մովսիսյան

«Սերժ Սարգսյանը ոչ թե անփոխարինելի է, այլ պատուհաս է մեր հայրենիքի գլխին». Արմեն Մովսիսյան
«Սերժ Սարգսյանը ոչ թե անփոխարինելի է, այլ պատուհաս է մեր հայրենիքի գլխին». Արմեն Մովսիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է երգիչ, երգահան Արմեն Մովսիսյանը:

– Պարո՛ն Մովսիսյան, ինչպե՞ս եք գնահատում այս օրերին հանրապետականների պնդումները, թե Սերժ Սարգսյանը անփոխարինելի, անթերի գործիչ է, և վարչապետի պաշտոնում նրան այլընտրանք չկա: Պարզ վիճակագրությունը ցույց է տալիս, որ հենց Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին աղքատությունն ու արտագաղթը է՛լ ավելի խորացան։ 400 հազար արտագաղթած վերջին տասը տարիներին, որոնք, շատերի գնահատմամբ, հեռացել են ոչ թե սոցիալական խնդիրների պատճառով, այլ հիասթափության։

– Եթե կարողանանք այդ անձնավորությանը հեռացնել իշխանական լծակներից, մենք մեծ, փուլային հաղթանակ տարած կլինենք, ինչը շատ կարևոր կլինի ապագա պետականության հարցում։ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում` սա միանշանակ ամենավատ որոշումն է։ Պարզ է, որ առնետներից յուրաքանչյուրը մտածում է մեկ բան, որ նավը խորտակվի, իսկ նավը չխորտակվելու լավագույն տարբերակը այս ճահճային վիճակը պահպանելն է, քանի որ իրենց շատ լավ են զգում այս ճահճում։

Եվ իմ կարծիքը միանշանակ է, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող. Սերժ Սարգսյանը ոչ թե անփոխարինելի է, այլ նրան փոխելը հայրենիքի մեծ պահանջն է, որովհետև նա բառի բուն իմաստով պատուհաս է մեր հայրենիքի գլխին։

– Հիմա անփոխարինելիությունը թույլ չտալու համար ընդդիմադիրները կարծեք թե քննարկում են միանալ։ Ի՞նչ եք կարծում՝ դա հաջողելո՞ւ է ընդդիմությանը, հաշվի առնելով, որ շատ քիչ ժամանակ է մնացել։

– Պետք է փորձենք։ Այստեղ՝ Միացյալ Նահանգներում էլ է ցույց կազմակերպվելու, ես էլ եմ մասնակցելու։ Չգիտեմ՝ որքան մարդ կհավաքվի, բայց լռելն այլևս հանցագործության պես է։ Եվ եթե շարունակենք լռել, սա լավ հետևանքների չի հանգեցնի։ Պետք է փորձենք ինչ-որ բան փոխել, իսկ թե որքան հաջողի, չգիտեմ, բայց որ ծայրահեղ լուրջ վիճակ է հայրենիքում, փաստ է։

Եվ ներկայիս վարչակազմն ընտրել է շատ պարզ մոդել՝ ռուսական ցարի մոդելն է ընդունել։ Եվ ինչպես այնտեղ անփոխարինելի նախագահ է ցարը արդեն երկու տասնամյակ լինում, հիմա սրանք որպես լավ հոգեզավակներ, հետևում են, թե ինչ ընթացքով է այնտեղ զարգանում և նաև պետք է ասեմ, որ այնտեղ էլ է շատ վախենալու և մտահոգիչ վիճակ։

Ինձ թվում է՝ ցարը նորից մնալու է գահին, և փորձելու են նույնն անել՝ որպես փոքր ռուսական ցարին կպած խանություն կամ Երևանի նահանգապետի կարգավիճակում իրենց լավ զգալով։ Իսկապես ծանր վիճակ է, և սրանց պետք է հեռացնել, քանի որ երկիրը տանում են ոչ լավ ճանապարհով։ Տեսնենք՝ ինչ կստացվի։

– Ըստ ուսումնասիրությունների՝ Հայաստանից շատերը հեռանում են, որ որդիները չծառայեն, քանի որ ապրիլյան պատերազմից հետո տեսել են, որ առաջնագծում հիմնականում անապահով ընտանիքների զավակներ են։ Եվ արտագաղթը մեծանում է հենց նաև այս պատճառով։ Սա մտահոգիչ չէ՞։

– Անկեղծ ասած, այստեղ արջի ծառայություն են մատուցում լրատվամիջոցները։ Երբեմն ինչ-որ փաստեր շիկացնում են, որոնք ուղղակի հետևանք են ամենակարևորի։ Իսկ եթե ի վիճակի լինեն ամենակարևոր հարցը լուծելու, մնացածը, այսօր բանակի վիճակն էլ` հետևանք է երկրի ճահճի, մեր բարոյահոգեբանական ընդհանուր վիճակն էլ է երկրի ճահճից գալիս։ Այսինքն՝ ես միշտ ասել եմ, որ եթե լինի վստահելի մի բան, որի վրա ժողովուրդը կարողանա հենվել, բարոյահոգեբանական վիճակը շատ ավելի կայուն կլինի։

Հիմա երկրի ընդհանուր վիճակը չի կարող չազդել օրգանիզմի մի մաս կազմող բանակի վրա, բայց հիմա վատ է, որ դա չի հասկանում իշխանական կաստան։ Իրենք ուղղակի չեն հասկանում, որ այդ կարևոր բաները խաթարել չի կարելի։ Ես շատ տեղյակ չեմ` մարդիկ նաև ա՞յդ պատճառով են արտագաղթում, թե՞ ոչ, համենայն դեպս, չէի ուզենա, որ այդպես լիներ, չէի ուզենա։

Ընդհանրապես մեր ժողովրդագրական խնդիրները, ցավոք, այսպես թե այնպես ազդում են բանակի վրա, և կուզենայի՝ մենք ամուր բանակ ունենայինք։ Բանակի հարցում ես շատ կայուն կարծիք ունեմ. մեր գոյության միակ երաշխիքը բանակն է, և այն հնարավորինս պետք է ամուր պահենք։ Ասածս ստացվում է ցուցապաստառային, քանի որ իշխանությունների ոչ կոմպետենտ վիճակն ազդում է նաև բանակի վրա։

– Միևնույն ժամանակ մի քանի ամիս առաջ ներդրեցին ազգ-բանակ կոնցեպցիան, և հիմա կարծեք թե փորձում են պաթոսով լուծել հարցը, մինչդեռ պաշտոնյաների որդիները տարբեր անհեթեթ պատճառներով խուսափում են ծառայությունից, մեկը` ալերգիայի, մյուսը` մեկ այլ անհեթեթ պատճառաբանությամբ։ Սա արատավո՞ր երևույթ չէ։

– Սա շատերին է թևաթափ անում։ Այստեղ մենք խումբ ունենք և 20 դոլարներ ենք հավաքում և ոչ թե նրա համար, որ բարեգործություն անենք, այլ 20 դոլարներով ուղարկում ենք, որ զինվորական ինչ-որ մի փոքր ծրագիր կյանքի կոչեն։ Եվ հանկարծ իմանում ենք, որ հսկայական միլիոններ են թալանվում բյուջեից, դուրս են գրվում միջոցներ, ազատվում են ունևորների երեխաները, այս ամենը թևաթափ է անում։

Եվ այս ամենը անգլուխ երկիր ունենալու հետևանքն է, չունենալ նորմալ ղեկավար, չունենալ երկրի ցավով «հիվանդ» ղեկավար։ Եվ այս ամենը թևաթափ է անում, պետք է լուծել այս խնդիրները և այս ռեժիմը հեռացնել կառավարման լծակներից։ Իրենց անպարկեշտության և հանցագործ մտայնության մեջ, որ իրենց հարստությունը դիզելով են զբաղված, երկիրը հրում են շատ վատ ճահճի մեջ, որը պետք է կարողանանք հաղթահարել, այլապես պատմությունը և մեր սերունդները մեզ չեն կարող ներել։

– Ի՞նչ կլինի Հայաստանում ապրիլից հետո, եթե վարչապետ դառնա Սերժ Սարգսյանը, առկա ճգնաժամն ավելի՞ կխորանա։

– Ես չէի ուզի հետոյի համար խոսել, մարդիկ կկարդան, և չէի ուզենա իմ ցավոտ տեսակետները մարդկանց թևաթափ անեն, հուսահատեցնեն։ Միայն կարող եմ իմ կարծիքն ասել՝ սրանց հեռացնել է պետք, սրանք հանցագործների խունտա են, երկրի հյութը քամում են, երկրի բարոյական հյութն են քամում, երկրի տնտեսությունն են քամում, սրանք սակավեցնում են մեր արյունն արտագաղթի միջոցով։

Երբեմն մտածում եմ, որ միտումնավոր թշնամական ծրագիր են իրականացնում Հայաստանում, այլ կերպ դատել չի կարելի։ Ընդամենը 20 տոկոսը իրենց տակն է հավաքել, իսկ մնացած ժողովրդի վրա ուղղակի թքած ունեն։ Պետք է գան այն մարդիկ, ովքեր կկտրեն ԱԺ պատգամավորների աշխատավարձերը, օրապահիկի վրա կնստեցնեն, լավ կաշխատեք` փող կաշխատեք, ձեզ կվճարենք, վատ կաշխատեք` ուրեմն սոված կմնաք, ոչ թե ժողովուրդը։

Սրանց պետք է ցավեցնել, որ հասկանան, որ նստած իրենց աթոռներին՝ ոչ թե պետք է վայելեն երկիրը, իսկ մարդիկ մատնված լինեն աղքատության, այլ հակառակը` իրենք պետք է իմանան, որ իրենց գոյությունը կախված է նրանից, թե որքան բարեկեցիկ կապրի այդ ժողովուրդը։ Այլ ճանապարհ չկա։ Այս համակարգը շարժվելու այլ տարբերակ չկա, կամ պետք է ստիպել, որ հասկանան այսպես չի կարելի, իրենք պետք է իրենց զավակներին առաջնագիծ ուղարկեն ծառայելու, ոչ թե ապրիլին գնան ձևական նկարվեն գան, ծիծաղի առարկա դառնան։

Սա հանցագործ, խայտառակ սիստեմ է, և որ կողմից նայում ես, սրանց անպարկեշտությունն ու անբարոյականությունը միայն վնասում են մեր պետականությանը։

Մանե Հարությունյան

MediaLab.am