Գրիգոր Արեշյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` անվանի հնագետ Գրիգոր Արեշյանի
մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի
նախագահությամբ:

Գրիգոր Արեշյանը ծնվել է 1949 թ. մայիսի 13-ին Երևանում: 1970 թվականին
ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը: 1981 թվականին Գ. Արեշյանի
նախաձեռնությամբ և մասնակցությամբ ԵՊՀ-ում ստեղծվել է հնագիտական
հետազոտությունների գիտական լաբորատորիան, որն էլ ղեկավարել է մինչև 1987
թվականը: 1987-1991թթ. նա զբաղեցրել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի տեղակալի պաշտոնը:

Մեծ է նրա ավանդը ՀՀ տարածքի հնագիտական հուշարձանների դաշտային հետազոտությունների ոլոտում, հայաստանյան հնագիտության միջազգայնացման, հայ-ամերիկյան գիտական կապերի ընդլայնման ու ամրապնդման գործում: Անկախության առաջին տարիներին Գ. Արեշյանը ներգրավվել է նաև երկրի կառավարման գործում՝ 1991-1992թթ. զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը,

Նա ավելի քան 150 գիտական աշխատանքների հեղինակ է, որոնք հրատարակվել են 5 լեզուներով՝ 12 երկրներում:

Նախարար Արայիկ Հարությունյանն իր վշտակցությունն է հայտնել Գրիգոր
Արեշյանի մահվան կապակցությամբ՝ մասնավորապես նշելով. «Ցավում եմ Գրիգոր
Արեշյանի մահվան կապակցությամբ: Հնագիտության ոլորտը մեծ կորուստ ունեցավ՝ ի դեմս աշխարահռչակ հնագետի և գիտնականի: Լիահույս եմ, որ նրա թողած ժառանգությունը նորովի կգնահատվի և կշարունակվի սերունդների կողմից»:

Հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում:

Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։