«Սերժիկ Սարգսյանի ասածը լուրջ դիտավորություն ունի շեղելու մեր ուշադրությունը հիմնական ուտող-ուրացողների վրայից». Լևոն Բարսեղյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

– Պարո՛ն Բարսեղյան, Սերժ Սարգսյանը համայնքապետների հետ հանդիպման ժամանակ նախազգուշացրեց, որ հաջորդ տարվանից խաղի կանոնները փոխվում են, նրանք այլևս չեն կարող յուրացնել համայնքների գումարները: Ի՞նչ է նշանակում Սերժ Սարգսյանի այս ելույթը՝ մինչև հիմա գողացել են, սրանից հետո չե՞ն կարող գողանալ:

– Որքան հասկացա, Սերժ Սարգսյանը ճշտով ամնիստիա է հայտարարում: Այդ ճշտով ամնիստիան անգամ ապառիկով է հայտարարում, ասում է՝ առաջիկա երեք շաբաթվա վրա էլ է այդ ամնիստիան տարածվում: Ով հասցրեց մինչ այդ ուտել՝ լավ, ով չհասցրեց՝ հունվարի մեկից հետո ներելու հարցով թող իրեն չդիմեն: Բայց դա չի նշանակում, որ եթե դիմեն՝ ինքը չի ներելու:

Փաստորեն կան լիքը հանցագործություններ, ինքն ասում է՝ մեզ հայտնի են փաստեր: Լավ կլինի, որ լրագրողները տեղեկատվություն ստանալու հարցում ուղարկեն նախագահական նստավայր, հարցնեն՝ ի՞նչ փաստեր են ձեզ հայտնի, ով ինչ է կերել: Կերել այն իմաստով, ինչ իմաստով մենք ենք հասկանում: Իսկ մենք հասկանում ենք թալան, քրեական հանցակազմ պարունակող ինչ-որ բան: Իսկ ինքը գուցե ուրիշ բան է հասկանում, ես մտածում եմ՝ կսկսի կռուտիտ անել ու ասել՝ գոմի գերաններն ուտողի մասին է խոսքը: Չի կարելի լուրջ վերաբերվել Սերժ Սարգսյանի այդ ելույթներին ու սպառնալից հայտարարություններին:

Եվ, ի վերջո, այդ ճշտով ամնիստիան հայտարարելու համար կարիք չկար նման ժողով հրավիրել և հրապարակավ ելույթ ունենալ: Այդ ամբողջն իրենք իրենց բրգաձև մեխանիզմով վաղուց կիրառել են և շատ լավ մեխանիզմներ ունեն մշակած դրա համար, կարիք չկար հրապարակային ելույթի: Ինձ թվում է՝ ինքն իր հրապարակային ելույթը հարմարեցրել էր Եվրամիության հետ համաձայնագրի բովանդակությանը, թե՝ տեսեք-տեսեք, ես արդեն սկսում եմ ճշմարիտ ուղի վերցնել, արդեն լավ տղա եմ դառնում:

– Բայց հրապարակային խոստովանում է, որ նախկինում եղել են հանցագործություններ:

– Ինքը նախկինում էլ միշտ խոստովանել է, որ հանցագործություններ են եղել: Օրինակ՝ հայտարարում էր, որ «խոշորին գլխից է պետք բռնել», «թղթերով ամեն ինչ կարգին է», «ինչքան ուզենք՝ էնքան խփենք»: Նախագահի ընտրություններից առաջ նրա վերջին ռեպլիկը՝ «ինչքան ուզենք, էնքան կխփենք», կոնկրետ պատրաստվող հանցագործության մասին հաղորդում էր: Բայց արդարադատության, իրավապահ համակարգերն իր ձեռքում են, ինքն անպատժելիության այնպիսի պարսպով է պատսպարված, որ խնդիր չունի, կարող է ասել այն, ինչ կկամենա: Եվ կարելի է հայտնի դասականին հիշել՝ ծերուկն արդեն անտանելի է դառնում: Չի կարելի լուրջ մեկնաբանել այդ ամենը:

– Սերժ Սարգսյանն ասում է, որ հունվարից խաղի այլ կանոններ են գործելու, հնարավո՞ր է իրավիճակ փոխվի:

– Սերժիկ Սարգսյանի պես խորամանկ պաշտոնյան հաստատ գիտի, որ որևէ համայնքապետ, ինչ էլ տարել է համայնքից, անպայման տարել է թղթերով: Եվ ինչպես ինքն էր ասում՝ թղթերով իսկապես ամեն ինչ կարգին է: Ոչ ոք հարիֆ չէ, որ համայնքապետարանի ավտոմեքենան վերցնի ու տանի իրենց տուն:

Մարդիկ քշում են ինչքան պետք է, օգտագործում են անձնական կարիքների համար, կնիկը գնում է վարսավիրանոց, վերջում էլ դուրս են գրում, եթե պիտանի բան է, չնչին գներով առնում է գյուղապետի կամ քաղաքապետի տղան: Այսինքն՝ այս ասածը, իմ կարծիքով, լուրջ դիտավորություն ունի շեղելու մեր ուշադրությունը հիմնական ուտող-ուրացողների վրայից: Եթե Սերժիկ Սարգսյանի խորհրդատուներն իսկապես ուզեին, որ նա բան իմանար, կբացատրեին, որ Հայաստանի բոլոր համայնքների բյուջեների հանրագումարը Հայաստանի համախառն բյուջեի ընդամենը 10 տոկոսն է կազմում:

Այն մնացած 90 տոկոսը Հայաստանի պետական իշխանության և պետական բյուջեից ֆինանսավորվող հիմնարկների բյուջեների հանրագումարն է: Ինքը կջոկեր, որ եթե մի գյուղապետ մի բան էլ տանում է, մոտավորապես տասնապատիկ նման շանս ունի պետական ապարատը: Եթե նա շատ ուզենար, կարող էր իմանալ, թե ինչպես են պետական պաշտոնյաները գողանում ու տուն տանում:

Ուրեմն, մեծ էշը թողել ես ախոռում, ընկել ես փոքր ուտողների հետևի՞ց, ա՛յ ընկեր: Ես չեմ ասում, որ գյուղապետները պետք է ուտեն, բայց պետքդ չէ՞, երբ նախարարներն են ուտում, պետական եկամուտների կոմիտեի նախագահներ են չաղանում, միլիոնատերեր են դառնում: Ո՞նց է լինում՝ ծակ շալվարով գալիս եք, երեք ախպերով, երեքդ էլ միլիոնատեր ու միլիարդատեր եք դառնում: Ո՞ւմ եք հեքիաթներ պատմում: Ես էլ ձեզ մի ուրիշ հեքիաթ պատմեմ՝ երեք եղբայր են ապրում, ովքեր Տեղ գյուղից են, երեք եղբայր էլ կան, որ Գյումրիում են ապրում՝ Բարսեղյան եղբայրները: Էդ ո՞նց եղավ, որ դուք երեք ախպերդ միլիոնատեր եք դառնում, իսկ մենք օր ու գիշեր աշխատում ենք, հազիվ ենք ծերը ծերին հասցնում:

– Ինչ վերաբերում է աշխատելուն, Սերժ Սարգսյանը հասարակությանը մեղադրեց նաև, որ ալարկոտ են, չեն ուզում աշխատել: Այսինքն՝ իշխանությունները մարդկանց մղում են արտագաղթի, հետո մեղադրում, թե չե՞ն ուզում Հայաստանում աշխատել:

– Ըստ էության, մարդիկ լավ օրից չէ, որ արտագաղթում են: Բոլոր ցուցանիշներով Սերժիկ Սարգսյանի իշխանությունը ձախողել է Հայաստանի Հանրապետությունը: Նայեք արտագաղթի, գործազրկության, աղքատության ցուցանիշները, մարզերի անհավասար զարգացումը, բյուջեի կենտրոնացումը, խտրականության խորացումը, էլ չեմ ասում պատերազմում տարածքների կորուստը:

Նա ամբախ-զամբախ խոսելու ցուցանիշներով գերազանցել է բոլորին: Ի վերջո, քաղաքական պատասխանատվություն պետք է ունենալ: Լավ, ենթադրենք՝ ոչ ոք քեզանից քաղաքական պատասխանատվություն չի պահանջում, ա՛յ ընկեր, բացիր քո նախընտրական խոստումները, կարդա, տես, թե ո՛ւր ես հասել, առա՞ջ ես տարել այս երկիրը, թե՞ հետ: Քո ճշտով ու գողականով պարզի՝ խոստումներդ կատարե՞լ ես: Քո սիրելի քրեական աշխարհի հետ պարզի՝ տղեն, որ իր ասածները չի անում, հետո ի՞նչ պիտի անի: Պիտի առնվազն թողնի ու կորի, որ իրեն այլևս չգտնեն:

Դու դա անելու փոխարեն համայնքապետներին հավաքում ու սկսում ես հեքիաթներ պատմել: Այդ մարդը բացարձակ տեղյակ չէ տեղական ինքնակառավարման համակարգից, նույնիսկ տեղյակ չէ, որ իր պաշտոնը զբաղեցնող անձը համայնքապետներին հաթաթա տալու իրավունք օրենքով չունի: Օրենքով համայնքապետների վրա որևէ վերադասություն չկա, ոչ մի վարչապետ, ոչ մի նախագահ չի կարող նման նկատողություն տալ համայնքապետներին:

Հանցագործությո՞ւն է եղել, դու ի՞նչ գործ ունես հանցագործությունների մասին խոսելու հետ, իրավապահ համակարգդ մեռե՞լ է, ղրկի, թող գնան ու լուծեն էդ հարցերը: Բա էդ ո՞վ է կերել համայնքի ունեցվածքը, ինչի՞ ես կոծկում, ի՞նչ իրավունքով ես կոծկում: Էդ ո՞նց եղավ, որ դու էդ մասին տեղյակ ես, իրավապահները տեղյակ չեն: Այս հարցերի պատասխաններն այդ մարդը չի կարող տալ: Այդ մարդը պատասխանատվության զգացում չունի, թռել է ռելսերից: Կարծում եմ՝ այս հայտարարությունն արտաքին օգտագործման համար էր, թե՝ Եվրամիությո՛ւն, տեսե՛ք՝ ես փոխվում եմ:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am