Արման Մուսինյան. «Սառը վաննան օգտակար կլինի Գալուստ Սահակյանին»

Իշխող հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ընդդիմություն-իշխանություն երկխոսությանը հայտարարել է, թե «վախեցած լռում ենք, տեսնենք՝ ինչ են անելու, երեք տարի է՝ ասում են, մենք էլ վախեցած սպասում ենք, ասում՝ մի փոքր էլ համբերեն»:

« Ամեն դեպքում, «երկխոսությունը կկայանա՞, թե՞ ոչ» հարցին Սահակյանը պատասխանել է. «Մենք բազմիցս ասել ենք, որ պատրաստ ենք երկխոսել թեկուզ այս ակումբում, եթե իրենց լավ պահեն՝ «Օջախ» ռեստորանում կամ` Սեւանում հանրային լողափեր են բացվել, բայց մենք երկխոսելու ենք, ոչ թե բանակցելու»:

Ի պատասխան Սահակյանի այս հայտարարության, ընդդիմադիր Հայ ազգային Կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը «Մեդիալաբի» հետ զրույցում հայտարարեց, թե «Գալուստ Սահակյանին նյարդայնացնում է նախ իր զրո դերակատարությունը քաղաքական կյանքում կամ չդերակատարությունն ընդհանրապես, ինչպես նաեւ այն որ Կոնգրեսը, անկախ իշխանության բառախաղերից, ստիպում է վարչախմբին մտնել քաղաքական գործընթացի մեջ»:

«Իսկ մնացյալ մտավարժանքների մասով ոչնչով չեմ կարող օգնել: Թերեւս միայն սառը վաննան կարող է օգտակար լինել իրեն»,- հայտարարել է Մուսինյանը:

© Medialab.am