Որևէ մեկը չի ցանկանա մի քանի ամսով աշխատել ԱԳ նախարար և վերջ դնել իր քաղաքական կարիերային. Սուրեն Սարգսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը

– Պարո՛ն Սարգսյան, նախօրեին հրաժարականի դիմում ներկայացրեց ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։ Հրաժարականին նախորդել էր իրավիճակի վերաբերյալ Փաշինյանի ներկայացրած պլանը, ըստ որի՝ Սոթքից Խոզնավար հատվածում միջազգային դիտորդներ տեղակայել՝ ռուսական կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության երկրների, իսկ երկու կողմերի ստորաբաժանումները հետ քաշել։ Ինչպե՞ս եք գնահատում, կապ տեսնո՞ւմ եք ներկայացված պլանի և հրաժարականի միջև։

– Նախ՝ ԱԳ նախարարի պաշտոնակատարի հրաժարականի մասին շատ վաղուց էր տեղեկատվություն տարածվել, բայց, կարծում եմ, հրաժարականն ավելի ուշ տվեց, քանի որ Հայաստանում էր Իրանի ԱԳ նախարարը և ճիշտ չէր լինի, եթե նրան դիմավորեր այլ պաշտոնյա, ոչ ԱԳ նախարար։

Կարծում եմ՝ բացառապես այս հանգամանքով պայմանավորված՝ նա մի քանի օր ավելի պաշտոնավարեց: Չեմ բացառում, որ ԱԳՆ-ում որևէ փաստաթուղթ չեն էլ տեսել, չեն էլ իմացել, որովհետև փորձը ցույց է տալիս, որ Փաշինյանը կարող է մի բան բանակցել, որի մասին որևէ մեկը տեղյակ չէ, այդ թվում՝ այն գերատեսչությունը, որը պատասխանատու է ցանկացած տեսակի բանակցությունների համար։

– Ներկայացված պլանի հետ որևէ կապ չունի՞ նախարարի հրաժարականը։

– Կարծում եմ՝ միգուցե կապը կա, միգուցե եղել է նման քննարկում, միգուցե մի մասը գիտի այս պլանից։ Դժվար է ասել, քանի որ տեղեկատվությունը քիչ է, որպեսզի կարողանանք իրավիճակը ճիշտ վերլուծել։

Համենայնդեպս, ես կարծում եմ՝ ցանկացած ԱԳ նախարարի կամ ցանկացած նախարարի համար չափազանց բարդ է աշխատել այս միջավայրում։

– Նշվում է, որ հրաժարականների շքերթը շարունակվելու է, առաջիկայում կլինեն հրաժարականներ ուժային տարբեր կառույցներից՝ ոստիկանություն, ԱԱԾ և այլն։ Ինչո՞ւ հիմա, երբ ընտրություններին հաշված օրեր են մնացել։

-Տեսեք, որևէ մեկը չի ուզում մեծ պատասխանատվության տակ մտնել այս ծանր,  այսպիսի պատմական ժամանակահատվածում, որևէ մեկը չի ցանկանա մի քանի ամսով աշխատել ԱԳ նախարար կամ այլ նախարար և դրանով իսկ վերջ դնել իր քաղաքական կարիերային։

Այնպես որ սա է ընդհանուր իրավիճակը, և ես կարծում եմ, որ հիմա դժվար կլինի գտնել ինչ-որ մարդկանց՝ բացառությամբ վարչապետի ամենանեղ շրջապատի, որոնք կգնան այս պատասխանատվության։

– Արա Այվազյանը՝ որպես ԱԳ նախարար, այս կարճ ժամանակահատվածում որքանո՞վ արդարացրեց իրեն։

– Այս կարճ և բարդ ժամանակահատվածում որևէ մեկը չի կարող իրեն արդարացնել օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ ԱԳ նախարարը, ցանկացած դեպքում, միայնակ է մնացել, որովհետև քաղաքական և դիվանագիտական որոշումները կայացվում են շատ հաճախ առանց ԱԳ նախարարի գիտության, և սա, բնականաբար, լուրջ խնդիր կարող է առաջացնել ցանկացած նախարարի, ցանկացած դիվանագետի համար։

– Ի՞նչ եք կարծում Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նոր պլանի վերաբերյալ։ Հայաստանն այլևս հույսեր չի՞ կապում ՀԱՊԿ-ի հետ:

– Կարծում եմ՝ Հայաստանն առաջին հերթին իր զինված ուժերի հետ պետք է հույսը կապի, որովհետև զինված ուժերի թիվ մեկ առաքելությունը, թիվ մեկ խնդիրը սահմանների անառիկությունն և տարածքային ամբողջականության ապահովումն է, որը մեր բանակը չի անում։

Եվ այս դեպքում ուրիշի վրա հույս դնելը մի փոքր անտրամաբանական է, մանավանդ որ մենք, այդուհանդերձ, ունենք զինված ուժեր։ Այնպես չէ, չունենք զինված ուժեր, և մեր հույսը պետք է բացառապես ՀԱՊԿ-ի վրա դնել։

Բայց մենք հիմա գործ ունենք գլոբալ վախի և բարդույթի հետ, որը կարծես թե իշխանությունները չեն կարողանում հաղթահարել։

– Այս իրավիճակը ինչի՞ կարող է հանգեցնել արտաքին ճակատում։

– Եթե իշխանությունները վերընտրվեն, ապա դեպի լավ որևէ բան չպետք է սպասել։ Երկրում լարվածությունը շարունակելու է մնալ պիկի վրա, և Հայաստանի ամբողջ ռեսուրսը դրվելու է ներքաղաքական պայքարի վրա՝ դրանով իսկ բացառելով արտաքին էֆեկտիվ քաղաքականություն և դիվանագիտություն։

– Առաջիկայում ԵՄ երկրների ԱԳ նախարարները կայցելեն Կովկասի երեք երկրներ, այդ թվում՝ Հայաստան։ Ի՞նչ կարելի է ակնկալել այս այցից։

– Կարծում եմ՝ սա ավելի շատ ճանաչողական այց է լինելու՝ իրավիճակին ծանոթանալու, հասկանալու՝ ինչ է իրականում տեղի ունենում, ինչ-որ առումով ԵՄ-ն հետաքրքրված է տարածաշրջանով։

– ԱՄՆ տարբեր կոնգրեսականներ շարունակում են Ադրբեջանին դատապարտող հայտարարություններով հանդես գալ, Ադրբեջանի հարձակումը նողկալի համարել։ Այս ակտիվացումն ինչո՞վ է պայմանավորված։

– Պայմանավորված է հայկական լոբբիստական աշխատանքով, ուրիշ ոչնչով։ Մեր դիվանագիտությունը, բնականաբար, գոյություն չունի, արտաքին քաղաքականություն գոյություն չունի, և սա բացառապես մեր համայնքի և լոբբիստների աշխատանքով է պայմանավորված։

– Ի՞նչ արդյունք կարող ենք ակնկալել։

– Այս իշխանությունների օրոք, բնականաբար, որևէ արդյունք չենք կարող ակնկալել, որովհետև բոլոր հնարավորություններն անմիջապես մսխվում են, և որևէ լուրջ, հետևողական աշխատանք այդ ուղղությամբ չի կատարվում։

Մանե Հարությունյան

Medialab