ՔՊ-ական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքում հրապարակված հաղորդագրությունից։

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հոկտեմբերի 29-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունում։

Հիշեցնենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների Նազելի Բաղդասարյանն առաջիկայում կարող է նշանակվել Շիրակի մարզպետի պաշտոնում։