Ֆրանսիայի իշխանությունները շուրջ 4000 մարդու են տարհանել Ատլանտյան օվկիանոսի ափի զբոսաշրջային գոտիներից՝ Բորդոյից արևմուտք տարածվող խոշոր անտառային հրդեհի վտանգի պատճառով։
Տարհանումը վերաբերում է Լականոյի շրջանի ճամբարներին, հանգստյան ավաններին, զբոսաշրջային կացարաններին և ժամանցի գոտիներին։ Հրդեհը Ժիրոնդայի շրջանում արդեն այրել է մոտ 42 հազար հեկտար տարածք, իսկ իշխանությունները զգուշացնում են, որ շոգի վերադարձը և խոնավության նվազումը կարող են կրկին ակտիվացնել կրակը։
Ֆրանսիայի հրշեջները գիշերվա ընթացքում կարողացել են զսպել կրակի տարածումը, սակայն իրավիճակը դեռ կայունացված է համարվում, ոչ թե լիովին վերահսկված։ Հրդեհի շուրջ ստեղծվել են հրդեհային պատնեշներ, բայց մխացող բուսականությունը և բարձր ջերմաստիճանը շարունակում են վտանգ ներկայացնել։
Իսպանիայում էլ իրավիճակը մնում է լարված․ երկիրը մտել է ամռան չորրորդ ջերմային ալիքի փուլ, իսկ մի քանի խոշոր հրդեհներ դեռ վերահսկողությունից դուրս են։ Իշխանությունների տվյալներով՝ տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել են, իսկ Մադրիդից արևմուտք գտնվող շրջաններում երկու խոշոր հրդեհներ ժամանակ առ ժամանակ մոտեցել են միավորվելու վտանգավոր սցենարին։ Այս մասին գրում է KMUW-ը:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ֆրանսիայում և Իսպանիայում հրդեհների պատճառով ընդհանուր առմամբ մոտ 330 հազար մարդ է տարհանվել։ Եվրոպական միությունը երկու երկրներին աջակցելու համար ներգրավել է հրդեհաշիջման օդանավեր և ուղղաթիռներ։



















