Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը գրել է.
«Անձնական կյանքի, այդ թվում՝ հաղորդակցությունների անձեռնմխելիության իրավունքը անձի՝ ՀՀ ներպետական և միջազգային օրենսդրությամբ երաշխավորված կարևոր իրավունքներից է, որը պետք է պաշտպանվի կամայական և անօրինական միջամտությունից: Ընդ որում՝ այդ իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված կարգով և միայն իրավաչափ հիմքերի՝ պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության և բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության անհրաժեշտության դեպքում, օրենքով սահմանված կարգով՝ դատարանի որոշման հիման վրա:
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն՝
1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, հասարակական կյանքի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:



















