Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի քրեականացման վիճակագրությունը. Fip.am

Հայաստանի կենդանասերները բաց նամակ են տարածել օտարերկրյա դեսպանատներին՝ ահազանգելով, որ թեև կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենք է ընդունվել, սակայն տեղի են ունենում անօթևան շների և կատուների զանգվածային սպանություններ։

«Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի բոլոր մարզերից ստանում ենք ահազանգեր կրակած շների վերաբերյալ: Զանգվածային սպանություններ են տեղի ունեցել Դիլիջանում, Կապանում, Արարատում, Արտաշատում և Գյումրիում, Ջերմուկում, Աբովյանում, Վանաձորում: Օրերս Գյումրիում հերթական շների սպանդն է տեղի ունեցել»,- կից լուսանկարներով գրել են կենդանասերները։ 

Կոչ-նամակում նաև նշվում է, որ Հայաստանի իշխանությունը շարունակում է տվյալ հարցը պահել անտարբերության սահմաններում, ոստիկանությունն էլ օրենքի համաձայն չի աշխատում: Մեղավորները շարունակում են մնալ անպատիժ:  

Նշենք, որ Հայաստանի Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածը կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսում է տուգանք ամսական եկամտի առավելագույնը քսանապատիկի չափով, ազատազրկում՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ հանրային աշխատանք՝ 80-150 ժամ տևողությամբ։ Օրենքը գործում է 2019 թ․ հոկտեմբերի 23-ից։

Կենդանասերների բարձրաձայնած խնդիրներին զուգահեռ, քաղաքացիներն են ահազանգում մարդկանց վրա շների հարձակումների մասին։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե որքանով են արդյունավետ Հայաստանում կենդանիների պաշտպանության իրավական կարգավորման մեխանիզմները և արդյո՞ք կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագիծը 4 տարիներին որևէ բան է փոխել։ 

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերը

Ոստիկանության տրամադրած տվյալների համաձայն՝ 2019-2022 թթ․-ին կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ ընդամենը 49 հաղորդում է ստացվել ոստիկանություն, 48-ի դեպքում քրեական գործ է հարուցվել։ Քրգործերից 6-ն են ուղարկվել դատարան, 6-ը կարճվել է, 27-ը՝ կասեցվել, 9 քրգործի ընթացք է տրվել։ Հարուցված քրգործերից 2-ը 2019 թ․-ին են եղել, 17-ը՝ 2020-ին, 16-ը՝ 2021-ին և 13-ը՝ 2022-ին։ 

«Դատալեքս» կայքից տեղեկանում ենք կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերով 5 քրեական գործերի մասին, որոնցից մեկի դեպքում մեղադրյալն արդարացվել է, մյուսների դեպքում պատիժ է նշանակվել՝ տուգանք 100,000 դրամի չափով: 

Օրենքը չի գործում, որովհետև չկան կիրարկման մեխանիզմները

Կենդանապաշտպան Մարի Տեր-Անտոնյանը FIP.am-ի հետ զրույցում ասում է, որ օրենքը չի գործում, նախ որովհետև թերի է և hստակ աշխատանքային մեխանիզմ չկա։ Նա օրինակ է բերում՝ օրենքով կա պահանջ կենդանու դատաբժշկական փորձաքննության, բայց բոլորի մոտ հարց է առաջնում՝ կենդանու մարմինն ո՞ւր պետք է տանել։ «Չունենք պետական անասնաբուժական կլինիկաներ, մասնավոր են եղածները, և բանականությունը հուշում է, որ պետությունը մասնավորների հետ գոնե պայմանագիր պետք է կապած լիներ, ինչը որևէ տեղ չի հիշատակվում։ Աբովյան քաղաք եմ գնացել, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի գործով, քննիչը հարցնում է, որ եթե կա սպանված շուն, որտեղ պետք է ուղարկի դատաքննության․․․ Գրել են մի բան, որը կիրառելի չէ»,- ասաց նա։ 

Հաջորդ պատճառը, ըստ նրա, հասարակության մտածելակերպի խնդիրն է․ «Ոստիկանություն ներկայացված դեպքերը իրական պատկերը չեն արտացոլում, որովհետև կենդանու սպանդի դեպքերը շատ-շատ են։ Մարդիկ չեն դիմում ոստիկանություն, հատկապես եթե դեպքը մարզերում է, գյուղերում է, դիմում-բողոքները գրում են հիմնականում ՀԿ-ներն ու անհատ կենդանասերները։ Աշտարակում շուն էին խորովել, բայց ահազանգողը չէր ցանկանում հասցե տրամադրել ինձ, որ ոստիկանություն դիմեմ, և երկար բանակցելուց հետո ասաց։ Ոստիկանները գնացել էին, հայտնաբերել կենդանու մարմինը ևս, բայց էլի գործը գնաց-կորավ»,- ասաց նա։

Կենդանապաշտպանը շարունակում է օրենքի անկատար լինելու պատճառները՝ նույնիսկ եթե ոստիկանության ես դիմում, հույս չկա, որ մեղավորները կպատժվեն։ «Որովհետև գործ են հարուցում, բայց շարունակություն չի ստանում», — նշում է նա և հասարակական հնչեղություն ստացած մի դեպք ներկայացնում, երբ շանը մեքենայից կապել և քարշ են տվել, ոստիկանությունը հայտնաբերել է մեղավորին, գործ է հարուցվել, սակայն մինչ օրս մեղավորները պատիժ չեն ստացել։ 

Մարի Տեր-Անտոնյանը նշում է, որ պետք է հարկել կենդանիներ բուծողներին։ «Շատ են  տարածված Հայաստանում հղի կենդանուն, որը տեր է ունեցել, դուրս վռնդելու դեպքերը, ընդ որում, մաքրացեղ կենդանիներ, հիմնականում՝ հասկիներ, լաբրադորներ, գերմանական հովվաշներ. շները չստերջացված վիճակում դուրս են նետվում»,- ասում է նա։ 

Նա նաև բարձրաձայնում է Տիկտոկ ցանցում շների մենամարտերի տեսանյութերի մասին այն դեպքում, երբ օրենքով շնամարտերը քրեորեն պատժելի արարք են համարվում։ «Մինչդեռ Տիկտոկի հարթակում բաց դրված է, Արաբկիրում դիմում եմ ներկայացրել, բայց որերորդ դեպքն է, գնում եմ, գրում բացատրագիր, բայց հետո որևէ առաջընթաց չի գրանցվում»,- ասում է նա։ 

Ըստ կենդանապաշտպան քաղաքացու՝ հասարակությունը բողոքում է, որ շները շատ են, որովհետև պետությունը որևէ քայլ չի անում, վիճակը բարձիթողի է։ «Պետք է ընդամենը եվրոպական հաջողված համակարգը ներդնել՝ պետական կացարաններ ստեղծել, խնդրահարույց կենդանիներին կացարաններում տեղադրել, կենդանիների պարտադիր հաշվառում լինի, մասսայական ստերջացում կատարել, ընդ որում՝ սկսելով մարզերից, պետական կլինիկաներ չկան»,- նշում է նա։  

Կառավարությունից խոստովանում են՝ թափառող շների հարցը բավական սուր է, բայց համայնքների տիրույթում է

Ի դեպ, մարտի 1-ին թափառող շների հարցը բարձրացվել էր նաև ԱԺ-ում։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հաստատել էր՝ թեև հարցը բավական սուր է, բայց համայնքների տիրույթում է և ոչ այդքան ֆինանսական խնդիրն է, որքան կազմակերպչական։ Ըստ նրա՝ մրցույթային գործընթացներ են իրականացրել, չկան մասնագիտացված կազմակերպություններ, որ գան ու մասնակցեն մրցույթներին։ Նրա խոսքով՝ հարցը լուծելու՝ մի շարք համայնքների փորձերը հաջողություն չեն բերում։

Սանոսյանի գնահատմամբ՝ հարցի լուծում կարող է լինել մարզային նշանակության կառույցների ստեղծումը, բայց այդտեղ էլ իրավական, բնապահպանական խնդիրներ կան։ 

Այսպիսով, դատելով կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին ընթացք ստացած դեպքերի քանակից և դրանց հետևանքներից, կարելի է եզրակացնել, որ Հայաստանում կենդանիների պաշտպանության իրավական կարգավորման մեխանիզմներն արդյունավետ չեն եղել։ 

Նելլի Լազարյան

Fip.am