Ադրբեջանի ԶՈՒ-ն Փառուխ ներխուժումից հետո շարունակել է ագրեսիվ գործողությունները Քարագլուխ բարձունքի տարբեր ուղղություններով․ տեղեկատվական շտաբ

Մարտի 26-ին ադրբեջանական զինված ուժերը Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ներխուժումից հետո, շարունակել են տեղաշարժերն ու ագրեսիվ գործողությունները ռուս խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում՝ Քարագլուխ բարձունքի տարբեր ուղղություններով:

Արցախի Հանրապետության զինված ուժերի կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ զսպող գործողություններ՝ հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով:

Քանիցս տեղի է ունեցել փոխհրաձգություն և թշնամու դիվերսիոն բնույթի գործողությունները կասեցվել են, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Ժամը 17:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի տվյալ հատվածում շարունակում է լարված մնալ, աշխատանքեր են տարվում ռուս խաղաղապահ զորակազմի հրամատարության հետ իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:

Շփման գծի մյուս հատվածներում իրավիճակը հանգիստ է»,- ասված է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ: