Հայաստանը բարկացրե՞լ է Ալիևին՝ մերժելով Սյունիքում միջանցքի հնարավորությունը. մեկնաբանում է ադրբեջանագետը

Տարոն Հովհաննիսյան
Լուսանկարը՝ «Սիվիլնեթ»

Ակնհայտ ագրեսիա էր՝ ուժի սպառնալիքի կիրառմամբ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքների նկատմամբ: Այսպես է բնութագրում ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունը այդ երկրի հանրային հեռուստաընկերության եթերում: 

Ադրբեջանի նախագահը, մասնավորապես, հայտարարել էր. 

«Եթե Հայաստանը չի համաձայնում Զանգեզուրի միջանցքի կառուցման հարցում, ապա Ադրբեջանը դա կանի ուժով»: 

Նա հիշեցրել է Արցախյան պատերազմը, երբ Ադրբեջանն ուժով ստիպել է հայերին լքել իրենց տները:

«Նման ճակատագիր սպասում է նաև Զանգեզուրին»,-հայտարարել է Ալիևը:

Տարոն Հովհաննիսյանը «Մեդիալաբի» հետ զրույցում հակադարձում է՝ միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերն այլ բան են ասում. 

«Որևէ մի պետություն չի կարող մեկ այլ սուվերեն պետության ստիպել վերջինիս տարածքում ինչ-որ բանի թույլտվություն տալ-չտալու համար, որովհետև դա ամբողջությամբ տվյալ սուվերեն պետության իրավասությունն է»:

Նրա դիտարկմամբ՝ այդ երկրի ղեկավարը նման հայտարարությամբ ցույց է տալիս, որ իրենց համար կարևոր չեն միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները:

«Ադրբեջանի պահանջն է, մասնավորապես՝ Սյունիքի տարածքով անցնելիք երկաթուղու նկատմամբ կարգավիճակ կամ իրավունք ունենալը, ինչը ենթադրում է Հայաստանի տարածքի բռնազավթում: 

Սակայն Հայաստանի արտաքին գործերի նախարարության նախկինում արած մի քանի հայտարարություններից պարզ է դարձել, որ որևէ միջանցքի մասին խոսք չի եղել, և նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ էլ այդ մասին խոսք չկա: Հայկական կողմի դիրքորոշումներից հայտնի է դառնում, որ Հայաստանը մերժում է հնարավոր միջանցքի գոյությունն ու դրա նկատմամբ Ադրբեջանի իրավունքների հնարավորությունը»,- ներկայացնում է ադրբեջանագետը:

Հարցին, թե այսինքն՝ Ալիևին բարկացրել է հայկական կողմի վարքագի՞ծը, որ նա երեկ նման հայտարարություն է արել, Տարոն Սիմոնյանն արձագանքում է.

«Այո՛, նա ցանկանում է ստանալ ամեն ինչ: Ըստ էության, այդպես է ստացվում, երբ հայկական կողմը հրաժարվում է նման պահանջներից, ապա Ադրբեջանը դիմում է ուժի սպառնալիքի կիրառմանը, այսինքն՝ սպառնում է ուժի միջոցով լուծել խնդիրը»:

Հովհաննիսյանը չի կարծում, թե նման հայտարարությունն արվել է ներքին լսարանի համար. 

«Միայն ներքին լսարանի համար պետական հեռուստաընկերությամբ հարցազրույց չեն տա, որը տարածվի բոլոր ալիքներով ու տարբեր լեզուներով»:

Նրա խոսքով՝ պետք է այդ հայտարարությունն ընդունել ի գիտություն ու ինտենսիվորեն պատրաստվել ցանկացած սցենարի, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ արտաքին դաշտում ակտիվ աշխատանքների միջոցով:

«Բացի այդ, պետք է փորձել վերականգնել բանակը, կարգի բերել ռազմական ռեսուրսը ու մյուս ոլորտները: Պետք է պատրաստվենք անընդհատ ու տարբեր ոլորտներում, որովհետև Ադրբեջանից ռազմական ագրեսիա միշտ էլ սպասելի է», -նշում է Տարոն Հովհաննիսյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am