Ձմեռ պապիկի արկղը, հեքիաթն ու հեքիաթը ստեղծողները. «Ալամեզոն» Բլոգ

Ձմեռ պապիկի արկղը, հեքիաթն ու հեքիաթը ստեղծողները. «Ալամեզոն» Բլոգ
Ձմեռ պապիկի արկղը, հեքիաթն ու հեքիաթը ստեղծողները. «Ալամեզոն» Բլոգ

Երբ Հայաստանում էի, չէի սիրում Նոր տարվա եռուզեռը, մի տեսակ արհեստական էր ինձ թվում տոնական «պարտադիր» սեղանը , նվերները, որ շատ հաճախ գտնում էինք ես և եղբայրս ` Ամանորից առաջ: Ավելի մեծ տարիքում էլ ավելի ատելի դարձավ ( աղջիկները կհասկանան ) 60 հատ «իդեալական» բլինչիկի շերտ, 5 կգ «Օլիվյե» աղցան կտրատել, բուդ, հավ , այսքանը կրել, կրել, կրել, բերել տուն…

Եվրոպայում տոն այլ կերպ են ընդունում. ոչ մի պարտադիր սեղան, ոչ մի հատուկ ուտեստ կամ պարտադիր տոնական հագուստ: Այս ամենի բացակայությունը տոնը այնքան յուրահատուկ է դարձնում: Քաղաքը լի  տոնական նուրբ, գեղեցիկ զարդարանքներով, որ երբեք չի հնանում: Դե իսկ տարբեր հաստատություններ իրենց հերթին սիրով և ոչ պարտադրված օգնում են, որպեսզի տոնը երեխաների համար լինի իրական  հեքիաթ:

Ֆրանսիայի քաղաքային փոստի  ` La poste  ի աշխատակիցը պատմում է.

– Այս գործին մոտենում ենք ամենայն լրջությամբ: Մեր բոլոր բաժանմունքներում կա Ձմեռ Պապիկի արկղը, որտեղ բոլորը կարող են գցել իրենց նամակը:

– Սա շատ բարի բան է, երեխան էսպես իրոք հավատում է հրաշքի, որ հենց Ձմեռ պապիկն է իրեն ուղարկում նվերը և պատասխան նամակը, -ասեցի ես

-Եվ դա իրոք էդպես է,- առանց կատակի ավելացրեց աշխատողը,- ոչ մի նամակ բաց չենք թողնում, այն ուղիղ գնում է Ձմեռ պապիկի քարտուղարներին, բոլոր նամակներին պատասխանում ենք և հնարավորինս բոլորին փորձում խրախուսական մի բան ուղարկել

Չնայած արդեն վաղուց դուրս եմ եկել մանկական տարիքից, բայց այնքան հուզվեցի, մի տեսակ հուզմունքից սիրտս նվաղեց: Այնքան հուզիչ էր այդ ամենը: Եվ իսկապես, ոչ միայն ֆրանսիական փոստը,  այլև քաղաքապետարանները, հանրային այլ ոչ կոմերցիոն վայրերը լի են Ձմեռ պապիկի արկղերով, իրական ակցիաներով, եւ Ամանորին ընդառաջ Ալզասի իմ փոքր անկյունում ես տեսնում եմ, թե օդը ինչպես է քիչ-քիչ լցվում հեքիաթով ու հեքիաթի սպասումներով:

Հայաստանում, ընկերներիս նկարներում ևս հանդիպեցի նմանատիպ բարեգործական ակցիաների: Էլի հուզիչ է, թեեւ այդ ամենը ի տարբերություն Ֆրանսիայի ոչ թե կառավարություն, այլ անհատներն են կազմակերպում: Մարդիկ չեն ընկճվում, փորձում են իրենց փոքր հնարավորություններով փոքր հրաշք ստեղծել այն երեխաների համար, ովքեր վաղուց միգուցե մոռացել են, թե հեքիաթն ինչ է:

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog