Աշխատում ենք Մինսկի խմբի շրջանակում՝ նպաստելու ԼՂ հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը․ ԵԱՀԿ գլխավոր քատուղար

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ բանակցությունների ժամանակ բացման խոսքում նշել է, որ ԵԱՀԿ-ն մեծ ներուժ ունի՝ ընդհանուր Եվրոատլանտյան խնդիրների շուրջ հավասար երկխոսության և դրանց կարգավորման համար հավաքական դրական լուծումների հարթակ դառնալու, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Հուսով եմ, որ Ռուսաստանում գտնվելու ընթացքում, Ձեր այլ միջոցառումների շրջանակում, կկարողանանք մանրամասն կարծիքներ փոխանակել ԵԱՀԿ ներկա գործունեության վերաբերյալ 3 ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական-էկոլոգիական և մարդու իրավունքների։ Հարցերի ևս մեկ մեծ բաժին հակամարտություններն են, որոնց կարգավորմանը նպաստում է ԵԱՀԿ-ն․ նկատի ունեմ ներուկրաինական, ղարաբաղյան, մերձդնեստրյան հակամարտությունները, Ժնևյան քննարկումները՝ Հարավային Կովկասի մասով»,- ասել է Սերգեյ Լավրովը։

Իր հերթին ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից՝ նշելով, որ մտադիր են այսօրվա հանդիպմանն անդրադառնալ «որոշ այլ հակամարտությունների»։

«Մենք աշխատում ենք Մինսկի խմբի շրջանակում, որպեսզի նպաստենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը։ Մենք նաև կքննարկենք կարգավորման գործընթացը, որը նույնպես ցույց է տալիս, որ ԵԱՀԿ-ն աջակցում է միջնորդությանը՝ որպես վստահության ամրապնդման գործողություն»,- ասել է Հելգա Շմիդտը։

Աղբյուր՝ Factor.am