Չնայած դեռեւս մի քանի տարի առաջ 62 մետր բարձրություն ունեցող հայտնի Կիեւյան կամրջի շրջակայքում փակցված պարզ ուղերձով թերթիկները մարդկանց կոչ էին անում ընտրել կյանքը եւ ոչ թե մահը, այնուամենայնիվ վերջին տասը տարիների ինքնասպանությունների եւ փորձերի աճի շուրջ 104 տոկոս աճը, եւ շարունակվող միտումները լուրջ մտահոգությունների առիթ են տալիս:
Թեեւ Հայաստանում վերջին 5 տարիներին աղքատության աճը, երբ երկրում պաշտոնապես աղքատ է համարվում ամեն երրորդ բնակիչ, սոցիալ-տենտեսական եւ հոգեբանական դժվար վիճակը շատերին անհուսության դուռն են հասցրել, այնուամենայնիվ հոգեբանները, սոցիոլոգները եւ ոլորտն ուսումնասիրող մասնագետները վստահ են, որ ինքնասպանությունների դինամիկ աճում խթանիչ դեր կատարում նաեւ հայկական լրատվամիջոցներում ինքնասպանությունների էթիկայից դուրս խրոնիկաները, մանրամասն նկարագրությունները, որոնք հաճախ ուղեկցվում են սարսափազդու լուսանկարներով:
Ամենօրյա ինքնասպանությունների եւ փորձերի մանրամասն լրատվական խրոնիկոնի մեջ, վիճակագրությունը փաստում է. 2003-2013 թվականներին, չնայած երկրից արտագաղթի մեծ հոսքին, ինքնասպանությունների եւ ինքնասպանության փորձերի թիվը թռիչքային աճ են արձանագրել` 377-ից հասնելով 768-ի:
«Հայաստանում ինքնասպանությունների դեպքերի ամբողջական ուսումնասիրություն թեեւ չկա, սակայն վաղուց ապացուցված է. լուսաբանելով ինքնասպանությունը` ճանապարհ է ցույց տրվում մարդկանց, ովքեր սահմանային վիճակում են գտնվում,- «Մեդիալաբին» ասում է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի նախագահ, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը,- մեկի համար լուրը` սենսացիա է, մյուսի համար` աճող վիճակագրություն»:
Վիճակագրական տվյալներն ավելի քան խոսուն են: Չնայած արտագաղթի հետեւանքով երկրի բնակչության թիվը պաշտոնական թվերով վերջին 5 տարիներին նվազել է շուրջ 240 հազարով, ինքնասպանության փորձերի եւ ինքնասպանությունների ցուցանիշներն անարգել շարունակել են աճել` լրատվական բաց լուսաբանումներին զուգահեռ:
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի`ԱՎԾ տրամադրած հաշվետվական տվյալների, եթե 2003-ին արձանագրվել է ինքնասպանության եւ փորձի 377 դեպք, ապա 2004-ին այդ թիվը հասել է 385-ի, 2005-ին` 399-ի, 2006-ին` 465-ի, 2009-ին`498-ի: 2011թ-ին, երբ լրտավամիջոցները սկսեցին ակտիվորեն լուսաբանել ինքնասպանության դեպքերը արձանագրվել է 647 ինքնասպանության եւ ինքնասպանության փորձի դեպք, 2012թ-ին` 740, իսկ 2013թ-ին` 768 դեպք:
Դեպքերի գերակշիռ մասը տեղի է ունեցել կամ կախվելու, կամ բարձրությունից` կամրջից ցած նետվելու եղանակով, ինչը եւ հաճախ տեղ է գտնում լրահոսում:
«Ինքնասպանությունների դեպքերի եւ փորձերի աճ կա, սակայն այնքան շատ են պատճառները, որ չափազանց դժվար է ինչ որ բանով պայմանավորվել, իրավիճակի համար լուրջ հետազոտություն է պետք»,- «Մեդիալաբին» ասում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Սակայն, ի տարբերություն Կույումջյանի, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի սոցիալական հոգեբանության ամբիոնի դոցենտ Վլադիմիր Միքայելյանը նշում է, որ մեր ժամանակներում, երբ ինտերնետ հասանելիությունը շատ մեծ է, լրատվամիջոցների ազդեցությունը` մեծ, միջազգային հետազոտությունների վրա հիմնվելով՝ ակներեւ է, որ կապ լուսաբանման եւ դեպքերի աճի միջեւ գոյություն ունի:
«ԶԼՄ-ները շատ կարեւոր դեր են խաղում հասարակության վրա ազդեցության առումով, – «Մեդիալաբին» ասում է Միքայելյանը,- բավականին շատ է գրվում ինքնասպանների մասին, իսկ եթե մի երևույթ անընդհատ շեշտվում է, ապա այն աստիճանաբար վերածվում է նորմի։ Երբ մարդիկ մշտապես լսում են այն մասին, թե ինչպես են մյուսները նետվում կամուրջներից, կախվում են` փորձելով կյանքին վերջ տալ, ապա այդ մեթոդները սկսում են ընկալվել որպես խնդրի լուծման նորմալ ձև, թեև իրականում այդպես չէ։ Նման երեւույթների նկատմամբ տաբուների առկայությունը շատ կարեւոր է, ինչը չկա: Տաբուները երբ խախտվում են, ամեն ինչ սկսում է նորմալ ընկալվել` այդ թվում եւ ինքնասպանությունը»:
Եթե տարիներ առաջ ինքնասպանությունների դեպքերի մասին հատուկենտ հիշատակումներ կային լրատվամիջոցներում, ապա վերջին մի քանի տարիներին, ինքնասպանությունների թվին աճին զուգահեռ բուռն զարգացում են ապրում «թեմատիկ» լուսաբանումները` որոնք ամենայն մանրամասնությամբ ցուցադրում են ոչ միայն ինքնասպանություն գործած անձի մարմինն ու վայրը, ուր տեղի է ունեցել դժբախտությունը, այլեւ լրագրողները տեղում ռեպորտաժներ պատրաստում դեպքի մասին, մինչ հետին պլանում հարազատները սգում են հարազատի կորուստը:
Ինքնասպանությունների եւ ավտովթարների խրոնիկայի լուսաբանման ամենակարկառուն ներկայացուցիչը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սակայն, չի կիսում այն տեսակետը, որ տարբեր ռակուրսներով արյունոտ տեսարաններ նկարահանելը եւ ինքնասպանության մասին խոսելը նպաստում է դեպքերի ավելացմանը:
«Այն մասնագետները, ովքեր ինքնասպանությունների աճը կապում են լուսաբանման հետ գլուխները պատով են տալիս, նրանք ավելի լավ ա գնան հոգեբույժների մոտ,- «Մեդիալաբին» ասում է Շամշյանը:-Եթե դեպք ա տեղի ունենում չնկարե՞նք, ցույց չտա՞նք: Ավելի լավ ա էդ մասնագետները բարձրաձայնեն սոցիալական անապահովության, դատարանների անարդարության եւ տենց բաների մասին: Մեկը մյուսի հետ ոչ մի կապ չունի: Թող երբեք չմեղադրեն լրագրողին»:
Սակայն, ԶԼՄ-ների ազդեցությունն ու ինքնասպանությունների միջեւ կապը նորություն չէ հետազոտողների համար: Այս թեմայով ավելի քան հարյուր միջազգային հետազոտություններ կան, որոնք խոսում են «Վերթերի սինդրոմի» մասին (Գյոթեի «Երիտասարդ Վերթերի տառապանքները» վեպում գլխավոր հերոսը նամակների տեսքով իր դրամատիկ տառապանքները թղթին հանձնելուց հետո ինքնասպան է լինում):
Օրինակ, Ավստրալիայի Ֆլինդերսի համալսարանի սոցիոլոգ Ռիազ Հասանի 1995 թվականի ուսումնասիրությունը հստակորեն ցույց էր տալիս ինքնասպանությունների լուսաբանման եւ դեպքերի աճի միջեւ կապը: Շուրջ 9 տարի տեւած ուսումնասիրության ժամանակ, ուսումնասիրվել է երկու խոշորագույն ավստրալիական օրաթերթերի ինքնասպանությունների մասին հրապարակումները եւ ազդեցությունը ինքնասպանությունների թվի աճի միջեւ: Արդյունքները ցույց են տվել, որ ինքնասպանության միջին ցուցանիշները զգալիորեն մեծացել են ամեն հրապարակումից հետո երրորդ օրը: Ըստ Ռիազ Հասանի ուսումնասիրության, ազդեցությունն առավելապես մեծ է եղել տղամարդկանց վրա: (Ավելին` 2010-ին հրատարակված Suicide and the news and information media ձեռնարկում):
ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Վահրամ Միրաքյանը նշում է, որ ԶԼՄ-ներով ինքնասպանությունների լուսաբանման ու իրական կյանքում ուղիղ ազդեցության կապի մասին հեծանիվ հայտնաբերել պետք չէ, քանի որ վաղուց ուսումնասիրություններ ու ապացույցներ կան : Նա մեջբերում է 1947-1968 թթ Կալիֆորնիայի Սան Դիեգո համալսարանի սոցիոլոգ Դեյվիդ Ֆիլիփսի լայնամասշտաբ ուսումնասիրությունը, որի մասին խոսում է նաեւ երկու տարի առաջ հրատարակած իր` «Ագրեսիվ հեռուստատեսության հետեւանքները» ուսումնասիրության մեջ:
«Ֆիլիփսը վերցնում էր որևէ ինքնասպանություն, որը լայնորեն լուսաբանվել էր մամուլում, եւ վիճակագրությունը, թե լուսաբանումից հետո ինչն է փոխվում,- «Մեդիալաբին» ասում է Միրաքյանը,- Բոլոր դեպքերում աճ էր նկատվում, ու հենց այնպիսի ձևերով ինքնասպանությունների աճ, որ ձևով որ լուսաբանվում էր»:
Թեեւ Հայաստանում նմանօրինակ որեւէ հետազոտություն չի կատարվել, այնուամենայնիվ միայն դեկտեմբերի վերջին 20 օրերի ընթացքում, հանրապետության տարբեր շրջաններում կախվելու միջոցով ինքնասպանության առնվազն 6 դեպք հաջորդել է մեկը մյուսին, ինչը լուսաբանվել է տարբեր լրատվամիջոցներում, ուղեկցվել տարբեր լուսանկարներով, տարածվել սոցիալական ցանցերով, բազմաթիվ լայքեր ստացել:
«Այն ինչ տեղի է ունենում ներկայումս մեդիա դաշտում այս առումով ուղղակի անբարոյականություն է,- «Մեդիալաբին» ասում է ռեժիսոր Արշակ Զաքարյանը:
Նա նշում է, որ ինքնասպանություններ լուսաբանելով լրատվամիջոցները փորձում են ընթերցողներ հավաքել, հայտնի դառնալ: Բացի այն, այդ ամենը նստում է մարդկանց ենթագիտակցության մեջ, ոտնահարվում են մարդկանց իրավունքները:
«Ինչպե՞ս կարելի է այդ կերպ անարգել մարդկանց, հանգուցյալին: Ես ինքս ուսումնասիրել եմ խնդիրը, եւ հասկացել եմ, որ ինքնասպանության լուսաբանման եւ դրան հետեւած մահերի միջեւ ուղիղ կապ կա: Մի դեպքին հետեւում է նմանատիպ այլ դեպքեր, քանի որ լուսաբանմամբ լրատվամիջոցները ճանապարհ են ցույց են տալիս այն մարդկանց, ովքեր սահմանային վիճակում են գտնվում: Եթե մի քանի աղմկահարույց դատական գործեր լինեն հանգուցյալի հիշատակը նման ֆոտոսեսսիաներով նսեմացնելու հետ կապված, իրավիճակը կփոխվի»,-վստահ է նա:
Արշակ Զաքարյանը, այլ ձեւով որոշեց պայքարել ինքնասպանությունների դեպքերի թեժացած լուսաբանման դեմ: Զաքարյանի կարճամետրաժ` «Անպետքը» ֆիլմը հակառակ ուղերձն ուղարկեց մարդկանց. պայքարել եւ ապրել:
«Միանշանակ լուսաբանման առումով պիտի փոփոխություն լինի: Նման երեւույթների նկատմամբ տաբուների առկայությունը շատ կարեւոր է,- «Մեդիալաբին» ասում է հոգեբան Վլադիմիր Միքայելյանը:
Պետք է արդյո՞ք քայլեր ձեռաներկել եւ վերահսկողություն սահմանել լուսաբանման այս ոլորտում, Վահրան Միրաքյանը կարծում է, որ` այո:
«Եթե մարդու կյանքն ավելի կարևոր է, քան լրատվամիջոցի` տրաֆիկ ավելացնելու ձգտումը, այս ոլորտում պիտի իրավիճակը վերահսկվի,- հավելում է Վահրամ Միրաքյանը,- դեպքերը պիտի ստերիլ լուսաբանվեն, այնպես որ կրկնօրինակում չառաջացնեն»:
Մարիաննա Գրիգորյան
Medialab.am