«Ինձ ասում են՝ նորից երեխա բեր, բայց տենց երեխեքը 100 տարին մեկ են ծնվում»․ Արմինեն որդուն պատերազմում կորցնելուց հետո ասում է՝ «Ես էլ եմ մահացել»

«41 տարեկան եմ, բայց ես չեմ ապրում, ես չկամ, ստիպված շնչում եմ»,- հուզմունքով ասում է Արմինե Զախարյանը, որը 44-օրյա պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին, կորցրել է որդուն։

20-ամյա Ռուբիկ Գուլեյանը ժամկետային զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Մայրն ասում է՝ որդու մարտական ընկերներից է իմացել պատերազմին տղայի ակտիվ մասնակցության և հերոսական գործողությունների մասին, մինչդեռ որդին, լինելով համեստ և զուսպ, ընտանիքի անդամներին հանգստացրել է, որ ներգրավված չէ թեժ մարտերում։

«Ասում էր՝ մենք կռվի դաշտում չենք, մեզ հեռու են պահում։ Հետո Մարտունի 1-ից մեկի ծնողը մոտեցավ, փաթաթվեց, ասեց՝ քո տղան իր կյանքը վտանգելով՝ իմ տղային պոստում վերարկու ու բատինկեք ա հասցրել: Ասեցի՝ ո՞նց թե, բա ասում են՝ երեխեքին հե՞տ են քաշել, պայմանագրայիններն են առաջնագծում։ Տղաս մեզ ոչինչ չէր պատմում։ Ամեն զանգելուց ասում էր՝ ընտիր-ընտիր ա։ Ասում էր՝ չվախենաք, պատերազմը՝ ուր, մենք՝ ուր։

Տղաներից պատմել են, որ մի օր էլ սնարյադներով անընդհատ նենց են խփել, 20 հոգի նստած՝ ոչ մեկը դուրս չի եկել, տղաները նեղվել են: Ասում են՝ մենակ Ռուբիկն ա սողեսող, սնարյադների տակով եկել, ասել ա՝ ոչ մեկը չգա, ինչ լինելու ա, թող ինձ լինի, գնացել ա, կապը վերականգնել»,- ասում է մայրը։

Ռուբիկը երեք ընկերների հետ միասին 44 օր շարունակ սնունդ, ջուր, հագուստ, զենք ու զինամթերք է հասցրել դիրքեր՝ անցնելով թեժ կետերով՝ անմիջապես արկերի հարվածների ներքո։ Մոր խոսքով՝ սնունդ հայթայթելու և մատակարարելու համար տղաները բադ, անասուն են մորթել, գիշերներն էլ զոհվածների մասունքներ ու վիրավորներ տեղափոխել։

«Բազմաթիվ երիտասարդներ են եկել, իրանց վաշտի տղաները, ասել են՝ էդ չորս տղերքը Մարտակերտի առյուծն էին, իրանք են մեզ պահել, ի՛նչ հրամանատարություն, ի՛նչ բան, իրանք չլինեին՝ մենք վաղուց անջուր-անհաց մեռած կլինեինք»,- հուզմունքով պատմում է մայրը։

Մայրը հիշում է, որ երբ տղան բանակ էր զորակոչվել և պարզվել էր, որ Մարտակերտի զորամասում է ծառայելու, ուրախ զանգել էր և մորը հայտնել, որ իր համար մեծ պատիվ է, քանի որ Ռոբերտ Աբաջյանի և Քյարամ Սլոյանի զորամասում է ծառայելու․

«Հենց էդ ժամանակ սրտումս նենց վախ ընկավ, ասեցի՝ Ռուբի՛կ, հենց հիմա ինձ խոսք ես տալիս, որ քեզ պետք ա լավ պահես, գաս ինձ հասնես, ասեցի՝ ինձ հերոս պետք չի… Ասեց՝ խոսք եմ տալիս։ 

Պատերազմի ժամանակ մի անգամ էլ հիշացրի, ասեցի՝ Ռուբի՛կ, դու ինձ խոսք ես տվել՝ քեզ լավ պահես, բայց էդ ժամանակ ինքը լռեց, ոչ մի բան չասեց»,- կսկիծով հիշում է 41-ամյա կինը։

Մայրը պատմում է, որ նոյեմբերի 9-ին, երբ որդին զանգել է, միայն այդ օրն է ասել, որ բոլորին կարոտել է ու նշել, որ հակառակորդը շատ դաժան զենքերով է կրակում:

«Ասեց՝ երկինքն ու երկիրը դղրդում են։ Եղբոր հետ խոսելիս էլ ասել ա՝ լավ սովորի, իմացի՝ պապան, մաման ինչ կուզեն, իրանց համար արա, ես երևի էլ չգամ, նենց դաժան պատերազմ ա»,- հուզվում է Արմինեն ու ասում, որ, ճիշտ է, ասել են, թե «Բայրաքթարի» հարվածից են որդին ու մյուս երեք տղաները զոհվել, բայց ինքը ոչ մի կերպ չի հավատում:

«Բոյ չի եղել, հարձակում չի եղել, մեքենային բան չի եղել, հեռախոսին բան չի եղել։ Մեզ մոտ կասկած կա՝ էդ ի՞նչ եղավ հրադադարից մի ժամ առաջ։ 44 օր սնարյադների տակ սնարյադ են հասցրել տանկերին, էդ ի՛նչ եղավ վերջին պահին, թե՞ երեխեքը կամա թե ակամա շատ բան գիտեին: Ո՞ւր էին հրամանատարները։ Ես ինքս չեմ հավատում, որ մեր երեխեքին թուրքն ա խփել»,- մտահոգ ասում է մայրը։

Արմինեն ասում է՝ որդուն հետմահու պարգևատրել են Արիության մեդալով, բայց հանձնել ոչ պատշաճ կերպով։

«Հայաստանի իշխանությունները մակարդակ չունեցան, բերել են հայրական տանս մոտ, գաղտագողի, թաքուն տվել ու գնացել են։ Դա հանձնե՞լ ա»,- նեղսրտած ասում է մայրը։

«Ասում են՝ պիտի հպարտանաք, բայց ինչո՞վ, էդպիսի դյուցազնի եմ հանձնել հողին։ Ինչի՞ համար, անարժան մեծավորների՞ համար, իրանց երեխաներին ի՞նչ ա եղել, ոչ մի բան։ Տղուս հագը անգամ բրոնեժիլետ ու կասկա չի եղել, հանել, տվել ա պոստի երեխեքից մեկին, որովհետև երեխեքի մոտ չի եղել»,- հուզմունքի պատճառով խոսքն ընդհատում է Արմինեն։

Արմինե Զախարյանը որդու հետ։ Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից։

Ռուբիկ Գուլեյանը գերազանցությամբ ավարտել է Երևանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջը, հետո ընդունվել Էրեբունի հայկական  բժշկական ինստիտուտ՝ ընդհանուր բժշկության ֆակուլտետ: Մայրն ասում է՝ որդին երազում էր դեղատնային ցանց ունենալ, որպեսզի դեղերով ապահովեր բոլոր հոսպիտալները։

Մոր խոսքով՝ Ռուբիկն առանձնահատուկ էր, խելացի, բոլորին հասնող, օգնող, բնավորությամբ՝ հանգիստ, չափված-ձևված:

«Չաստում էլ իրան Սուրբ Գուլե են ասել, ինչ հարց եղել ա, իրան են դիմել, ոչ մեկին չի նեղացրել, հասել է, օգնել, չէր խմում, չէր ծխում։ Մարտունիում բոլորը իրան ճանաչում էին, հարևաններն անունը փրկիչ էին դրել։

Ինքն էնքան սիրուն էր, ասում էի՝ Աստվա՞ծ ա էսքան գեղեցիկ ստեղծել՝ հաղթանդամ, թիկնեղ, գեղեցկադեմ, սև աչք-հոնքով:

Ինձ ասում են՝ նորից երեխա բեր, բայց տենց երեխեքը 100 տարին մեկ են ծնվում։ Տարան-կոտորեցին, ցեղասպանեցին… Իմ ընտանիքը ցեղասպանվել ա»,- կսկիծով ասում է Արմինեն։

Արփինե Արզումանյան

MediaLab.am