Ընդդիմությունը դեռ չի մեկնաբանում իշխանության արձագանքը

Ընդդիմությունը զերծ է մնում մեկնաբանել իշխանությունների այն պնդումները, թե ընդդիմության հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ չի երկխոսելու:
«Ես ոչ մեկին չեմ կարող արգելել իրացնելու ազատ խոսելու իր սահմանադրական իրավունքը»,- «Մեդիալաբի» հետ զրույցում նշեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը:
Հիշեցնենք, որ «Մեդիալաբի» հետ զրույցում Շարմազանովը ասել էր, որ իշխանություննեևը ՀԱԿ-ի հետ չի քննարկելու արտահերթ ընտրությունների հարցը:

«Մենք արտահերթ ընտրությունների հավանականություն չենք տեսնում: Դրա համար ոչ իրավական, ոչ քաղաքական հիմքեր չկան, հետեւաբար որեւէ քաղաքական ուժի հետ արտահերթ ընտրությունների հարցը չենք քննարկելու: Մենք պատրաստ ենք քննարկել ներքին քաղաքական, սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքական խնդիրների հետ կապված հարցեր, բայց ոչ արտահերթ ընտրությունների հարցը»,- ասել է Շարմազանովը:

Մայիսի 31-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ընդդիմությունը պատրաստ է իշխանության հետ «ֆորմալ, այսինքն պատվիրակությունների մակարդակով երկխոսության»։

«Կոնգրեսի օրակարգը հայտնի է՝ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում»,- ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Իսկ հունիսի 2-ին տեղի ունեցած ՀԱԿ Քաղխորհրդի արտահերթ նիստի ընթացքում հաստատվել էր իշխանությունների հետ երկխոսության պատվիրակության կազմը:

© Medialab.am