Ռուսաստանի դեսպանն այցելել է Տավուշի մարզ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին տեղեկացնում ենք մարզպետարանի հաղորդագրությունից։

Մարզպետ Հայկ Ղալումյանը ներկայացրել է վերջին շրջանում Տավուշի մարզում իրականացված աշխատանքները։ Մարզպետն անդրադարձել է նաև մարզում տուրիզմի զարգացմանը և գյուղատնտեսությանը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել է Տավուշի մարզի ընթացիկ վիճակն ու համագործակցության ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները գյուղատնտեսության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում»,-նշված է հաղորդագրության մեջ:

Այնուհետև մարզպետ Հայկ Ղալումյանի ուղեկցությամբ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ և Իջևանի գինու գործարան: