Ցանկացած փորձանք, որ բերում են ժողովրդի գլխին, ներկայացնում է որպես կոռուպցիայի դեմ պայքար. Մեսրոպ Առաքելյանը՝ հայտարարագրման մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը 

– Պարո՛ն Առաքելյան, սկսել եք եկամուտների համընդհանուր հայտարարագրումը չեղարկելու ստորագրահավաք: Ինչո՞ւ եք դեմ օրենքի այս փոփոխությանը, որովհետև Նիկոլ Փաշինյանն ասում է, որ այս քայլը ևս կոռուպցիայի կանխարգելման միջոց է դառնալու:

– Դե, Նիկոլ Փաշինյանի մոտ բոլոր քաղաքացիները պոտենցիալ հանցագործ են, ու ցանկացած փորձանք, որ բերում են ժողովրդի գլխին, ներկայացնում է որպես կոռուպցիայի դեմ պայքար: Վեց տարուց ավելի է՝ իր հայտնի կոռուպցիոներները շարունակում են իրենց բիզնես գործունեությունը Նիկոլ Փաշինյանի կառավարության շենքի մոտակայքերում, հետևաբար Փաշինյանը բոլորից լավ գիտի նրանց տեղը, անելիքներն ու իշխանության ներկայացուցիչների հետ կապերն էլ, հետևաբար հերթական այս շոուները ժողովրդի վրա ազդեցություն չունեն: 

Եթե տեսականորեն կան մի քանի հարյուր կամ հազար կոռուպցիոներներ, ապա նրանց բռնելու համար պետք չէ 2,5 միլիոն քաղաքացու հայտարարագիր լրացնել տալ, թող իրենց իրավապահ մարմիններով գնան բռնեն այդ մարդկանց, այլ ոչ թե միլիոնավոր քաղաքացիների սարքեն իրենց անգործության պատճառով ստեղծված իրավիճակի մասնակից: 

Մյուս կողմից էլ՝ այս հայտարարագիրն աբսուրդ է, այսինքն՝ պետական ֆունկցիայի գլխավոր նպատակը քաղաքացու շահերի սպասարկումն է, հիմա իրենք ասում են, որ այս գործընթացով ո՛չ հարկ է ավելանում, ո՛չ ինչ-որ խնդիր է առաջանում: Բա եթե ոչ մի բան չի փոխվում, ինչո՞ւ եք այս ժողովրդին տանջում, իմաստը ո՞րն է: Եթե սրանով ոչինչ չի փոխվում, ապա ստացվում է, որ սա հերթական անմիտ ու առանց խոր վերլուծությունների իրականացվող գործընթաց է: Հանրային մեծ ճնշման արդյունքում էլ երեկ ՊԵԿ նախագահն անհասկանալի, առանց վերլուծությունների, առանց բացատրությունների, իրար խառնված ասում է՝ 300 հազար դրամը չգերազանցող գումարը չպետք է հայտարարագրել, բա եթե հայտարարագիր են լրացնում, ինչպե՞ս պետք չէ: Մի խոսքով՝ սա հերթական փնթի ռեֆորմն է, որի միակ տուժողը, ինչպես միշտ, քաղաքացին է լինելու: 

– Եթե ասում եք՝ ոչինչ չի փոխվում, այդ դեպքում ի՞նչ նպատակով է արվում այս փոփոխությունը: 

– Ունակ չեմ մեկնաբանելու այս իշխանությունների ֆանտաստիկ մտքերը: Լսել են, որ այդպիսի բան կա, բայց չեն հասկացել բուն էությունը, որովհետև երբ նայում ես այս մարդկանց կենսագրությունը, հասկանում ես, որ այս մարդիկ տնտեսությունից, ֆինանսներից տարրական գիտելիքներ չունեն, հետևաբար միամտություն է կարծել, որ իրենք կարող են հարկային ռեֆորմներ անել: Սա լուրջ խնդիրներ է առաջացնելու, ու վստահ եմ, որ մեծ դժգոհություններ է առաջ բերելու:

– Պարո՛ն Առաքելյան, ի՞նչ խնդիրներ է առաջացնելու, ավելի մանրամասն կներկայացնե՞ք, որ քաղաքացին էլ պատկերացում կազմի ու հասկանա, թե ինչո՛ւ պետք է այս փոփոխությանը դեմ լինի:

– Ընդհանրապես, երբ քաղաքացին ինչ-որ պետական գործընթացի մեջ է մտնում, դրա հաշվարկն այն է, որ պետությունը դրա հաշվին ինչ-որ բան է ունենում, որը հետո ծառայում է քաղաքացուն: Հիմա, թոշակառուները, որ 70 կամ 80 հազար դրամի հայտարարագիր են լրացնում, ուզում եմ հասկանալ՝ դրանից պետությանն ի՞նչ օգուտ, որն էլ հետո պետք է ծառայի քաղաքացուն, զրո օգուտ: 

Մարդիկ պետք է գնան այդ նույնականացման համար ինչ-որ էլեկտրոնային գործընթացի մեջ մտնեն, գումար վճարեն, քաղաքացիների մեծ մասը կդժվարանա այս ինտերնետ տիրույթում նման բարդ հաշվետվություն լրացնել: Այսինքն՝ էս դժվարությունները, ֆինանսական ծախսերը՝ 30 տոկոս աղքատ բնակչության համար: 

Ասում են՝ այսինչ բանը չի հարկվում, մարդկանց մեջ սակայն վստահության պակաս այս կա իշխանության նկատմամբ, այսօր չի հարկվում, վաղը կորոշեն հարկել: Մարդիկ կխուսափեն բանկային գործարքներ անելուց, ինչքան էլ ասում են՝ դրանք չհարկվող են, սա բերելու է բանկային համակարգից դուրս ստվերի շատացմանը, վերացրել են բանկային գաղտնիքը, բանկային հաշվի քաղվածքը հասանելի է լինելու, այսինքն՝ մարդը չունի այդ անվտանգության զգացողությունը: Դա ևս մեկ խնդիր է, որպեսզի խուսափեն բանկով գործարքներ անելուց: Հետևաբար, սա մեծ գործընթաց է, որը շղթայական բացասական հետևանքներ է ունենալու քաղաքացիների ու տնտեսության վրա:

– Բանկային գաղտնիքի վերացումը մարդու իրավունքների խախտում չէ՞:

– Դե, մի քանի շաբաթ առաջ օրենքը փոխեցին, որ հայտարարագիր ներկայացնող քաղաքացիների քաղվածքնեը ՊԵԿ-ը կարող է պահանջել, ու եթե չտան՝ դատարանով կվերցնի: Մեծ հաշվով, սա մարդու իրավունքների խախտում է, նաև՝ անձնական տվյալների: Իրավական տեսանկյունից սա շատ խնդրահարույց է:

– Բոյկոտը հաջողվելո՞ւ է:

– Երբ այս իշխանության վարած քաղաքականությունը գալիս հասնում է քաղաքացու գրպանին, միշտ էլ արձագանք լինում է, հուսով եմ, որ լայն մասսաները կարձագանքեն, ու, ի վերջո, իշխանությունն էլ կհասկանա, որ իր անմիտ բռնապետությունը ինչ-որ պահի պետք է դադարի: Հուսով եմ, որ այս ամեն ինչը կբերի նրան, որ քաղաքացիներն էլ կհասկանան, որ այս ամենից ազատվելու առաջին ձևն այս իշխանությունից ազատվելն է:

– Կարծում եք, որ այս գործողությունը բռնապետական իշխանությա՞նն է բնորոշ:

– Ընկել են քաղաքացիների հետևից՝ առանց մարդու շահը հաշվի առնելու, բա սա ուրիշ ի՞նչ է, եթե ոչ բռնապետություն: Իրենց անհասկանալի կապրիզների դրսևորումն է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am