Արցախում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել է 36 քաղաքացի, 115-ը վիրավորվել

Այս պահի դրությամբ Ստեփանակերտում և ընդհանրապես՝ Արցախում տեղի ունեցած հրթիռահրետանային հարձակումների հետևանքով առնվազն 36 քաղաքացիական զոհ է եղել։ 115 մարդ վիրավոր է։ Այդ մասին այսօր ճեպազրույցում հայտարարեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

36 քաղաքացիական զոհերից 20-ը սպանվել են իրենց բնակության վայրում, ինչը, ըստ Բեգլարյանի, նշանակում է, որ անակնկալ և թիրախային հարձակման հետևանքով են եղել այս դեպքերը։

Արցախի ՄԻ պաշտպանը տեղեկացրեց, որ 36 քաղաքացիական զոհերից ութը կին է, մոտ կեսը՝ 50-ից բարձր տարիքի։

«Պատերազմական գործողությունների առաջին օրից իմ որոշմամբ ձևավորվել է փաստահավաք խումբ, որն առ այսօր փաստագրում է քաղաքացիական բնակչության և զինծառայողների հանդեպ տեղի ունեցող իրավախախտումները։ Արդեն երկու միջանկյալ զեկույցներ ենք ներկայացրել, տարբեր հաղորդագրություններ։

Երեկ ամփոփեցի մեկ փակ զեկույց՝ ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից հայ քաղաքացիական անձանց եւ զինծառայողների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ։ Զեկույցը փակ է, քանի որ կան դեպքեր, որոնք դաժան պատկերներ են պարունակում։

Արդեն բավականին շատ խողովակներով համապատասխան միջազգային կառույցներին ուղարկել ենք և շարունակում ենք ուղարկել», -տեղեկացրեց Բեգլարյանը։

https://www.facebook.com/ArtsakhInformation/videos/3743375639030314