«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ-ում չստացավ բավարար ձայներ:
Քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը հայտարարել է, որ եթե կաթողիկոսը հատուկ պաշտպանության կարիք ունենա, ապա կառավարությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի, հետեւաբար նման օրենքի կարիք չկա: Այլ պատգամավորներ էլ հիմնավորում էին, որ Կաթողիկոսը իր ժողովրդից պաշտպանվելու կարիք չունի:
Դա, սակայն, խիստ զայրացրեց ՀՀԿ խմբակցության պատգամավորներին: Մարգարիտ Եսայանը հայտարարեց, թե եթե այդպես է, ուրեմն թող վարչապետն էլ թիկնազոր չունենա: Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե իր կարծիքով` դա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն էր:
«Հայ ժողովրդի առաջ պետք է պատասխան տան այն ուժերը, որոնք սնում են աղանդավորներին, սեռական փոքրամասնությունների՝ գոմիկների քարոզ են իրականացնում եւ երկրորդական դարձնում եկեղեցու պաշտպանությունը: Հայկը չի կարող պարտվել Բելին, մենք հաղթելու ենք, հաջողություն ձեզ»:
Այս խոսքերից հետո որոշ ՀՀԿ-ականներ լքեցին նիստերի դահլիճը: Արդյունքում օրինագիծը ստացավ ընդամենը 28 կողմ ձայն:
Նշենք, որ օրենքում փոփոխություններ անելու նախագծի հեղինակը ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանն է: