Բաքվի բանտի կտտանքներից` փախստականների կացարան. Գրետա Հարությունովան ասում է, որ հույսն է իրեն ստիպում ապրել

Բաքվի բանտի կտտանքներից` փախստականների կացարան. Գրետա Հարությունովան ասում է, որ հույսն է իրեն ստիպում ապրել
Բաքվի բանտի կտտանքներից` փախստականների կացարան. Գրետա Հարությունովան ասում է, որ հույսն է իրեն ստիպում ապրել

Բանտի խցի ցուրտ ու խոնավ նամշահոտ հատակը, գետնին անգիտակից պառկած` գլխի մոտ առնետների ու մկների խլվլալը, գլխին ու մարմնին ոտքերով պարբերաբար անխնա հարվածները, չորացած կես բուռ հացն ու երեխաների կարոտը:
59-ամյա Գրետա Հարությունյանը երկար տարիներ անց էլ չի կարողանում մոռանալ այն կտտանքները, որին ենթարկվել է Բաքվի բանտում եղած երկու ամիսների ընթացքում, իր տունը Բաքվում, քրոջ մատնությունը:
Ադրբեջանից բռնի տեղահանվածներին օթևանած Երևանի հյուրանոցներից մեկի փոքրիկ իր սենյակում նա մտովին թերթում իր կյանքի դառը էջերը, տխուր նայում հնամաշ պատերից կախված` երեխաներից միակ հուշ մնացած և արդեն խունացած սև-սպիտակ լուսանկարներին:

Ծնվել է Բաքվում: Այնտեղ էլ ամուսնացել է ադրբեջանցու հետ: Միասին ապրել են 14 տարի: Հինգ զավակ են ունեցել, որոնցից երեքը մահացել են: Այժմ կենդանի են երկու դուստրերը, որոնց մասին նա երկար տարիներ` ոչինչ չի լսել:

Գրետան պատմում է, որ երբ Ադրբեջանում սկսվեց հակահայկական լարվածությունը, ադրբեջանցի ամուսինն առաջարկեց կնոջը մեկնել Կիև: Պայմանավորվել էին, որ երբ իրավիճակը մի քիչ խաղաղվի, նա պետք է վերադառնա:

«Ամուսինս ինձ տվեց փող, անձնագիր, պայուսակ, հաց և ուղարկեց ոստիկանության բաժանմունք: Հետո մեզ տարան օդանավակայան: Այստեղ փոքրիկ միջանցք սարքեցին, որպեսզի մենք անցնենք»,- «Մեդիալաբին» պատմում է նա:

«Գնացի Կիև, որ աղջիկներիս գոնե ձեռք չտային, ու այնտեղ մնացի մի քանի տարի: Ինձ տեղավորեցին փախստականների համար հատկացված հյուրանոցում, հետո աման լվացողի հայտարարություն տեսա. սկսեցի աշխատել: Աշխատում էի ու պասիլկաներ ուղարկում երկու աղջիկներիս»,- պատմում է Հարությունովան:

Պատմում է, որ վաստակած փողի մի մասն էլ միշտ ուղարկում էր ամուսնուն, որպեսզի նա երեխաների հոգսը հոգա:

Չդիմանալով երեխաների կարոտին`Գրետան պատմում է, որ 1993-ին կրկին վերադարձել է Բաքու:

«Վերադարձա, իսկ ամուսինս, պարզվեց, արդեն ամուսնացել էր: Հետո բաժանվեց, երրորդ անգամ ամուսնացավ: Ես Բաքվում հարազատ քույր ունեի: Նրա ամուսինն էլ էր ադրբեջանցի, բայց քրոջս ոչ մի տեղ չէր թողնում: Ոչ ոք չէր կարող նրան ձեռք տալ: Գնացի քրոջս մոտ, այստեղ էլ հանդիպեցի երեխաներիս, բայց նա ինձ դուրս հանեց: Ասաց` չեմ ուզում քո պատճառով խնդիրներ ունենալ: Իսկ ընդհանուր առմամբ մոտ 4 ամիս Բաքվում թաքուն ապրում էի, երեխաներիս հետ հանդիպում»,- պատմում է Գրետան:

«Հետո քույրս ինձ մատնեց: Ինձ դուրս հանեց տնից` գոռում էր` գնա~, թե չէ ինձ էլ են ուզում հեռացնել այստեղից: Ասում էի` Սվետա, գնալու տեղ չունեմ, փող չունեմ, որ գնամ, ինքն էլ ասում էր, ես էլ փող չունեմ ու իրա ընկերուհիներից մեկին ասաց, որ ադրբեջանցիները գան, ինձ տանեն: Ինձ վերցրին որպես գերի ու երկու տարի պահեցին Բաքվում` Բինագադի կոչվող տեղում»,- պատմում է Հարությունովը և վերապրում տարիներ առաջ ողջ զգացածը:

1993-ի հոկտեմբերի 19-ից մինչև 1995-ի մարտի 24-ը նրան գերի են պահում, որի ընթացքում ադրբեջանցիները նրան ենթարկում են բազմաթիվ տանջանքների, նվաստացումների, ծեծի և բռնության:

«Ինձ այնպես էին խփում ոտքերով իրենց էդ կոշտ սապոգներով, որ երկու մետր հեռու էի թռչում, ցավից նույնիսկ տակս էի անում: Մի անգամ ադրբեջանցիներից մեկը պեպելնիցայով ուժեղ խփել էր դոշիս, դրանից հետո քանի տարի ցավում էր: Հարց տալուց որ պատասխանում էի իրեն, ինձ ասում էր` ադրբեջաներեն մի խոսի, դա իմ լեզուն է, դու իրավունք չունես խոսելու, հայերեն խոսի: Ես էլ հայերեն այդ ժամանակ չգիտեի, այստեղ եմ եկել, նոր սովորել»,- ասում է Հարությունովը:

Նա պատմում է, որ ցուրտ խցերում առնետների ու մկների հետ է ապրել:

«Այդտեղ 11 հայ կար: Նրանցից մեկը ` Էդիկը, հենց խցում էլ մահացավ»,- հիշում է նա:

«Էնքան են ծեծել, որ հիմա այ սենց հիվանդ եմ ու առողջական խնդիրներ ունեմ: Իրանք մեզ շների նման էին վերաբերվում, տանջում էին, ինչպես ուզում էին: Ես այնտեղ համարյա խելքս թռցնում էի»,- ասում է Հարությունովը և հավելում, որ մեկ օրվա համար ուտելիք էին տալիս` կես կտոր հաց, մեկ բաժակ թեյ առավոտյան ու երեկոյան:

Ողջ մղձավանջն ու տանջանքներն ավարտվում են 1995-ին, երբ միջազգային Կարմիր խաչ ընկերությունը Գրետա Հարությունովային մյուս գերիների հետ դուրս է հանում և իր ցանկությամբ տեղափոխում Երևան:

Նա Երևանում սկսում է ապրել, աշխատել մոր և եղբոր հետ: 1997-ին տեղափոխվում է փախստականների համար նախատեսված «Նաիրի» հյուրանոց ու մինչ օրս ապրում այնտեղ:

Մեկսենյականոց բնակարանում նա արդեն 11 տարի է` ապրում է երկրորդ ամուսնու՝ 55-ամյա Սամվելի հետ:

«Սամվելը եթե չլիներ, ես հիմա կարող է մահացած լինեի: Արդեն 10 տարի` մենք միասին ենք: Նա ինձ երեխայի պես է պահում: Ոչ թե որպես կնոջ, այլ որպես տիկնիկի: Ինձ համար ամեն ինչ անում է»,- պատմում է Գրետան:

Առողջական խնդիրների պատճառով նա օրվա մեծ մասն անկողնում է անցկացնում, քայլում է քայլակով կամ ձեռնափայտով:

Սոցիալական դժվարությունների մեջ, մաշված պատուհանների արանքից քամին ճեղքում է և ներս թափանցում, կիսացուրտ սենյակում միայն քարի փոքրիկ ջեռուցիչն է տաքացնում: Սամվելն աշխատում է որտեղ պատահի` շինարարության վրա, շշեր է հավաքում: Գրետան 31.500 դրամ թոշակ ու նպաստ է ստանում:

«Ձմռանն է միայն դժվար գործ գտնելը, հիմա Սամվելը չի աշխատում»,- ասում է նա ու նորից վերհիշում Բաքվում ապրած իր կյանքի տարիները, կարոտած ու հուզմունքից դողդողացող ձայնով պատմում դուստրերի մասին:

«Վերջին անգամ, որ 1993-ին աղջիկներիս տեսել եմ, մեծս՝ Մարինան, 13 տարեկան էր, փոքրս՝ Նաիլիան՝ 6: Հիմա ոչ մի կապ չկա, 17 տարի է` ոչ լսել եմ նրանց ձայները, ոչ տեսել: Գոնե լսեի, իրանցից մի նոր բան իմանայի: Իմ թոռանը չեմ տեսել, աղջիկներս էլ արդեն մեծ կլինեն: Ինչպես կուզեի իրանց տեսնեի կամ գոնե ձայները լսեի, չէ՟ որ ես եմ իրենց ծնել, նրանք իմ երեխաներն են, ես եմ իրանց դաստիարակել»,- ասում է Հարությունովան և սրբում տխրությամբ ու տառապանքով լի աչքերից հոսող արցունքները:

Նա նշում է, որ վերջին անգամ խոսել է մեծ դստեր հետ Երևան գալուց հետո: Միջազգային լրագրողներից մեկը հոդված պատրաստելու համար հեռախոսակապ է հաստատել Բաքվում գտնվող աղջկա հետ:

«Այդ ժամանակ խոսեցի և իմացա, որ աղջկաս ամուսինը մահացել է, նրան փախցրել էին 16 տարեկանում: Այդ ժամանակ խոսացի հետը, ու դրանից հետո էլ կապ չկա»,- ասում է Հարությունովան, ով հանուն ընտանիքի պահպանման շատ զոհողությունների է գնացել:

Երիտասարդ տարիքում պարուհի է  եղել: Ադրբեջանական երգ ու պարի անսամբլով հյուրախաղերի է մեկնել մի շարք երկրներ: Ադրբեջանցի ամուսնու խստաբարո հայացքները նրան ստիպել են ընտրություն կատարել ընտանիքի կամ տարիներով ձեռք բերված աշխատանքի միջև, և նա ընտրել է ընտանիքը:

Նա մեծ ցավով է պատմում նաև իր մյուս՝ երեք երեխաների մասին (մեկ տղա, երկու աղջիկ), որոնք ծնվել են մինչ երկու դուստրերի լույս աշխարհ գալը: Տարբեր առողջական խնդիրներ ունենալու հետևանքով երեքն էլ վաղաժամ մահացել են:

Հարությունովան ցույց է տալիս իր առաջնեկի՝ տղայի նկարը, որ փակցրել է պատին ու ասում, որ մինչև հիմա չի մոռանում, թե ինչպես է 6 տարեկանում ընկել ավտոմեքենայի տակ ու մահացել:

«Ու 14 տարի օրինական ամուսնությամբ ես ապրել եմ իմ ամուսնու հետ, բայց երբ որ ջարդերի ժամանակ իրան ասում էի, որ մենք կարող ենք ծախենք տունը, վերցնենք իրերը, գնանք Ուկրաինա, ուրիշ երկիր, ու մեզ ամեն ինչ կտան, տուն` մնալու համար, աշխատանք, մեր ընտանիքը կպահենք, մեր երեխաներին, դու կլինես կողքիս, ինքն ասում էր` ո՞նց թե, ես իմ Ադրբեջանը թողեմ-գնամ ռուսների մոտ: Բայց քանի-քանի ընտանիքներ այդպես գնացին»,- ասում է Հարությունովան ու մտքերով դեռ մնում անցյալի հիշողությունների հետ:

«Հույսն է, որ ինձ ստիպում է ապրել»,- հառաչում է նա:

Հետո փորձում է կողքին դրված սեղանից բռնել, դանդաղ անկողնուց ելնել և սենյակում մի քիչ քայլել: Այսպես նա գլորում է իր օրերը ամիսներ, տարիներ շարունակ և հոգու խորքում պահում այն հույսը, որ կգա մի օր, ու ինքը կտեսնի կամ կխոսի իր երեխաների հետ:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am