Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Վարդենիս համայնքում ձգձգվել էին կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքները

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնք կատարած աշխատանքային այցի ընթացքում դիտարկել է կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքները՝ Սոթք բնակավայրի ֆերմերային տնտեսություններից մեկում:Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից:

Տնտեսության ղեկավարի ներկայացմամբ՝ բերքահավաքի համար կան բավարար տեխնիկական միջոցներ եւ բանվորական ուժ, եւ խաղաղ պայմանների ապահովման, ինչպես նաեւ եղանակային բարենպաստ պայմանների դեպքում դրանք ավարտի կհասցվեն առաջիկա երկու-երեք շաբաթների ընթացքում։


Տնտեսության ղեկավարը միաժամանակ մարզպետին ներկայացրեց կարտոֆիլի պահեստներում ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով խափանված էներգամատակարարման վերականգնման հետ կապված խնդիրը եւ աջակցություն խնդրեց աշնանացանի համար սերմացուների ձեռքբերման ու մի շարք այլ հարցերում։


«Ադրբեջանական ագրեսիան շատ կողմերով խաթարեց մեր կենսագործունեությունը նաեւ գյուղատնտեսության ոլորտում։ Կիսատ մնացին ոռոգման աշխատանքները կարտոֆիլի դաշտերում, թշնամական սպառնալիքի պատճառով որոշակիորեն ձգձգվեցին նաեւ բերքահավաքի աշխատանքները։ Հիմա գոհացուցիչ է, որ բերքահավաքն ընթանում է անվտանգ պայմաններում, որ բավարար տեխնիկա եւ մարդուժ է ներգրավված բերքահավաքի աշխատանքներում։

Մեր հնարավորության սահմաններում կփորձենք օգնել ու աջակցել տնտեսություններին, որպեսզի բերքը հավաքվի անկորուստ ու ժամանակին, որպեսզի աշնանացանը հնարավորինս շատ մակերեսների վրա կատարվի, եւ որ այս ծանր վիճակը մեր սահմանամերձ համայնքների տնտեսությունները հաղթահարել կարողանան նվազագույն վնասներով»,-ներկայացրեց մարզպետ Կարեն Սարգսյանը։